11:40 23 մարտի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.86
  • GBP636.57
  • EUR549.22
  • RUB7.58
Հայաստանի և Բուլղարիայի տրանսպորտի նախարարները

Հայ և բուլղար նախարարները գոհ չեն առևտրաշրջանառությունից. ի՞նչ քայլեր կձեռնարկեն նրանք

© Sputnik / Karine Harutyunyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Հայաստանի և Բուլղարիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 19.6 տոկոսով։ Երկու երկրի նախարարները մտադիր են քայլեր ձեռնարկել` ցանկալի արդյունքի հասնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի և Բուլղարիայի միջև 2018–ի արտաքին առևտրաշրջանառությունը, 2017–ի համեմատ, նվազել է 19.6 տոկոսով։ Այս մասին այսօր`մարտի 13-ին, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` չնայած Հայաստանում բոլոր ընտանիքներում հայտնի են բուլղարական գյուղատնտեսական արտադրանքը, պահածոները, ծխախոտը, սակայն երկկողմ առևտրային ցուցանիշները բավականին ցածր են։

«Հայաստանից Բուլղարիա արտահանումը 2018–ին նվազել է 23.8 տոկոսով, իսկ Բուլղարիայից Հայաստան ներմուծումն ավելացել է 9.5 տոկոսով։ Կարծում եմ` երկու երկրների գործարարների միջև կապերի ստեղծումն ու ամրապնդումը կնպաստի Բուլղարիայի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը»,–ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց նաև, որ քայլեր են իրականացվում ենթակառուցվածքների բարելավման և առկա հնարավորությունները լիարժեք օգտագործելու ուղղությամբ, ինչը տրանսպորտային բաղադրիչի արժեքն իջեցնելու հնարավորություն կտա։ Արշակյանը նշեց, որ Հայաստանն ու Բուլղարիան, բացի տնտեսական ոլորտից, համագործակցում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, կրթության, մշակույթի ոլորտներում։

Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովը նույնպես նշեց, որ նախ անհրաժեշտ է առևտրաշրջանառությունն ավելացնել, ինչն էլ կխթանի երկու երկրների մեջ ավելի սերտ կապերի հաստատումը։

Ժելյազկովի խոսքով` երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն այն մակարդակի չէ, ինչ կուզեին, և պետք է քայլեր անեն` ցանկալի արդյունքի հասնելու համար։

«Հայաստանի ու Բուլղարիայի ժողովուրդները վաղուց են բարեկամական հարաբերությունների մեջ, քանի որ մենք շատ նմանություններ ունենք։ Սակայն հայ–բուլղարական հարաբերությունները զարգացման նոր թափ են ստանում, ինչի վկայությունն են երկկողմ պաշտոնական այցերը»,–ասաց Ժելյազկովը։

Նա, խոսելով Բուլղարիայում ապրող հայերի մասին, նշեց, որ համայնքը բավականին մեծ է ու ակտիվ։

«Ավելի քան 12 000 հայ է ապրում Բուլղարիայում, և բոլորը հաջողակ բիզնեսմեններ են, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտի մասնագետներ։ Այս կապերը ևս պետք է օգտագործենք երկու երկրների զարգացմանը նպաստելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մեր հետաքրքրությանը Հայաստանի հանդեպ, ապա այդ մասին է փաստում հայկական շուկայում մեր ներկայությունը»,–ասաց Ժելյազկովը։

Նա ավելացրեց նաև, որ հայկական շուկայում ավելի քան 30 բուլղարական ընկերության առկայությունը վկայում է Հայաստանի հանդեպ Բուլղարիայի հետաքրքրությունը։

Ժելյազկովի խոսքով` Հայաստանը կարևոր միջանցք է համարվում Բուլղարիայի համար` ապահովելով ապրանքների արտահանումը դեպի Հեռավոր և Միջին Արևելք։

Հայ–բուլղարական հաջորդ համաժողովը տեղի կունենա 2021–ի առաջին կիսամյակում. Ժելյազկովն Արշակյանին հրավիրեց Բուլղարիա` համաժողովն այնտեղ անցկացնելու համար։

Համաժողովի ավարտին նշվեց նաև, որ ապրիլին տեղի կունենա հայ–բուլղարական արտգործնախարարների հանդիպում, որին էլ կհետևի Բուլղարիայի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան։

Գլխավոր թեմաներ