ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Եվրամիությունը լիովին պատրաստ է աջակցել Հայաստանին: Այսօր կառավարության նիստի սկզբում, ներկայացելով բրյուսելյան այցի արդյունքները, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«ԵՄ–ի հետ ունեցած համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում, և այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ–ն լիովին պատրաստ է մեզ արձանագրել բարեփոխումների օրակարգում: Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի ու ԵՄ միջև չկա որևէ աշխարհաքաղաքական օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ դեպքում»,- ասաց Փաշինյանը:
Աջակցության հիմնական ծրագրերի շարքում ՀՀ վարչապետն առանձնացրեց ճանապարհաշինական ծրագրերը` հավելելով, որ ՀՀ ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների:
Երկրորդ մեծ ծրագիրը Հայաստանում ջրամբարաշինության ծրագրերն են ու Սևանից մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը:
Փաշինյանն առանձնացրեց նաև սեյսմիկ դպրոցաշինության ծրագրերն ու դպրոցների արդիականացումը, արդարադատության համակարգի բարեփոխումները, մասնավորապես` ՔԿՀ-ների պայմանների բարելավման ծրագրերը:
Փաշինյանի խոսքով` ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր այս ծրագրերին, բայց ոչ 100 տոկոսով:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը պետք է դրանց մասնակցի սեփական կամ արտաքին միջոցների ներգրավմամբ:
«Ես իմ պատգամավորական գործունեության ընթացքում բոլոր վարկային պայմանագրերին, առանց բացառության քվեարկել եմ դեմ»,- խոստովանեց Փաշինյանը` նշելով, որ այդպես է վարվել, քանի որ չի վստահել կոռումպացված կառավարությանը: Բայց այսօր ստիպված է որոշում կայացնել նոր վարկային միջոցներ ներգրավելու համար:
«Մենք մեկ ամսվա ընթացքում ԿԲ հետ քննարկում ունենալու և այդ քննարկման արդյունքում պայմանավորվածություն ունենալու նախնական պայմանավորվածություն արդեն ունենք»,- ասաց Փաշինյանը` խոստանալով, որ դրանից հետո հարցը կդրվի նաև հանրային քննարկման ու կքննարկվի ԱԺ-ում:
Հիշեցնենք` Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Բրյուսել էր մեկնել մարտի 4-ին։