01:55 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Պատվաստում

Ինչի՞ մասին են խոսում փաստերը. ՀՀ–ում 72 ժամը մեկ 1 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից

© Sputnik / Игорь Зарембо
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
281910

Պատվաստումները դարձել են իրենց իսկ էֆեկտիվության զոհը: Պատվաստվե՞լ, թե՞ չպատվաստվել` ընտրության իրավունքը մերն է։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանում 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ներդրվեց պապիլոմայի դեմ պատվաստումը: Հայաստանում կիրառվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) պատվաստանյութը. արդեն իսկ 3500 մարդ պատվաստվել է պապիլոմայի դեմ։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ մասնագետներն անդրադարձան պապիլոմայի պատվաստման հետ կապված միֆերին, ասեկոսեներին ու շրջանառվող լուրերին։

Վարդանանց ԲԿ-ի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նշեց, որ Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղից մահացության դեպքերի տխուր վիճակագրություն ունենք` յուրաքանչյուր 72 ժամը մեկ 1 կին է մահանում դրանից: Նրա խոսքով` մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ վարակվում է պապիլոմայով, ուղղակի ոչ բոլորի մոտ է այն վերածվում քաղցկեղի։

«Ունենալով արգանդի վզիկի քաղցկեղի նման ցուցանիշներ` ինձ համար առնվազն զարմանալի էր սաբոտաժը պապիլոմայի պատվաստման դեմ: Որևէ օբյեկտիվ պատճառ չկա, որ «Գարդասիլի» դեմ նման ալիք բարձրանա: Այս ամենի պատճառը համացանցում հայտնված կեղծ, չճշտված ինֆորմացիայով տեսանյութերն էին։ Սակայն ես կարծում եմ՝ առաջին խորհրդատվությունը ծնողը պետք է բժշկից ստանա»,–ասաց Մարությանը։

Նրա հավաստմամբ` «Գարդասիլի» պատվաստանյութն ամենաանվնասն ու ամենաարդյունավետներից մեկն է համարվում: Բժշկի խոսքով` լուրերը, որ «Գարդասիլը» փորձարկում են Հայաստանի վրա, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ աշխարհի առաջատար երկրները՝ Դանիա, ԱՄՆ, Ավստրալիա, հենց «Գարդասիլն» են օգտագործում պապաիլոմայի դեմ պատվաստման համար: Ավելին` արդեն 13 տարի է անցել, ինչ «Գարդասիլը» կիրառվում է որպես պատվաստանյութ, և այն երկրներում, որտեղ սկսել են պատվաստումները, արդեն իսկ նվազել են քաղցկեղի դեպքերը:

«Պապիլոմայի վիրուսը կարող է փոխանցվել ինչպես մաշկ-մաշկ, այնպես էլ լորձաթաղանթ-լորձաթաղանթ և մաշկ–լորձաթաղանթ շփման ճանապարհով, այսինքն՝ վիրուսը միայն սեռական ճանապարհով չի փոխանցվում»,–ասաց Մարությանը։

Մասնագետը հավաստիացնում է` որքան շուտ է երեխան պատվաստվում, այնքան ավելի էֆեկտիվ է պատվաստանյութն ազդում։

Лилит Марутян на пресс-конференции Насколько необходимы прививки от вируса папилломы? – ситуация в Армении
© Sputnik / Aram Nersesyan
Լիլիթ Մարության

Ինչ վերաբերում է «Գարդասիլի» մեջ ալյումինի առկայությանն ու դրա` հնարավոր վտանգավոր լինելուն, ապա բժիշկը նշեց, որ ալյումինն օգնող հատկություն ունի և առանց դրա պատվաստանյութը չի աշխատի։

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արմեն Խաչատրյանի խոսքով էլ` պապիլոմայի վիրուսն առաջացնում է ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղ, այլ նաև տղամարդկանց մոտ առնանդամի, հետանցքի և կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառ կարող է դառնալ։ Խաչատրյանը նշեց, որ հենց դրա համար էլ որոշվել է, որ Հայաստանում պապիլոմայի դեմ կարող են պատվաստվել նաև մինչև 45 տարեկան տղամարդիկ։

«Մենք` բժիշկներս, մեր անձնական փորձից ելնելով՝ չենք կարող դեմ լինել պատվաստումներին, քանի որ մեր գիտելիքները հիմնված են ապացուցողական բժշկության հիման վրա: Ավելին, 12 տարիների ընթացում, ինչ կիրառվում է կոնկրետ «Գարդասիլ» պատվաստանյութը, որևէ լուրջ բարդություն չի եղել պատվաստման հետևանքով»,–ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով այն լուրերին, որ Հայաստան են ներմուծվել ժամկետնանց «Գարդասիլներ»` Խաչատրյանը նշեց, որ նման բան ուղղակի անհնար է, քանի որ մինչև Հայաստան հասնելը` դրանք փորձաքննության են ենթարկվում։ Բացի այդ, ըստ բժշկի, յուրաքանչյուր ծնող մինչև երեխային պատվաստելը տեղում կարող է ծանոթանալ պատվաստանյութի ժամկետին և այլ մանրամասներին։

Армен Хачатрян на пресс-конференции Насколько необходимы прививки от вируса папилломы? – ситуация в Армении
© Sputnik / Aram Nersesyan
Արմեն Խաչատրյան

Հիշեցնենք, որ մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են 2017թ-ի դեկտեմբերի 11-ից։ Թիրախային խումբ են ընտրվել 13 տարեկան աղջիկները, քանի որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական հարաբերությունը։

Պատվաստումն իրականացվում է կամավորության սկզբունքով։ Հրաժարվելու դեպքում ծնողը պետք է ներկայանա պոլիկլինիկա և ձեռագիր հրաժարական գրի` հավաստելով, որ իրազեկված է հնարավոր հետևանքների մասին։

թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ