ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստ է շատ անսպասելի ու ազդեցիկ քայլեր կատարել, սակայն չի ուզում, որ խնդիրը հասնի դրան: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Կանխավ մենք չենք ասելու, թե ինչ քայլեր ենք անելու՝ սա էլ մեր մարտավարությունն է: Սակայն պետք է ասեմ` այնպես չէ, որ հուսահատված ենք ու ելք չենք տեսնում։ Ո՛չ, պատրաստ ենք անսպասելի քայլերի»,- ասաց պաշտպանը:
Նրա խոսքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Քոչարյանի գործով արդեն 5 գանգատ կա։ Երկրորդ նախագահի պաշտպանական խումբն այժմ աշխատում է 6–րդ գանգատը ներկայացնելու ուղղությամբ, միաժամանակ նաև` ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու համար:
Խոսելով Քոչարյանի տեսակցությունների մասին` պաշտպանը նշեց, որ ապրիլի 3–ին Քոչարյանի թոռնիկին տարել են քրեակատարողական հիմնարկ` Քոչարյանին տեսակցելու, սակայն չեն թույլատրել: Ալումյանը տեղեկացրեց, որ չնայած այն հանգամանքին, որ ապրիլի 4–ին իրավապահ մարմիններն արդեն հայտարարել էին, որ պատրաստ են Քոչարյանի թոռնիկին թողնել տեսակցության, սակայն վերջինս դեռ չի տեսել պապիկին։
«Դատարանն ամեն ինչ անում է, որ Քոչարյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ: Առաջին ատյանի դատարանը ՀՀ երկրորդ նախագահին կալանքի տակ էր պահում այն հիմքով, որ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննության ընթացը: Սակայն գործի նախաքննությունն ավարտվել է, և հիմա որևէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու»,–ասաց Ալումյանը` հավելելով, որ ՀՀ երկրորդ նախագահն իր կյանքով ապացուցել է, որ թաքնվողը չէ:
Հատուկ Քննչական ծառայությունը երեկ` ապրիլի 11-ին, հայտնել էր, որ ապրիլի 4-ին Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ, և հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 11-ին, Վերաքննիչ դատարանը որոշեց Քոչարյանին թողնել կալանքի մեջ։ Մարտի 15-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Դատարանի հիշյալ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում:
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության, որի ավարտին վերաքննիչ դատարանը Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը ուժի մեջ թողնելու որոշում էր կայացրել։ Այդ որոշման հիման վրա դեկտեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կալանավորվեց։