ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Դատարանը որոշել է կալանավորել մարտի 30-ին ձերբակալված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը։
«Փոխնախարարի նկատմամբ երկու ամսով կալանք է կիրառվել»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԱԱԾ աշխատակիցներն առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու համար։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և պաշտոնյայի հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: