05:07 24 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD481.56
  • GBP626.56
  • EUR542.00
  • RUB7.56
Կիրակոսյան Հովսեփի որդիները

Որն է պատերազմի արժեքը, և որն է խաղաղության գինը. հարցրու 6-ամյա Գեղամին

© Sputnik / Elmira Tevanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
57430

Գեղամի սիրելի խաղալիքը հրացանն է: Կրակում է ամբողջ օրը: Կրակում է թուրքին: Կրակում է ու խաղալիք հրացանի արձակած ձայները խառնվում իր արձակած « դը- դը -դը»- ներին: Թվացյալ թշնամու դերում էլ փոքր եղբայրն է՝ հնգամյա Էրիկը:

Էլմիրա Թևանյան, Sputnik Արմենիա

Արմավիրի մարզի Ապագա գյուղի իրենց տուն մտնող  հյուրին եղբայրներն առաջինը տանում են հերոս հայրիկի անկյունը. անգիր գիտեն բոլոր իրերի պատմությունը. մեդալներից որը ինչի համար է ստացել նա. «Էս մեդալը պապայիս տվել են, որ ինքը կռվելա, որպես հերոս։ Էս մյուսը Ղարաբաղում են տվել, էլի որպես հերոս»,–  պահարանում խնամքով պահված պատմությունն է պատմում Գեղամը։ Հետո պատմում է ու ցույց տալիս, թե  թշնամու հետ ինչպես է կռվել իր հայրը։ Հետո  վիրավորվել  է ու զոհվել: Հոր վերջին բառերն էլ անգիր գիտեն.

«Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»,- ասում է թոթովախոս Էրիկը:

Гегам, сын капитана Овсепа Киракосяна, в школе
© Photo : provided by Hovsep Kirakosyan's family
Փոքրիկ Էրիկը` իր հոր անունը կրող դասարանում

Չարաբաստիկ ապրիլի 2 –ից երեք տարի անց Գեղամը, արդեն իր հոր`Հովսեփի Կիրակոսյանի անունը կրող դպրոցում ընկերներին պատմում է հոր քաջության մասին: «Ես, մամաս  ու Էրիկը կրակրոցների, պայթյունների տակ  նստեցինք մի մեքենա, որը վարում էր պապայիս ընկերոջ կինը, ու ինքը էդքան էլ լավ չէր կարողանում քշեր։ Բայց մենք հասանք ուրիշ գյուղ, որտեղ կրակոց չկար»,–  պատմում է Գեղամը` չթաքցնելով, որ ճանապարհին և՛ գոռացել են վախից, և՛ լացել։ Պատմում է, թե ինչպես  հայրիկն այլևս  չպատասխանեց իրենց  զանգերին: 

«Պապաս մեզ համբուրեց, խոստացավ,  որ շուտ կգա: Ու չեկավ»,- ասում է Գեղամը:  Հուզված ուսուցչուհու և քար լռությամբ իրեն լսող համադասարանցիների մոտ խոստանում է շարունակել  հոր պատմությունը:

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը Մատաղիսի ինժեներա-սակրավորային վաշտի (ԻՍՎ) հրամանատարն էր: Ապրիլի  1-ի գիշերը, թշնամու հարձակման լուրը լսելով, երեխանին ու կնոջը թողնելով տանը,  վազել էր զորամաս՝ զինվորների մոտ: Իր 25 տղաներին (այդպես էր ասում իր զինվորներին ու հոգ տանում նրանց մասին, ինչպես իր երեխաների) տեղափոխելուց հետո շտապել էր ընկերներին օգնության: Մինչև վերջ: Ու զոհվել էր:

Հակառակորդի հետ ծանր ու դժվար մարտում վիրավորվել էր. մինչև վերջին պահը ընկերների կողքին էր եղել. անգամ արնաքամ լինելով՝ նրանց հորդորել է. «Տղե՛րք, ես լավ եմ: Դուք կռվե՛ք»:

Հովսեփի վերջին բառերը  հայրենի բնակավայրում` իր անվան պուրակում, հուշարձանի վրա են հավերժացել:

Ո՞րն է պատերազմի արժեքը... Ո՞րն է խաղաղության գինը...

Պատերազմը շատ թանկ է ոչ միայն ռազմատեխնիկայի, զենք-զինամթերքի  առումով: Պատերազմի համար ժողովուրդները  շատ ավելի թանկ են վճարում՝ իրենց անգին զավակների արյամբ:

Сыновья Овсепа Киракосяна Эрик и Гегам
© Sputnik / Elmira Tevanyan
Հովսեփ Կիրակոսյանի որդիները

Իսկ խաղաղության գինն էլ չի կարող անգին արյամբ պահած հողերի վերադարձը լինել:

Ժողովուրդներին խաղաղության պատրաստելը չի կարող ենթադրել այդ տարածքների գնով խաղաղություն: Այն տարածքների, որոնց ոչ մի դիրքը չզիջելու համար զոհվեցին մեր տղաները՝ եղբայր, ամուսին, հայր…

Եղբայր, ամուսին, հայր...

2016-ի ապրիլի 2-ի 3-րդ տարին է: Երեք տարում երեք նախարար է փոխվել: Երեք նախարարներն էլ ստացել են Կապիտան Կիրակոսյանի կնոջ` Մարիամի նամակը՝ ընդառաջել և լուծել հերոսի  զավակների համար բնակարանի խնդիրը:  Պետությունն, իհարկե, մեկ անգամ առաջարկեց  4  մլն դրամի դիմաց գտնել բնակարան, որի համար կվճարի, բայց հարցն այդպես էլ մնաց: 8 հազար դոլարով բնակարան գտնելն այնքան էլ հեշտ չէր: Բնակարան գտնելու նշված ժամկետն ավարտվելուց հետո պատմությունն էլ ավարտվեց: Պետությունն այլևս ոչինչ չունի ասելու այդ երեխաներին և կապիտանի կնոջը:

Երեք նախարարներից  ոչ ոք այդպես էլ չի արձագանքել Հովսեփի կնոջ՝ Մարիամի խնդրանք-նամակին: Ռազմական կառույցից  ոչ մի պաշտոնյա չի հետաքրքրվել, թե երեխաները որտեղ են ապրում, ինչպես են ապրում, ինչով են ապրում: Այս ընտանիքն այլևս պետությանը հարկավոր չէ՞:

Гегам, сын капитана Овсепа Киракосяна
© Photo : provided by Hovsep Kirakosyan's family
Գեղամ Կիրակոսյանը

էլ ո՞վ , եթե ոչ ես

Կապիտան Հովսեփ Կիրակոսյանը ծառայում էր Հայաստանին, ծառայում էր օրինակելի սպայի պես՝ երբեք չթաքնվելով ավելի ապահով կետերում։ «Երբ մեր երեխաներն արդեն ծնվել էին և փոքր էին, ավելի ապահով բնակավայր  տեղափոխվելու մասին, երբեմն, մտածում էի, բայց երբեք չեմ ասել Հովսեփին։  Գիտեի, որ նա չէր համաձայնի։ Մենք պարզապես միշտ իր կողքին ենք եղել։ Ու շատերն էին ասում՝ երկու փոքրիկների հետ առաջնագծում դժվար կլինի, բայց  Հովսեփը  ոչ ոքի չէր լսում»,– պատմում է Մարիամը։ 

Կապիտանի ընտանիքն ապրում էր Մատաղիսում, ապրում էր սպայի ստացած «խեղճ» աշխատավարձով ու երբեք չէր տրտնջում:

Овсеп Киракосян
© Photo : provided by Hovsep Kirakosyan's family
Հովսեփ Կիրակոսյանը

«էլ ով, եթե ոչ ես: Ես օրինակ եմ ուզում ծառայել: Այո՛, հենց ես իմ ընտանիքով, իմ տղերքով պետք է սահմանին ապրեմ: Թշնամին պետք է իմանա, որ այստեղ ապրում են, ծխնելույզները ծխում են, ու մենք  այստեղ ենք»,– կապիտանի բառերն է հիշում Մարիամը:

Ապրիլյան պատերազմից  մեկ ամիս առաջ կապիտանի ընտանիքը տեղափոխվել էր Մատաղիսում սպայական կազմի համար  նախատեսված նորակառույցը։

«Չէինք հավատում, որ վերջապես բնակարանի վարձ չենք վճարելու, անընդհատ չենք տեղափոխվելու մի բնակավայրից մյուսը»,–ասում է Մարիամը։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց. ապրիլյան պատերազմով ամեն ինչ ավարտվեց: Նրանք  չհասցրեցին ապրել նոր բնակարանում` հանձնեցին բանալիներն ու վերադարձան Հայաստան։   

Բնակարանի խնդիրը կարգավորելու հարցում  կապիտանի կինը փորձում է չհուսալքվել, չհիասթափվել։ Ասում է՝ զինվորականի կինը, ապագա զինվորների մայրը պետք է ամուր լինի։ Տարիների ընթացքում ինքն էլ է կոփվել. զինվորականի կին, այն էլ սակրավորի, երբ մահն ամեն վայրկյան դարանած է հողի տակ։ «Ամեն օր աղոթում էի, որ ոչինչ չպատահի, ամեն օր  վախը սրտումս սպասում էի։ Եվ խաղաղվում էի միայն, երբ տուն էր մտնում»,– հուզված պատմում է Մարիամը։

Կապիտանի կինը  զինվորական ամուսնու պես փորձում է նաև լավատես լինել. «Անգամ ամենավատ իրավիճակում, միևնույն է, լավատես էր Հովսեփը։ Միշտ ասում էր՝ Մարիամ լավ է լինելու, վաղը հաստատ ավելի լավ օր է լինելու, վաղն ավելի ապահով ու լավ Հայաստան ենք ունենալու։ Ասում էր`  խաղաղության համար միշտ պիտի զենքը ձեռքիդ պահես և ուժեղ լինես»,–պատմում է Մարիամը։

Ի վերջո, ո՞րն է խաղաղության գինը՝  հարցրու 6-ամյա Գեղամին. նա հրացանը ձեռքին, հորից ժառանգած խաժ աչքերն առանց թարթելու «դը- դը- դը» կանի ու կպատասխանի՝ ես զինվոր եմ դառնալու, ես պապայիս  տեղն  էլ եմ կռվելու, մենք թուրքին հաղթելու ենք, մենք ուժեղ ենք ...

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադարից ի վեր հայկական կողմն ունեցել է շուրջ 9700 զոհ: Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածները հարյուրից ավելի են…

Ըստ թեմայի

Հպարտ եմ, որ իմ առջև նստած են հաղթանակած բանակի զինվորները. ՀՀ նախագահն այցելել է Թալիշ
Եթե Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից. Փաշինյան
Ապրիլյան պատերազմի մասնակիցները ՀՀ բուհերում զեղչ կստանան
Ապրիլյան պատերազմում ոտքերից զրկված Դավիթն ամուսնացավ. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ