16:20 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
ԱԺ–ի մաքրուհիները

Ինչո՞ւ է կրճատվել ԱԺ–ի մաքրուհիների աշխատավարձը. պարզաբանում է «Քլիներսի» տնօրենը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
374 0 0

Ընկերության հիմնադիր տնօրենը կարծում է, որ երկու ժամ աշխատողն ու ամբողջ օրն աշխատողը նույնչափ չեն կարող վճարվել։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Ազգային ժողովում բողոքի ակցիա իրականացրած մաքրուհիներն աշխատում են առավոտյան ժամերին` ընդամենը երկու ժամ, այդ պատճառով էլ նրանց աշխատավարձը կրճատվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ–ի հետ պայմանագիր կնքած «Քլիներսի» հիմնադիր տնօրեն Գարուշ Պապիկյանը։

ԱԺ մաքրուհիները մարտի 22-ին բողոքի ակցիա էին կազմակերպել` դժգոհելով իրենց առաջարկվող նոր աշխատանքային պայմաններից։ Նրանց խոսքով` նախկինում իրենց ստացած 65–67 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, իրենց հիմա առաջարկում են 45 հազար դրամ աշխատավարձ։ Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺ–ում մաքրությունն ապահովում են 60 աշխատակից, որից 44–ն աշխատանքի են գնում առավոտյան ժամը 07։00-09։00–ը, իսկ 16 աշխատակից էլ 09։00-18։00–ն են աշխատում։

«Քանի որ բավական երկար ժամանակ է` ինչ շուկայում ենք, հասկանում եմ, որ 60 աշխատակից ԱԺ–ում չեն կարող ամբողջական` 8–ժամյա գրաֆիկով աշխատել։ Ճիշտ չի ստացվում, որ երկու ժամ աշխատողն ու մի ամբողջ օր աշխատողը նույնչափ վարձատրվեն»,– ասաց Պապիկյանը։

«Քլիներսի» տնօրենի խոսքով` նախկինում որևէ ընկերություն չի զբաղվել ԱԺ մաքրուհիների հարցով, նրանք ԱԺ–ում աշխատել են որպես գրանցված աշխատողներ։ Անցած տարի Gnumner.am կայքում Ազգային ժողովը տեղի մաքրությունն ապահովվելու համար մրցույթ հայտարարեց, որին մասնակցեցին 7 ընկերություն։ Մրցույթին մասնակցելու պայմաններից մեկն էլ այն էր, որ ընկերությունները 1 դրույքաչափը 105 000 դրամ պետք է հաշվեն` «կեղտոտով»։

Նրա խոսքով` մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո դեկտեմբերի 11–ին ԱԺ–ի ու «Քլիներսի» միջև պայմանագիր է կնքվել։

«Մինչև ապրիլի 1–ից աշխատանքի անցնելը ես խոսել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանի հետ ու խնդրել հանդիպում կազմակերպել մաքրուհիների հետ։ Երկուշաբթի հանդիպել եմ նրանց հետ ու, իրավիճակին ծանոթանալով, հարցրել եմ` եթե մի աշխատող գալիս է առավոտյան 7-9–ը, իսկ մյուսը 9-18–ը, նորմա՞լ է, որ նույն չափով են վարձատրվում։ Ինձ նրանք պատասխանել են` ոչ, գոհ չեն աշխատավարձի նման բաշխումից»,–ասաց Պապիկյանն ու ավելացրեց, որ ինքն էլ նախատեսված 105 000 դրամը բաժանել է աշխատաժամերի միջև, ու ստացվել է, որ 2 ժամվա համար նրանք ամսական պետք է 40 000 դրամ ստանան։

Պապիկյանի խոսքով` երեկ նույնպես հանդիպել է ԱԺ մաքրուհիների հետ ու առաջին հերթով աշխատողներին ժամը 10–ից հետո մեկ այլ աշխատանք առաջարկել։ Ըստ նրա` երկրորդ աշխատանքից նրանք շուրջ 70 000 դրամ աշխատավարձ կարող են ստանալ, սակայն վերջիններս հրաժարվել են այդ առաջարկից։

«Իրավիճակն այսպիսին է` առավոտյան երկու ժամ աշխատողների աշխատավարձը 40 000 դրամ է։ Նրանք, ի դեպ, երկրորդ աշխատանք էլ ունեն մեծամասամբ։ Իսկ երկրորդ հերթ, այսինքն` 9։00-18։00–ն աշխատողները նույնչափ կվարձատրվեն, ինչ նախկինում` 80 000 դրամ։ Սոցփաթեթ մենք չենք տրամադրելու, քանի որ այն պարտադիր պայման չի եղել։ Սակայն աշխատանքային պայմանագրով սահմանված բոլոր նորմերը պահպանվելու են` վերջնահաշվարկ, արձակուրդային և այլն»,–ասաց Պապիկյանը։

Տնօրենը հավաստիացրեց, որ իրենք որևէ կրճատում չեն նախատեսում և երկուշաբթի կրկին հանդիպելու է Ազգային ժողովի մաքրուհիների հետ, որպեսզի իրենց վերջնական անելիքը որոշեն։

Պապիկյանը նշեց նաև, որ ԱԺ–ից ուզել է մաքրուհիների փետրվարյան այցելությունների մասին տեղեկությունը, որպեսզի հասկանա` ինչպես են աշխատում։

«Եթե երկուշաբթի էլ համաձայնության չգանք ու նրանք հրաժարվեն աշխատել, ապա մենք պետք է գրավոր դիմումներ վերցնենք, որ հրաժարվում են, ես էլ արդեն իմ սպասարկող անձնակազմից մարդիկ կընդգրկեմ այդ գործում։ Ես որևէ մեկին չեմ կարող ստիպել աշխատել մեզ հետ։ Երկու ժամ աշխատողը չի կարող 80 000 դրամ ստանալ. պետական համակարգում 1–ին և 2–րդ կարգի մեր աշխատողները ստանում են 100 000 դրամ, և նրանք ունեն բարձրագույն կրթություն։ Ես, ճիշտ է, չեմ թերագնահատում իրենց աշխատանքը, բայց այդպես էլ ճիշտ չէ»,–ասաց Պապիկյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ–ի մաքրուհիներից մեկն ապրիլի 22-ին բողոքի ակցիայի ժամանակ վստահեցրել էր, թե իրենց խաբել են, ի սկզբանե չեն ասել, որ գործատուն և աշխատանքի պայմանները պիտի փոխվեն, իսկ իրենք հայտարարված և անցկացված մրցույթի մասին բավական ուշ են իմացել։

ԱԺ–ի մաքրությունն ապրիլի 1-ից կիրականացնի «Քլիներս» մասնավոր ընկերությունը։

Ըստ թեմայի

Որքան աշխատավարձ են ստանում կրթության ոլորտի աշխատակիցները
Տաջիկ բամբակագործներն աշխատավարձ են պահանջում հայ գործարարից, նա հերքում է մեղադրանքները
«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին
Ավելի քան կես տարի աշխատավարձ չեն ստացել. ինչպե՞ս են իրենց զգում զանազան պաշտոնյաները
թեգերը:
ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ