05:22 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Վաչագան Ղազարյան

Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանի թիկնապահի դեմ. հաշվապահը պնդում է, որ իրենից 40 մլն են շորթել

Press office of the SNS of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95110

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահը «արկածների» մեջ է ընկել այն բանից հետո, երբ ռեստորանի սեփականատեր Վաչագան Ղազարյանը (Սերժի Վաչոն) ուտելուց հետո 80 հազար դրամ հաշիվ է փակել։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը պնդում է, որ ռեստորանի սեփականատեր, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը (Վաչո) իրենից 40 մլն դրամ է շորթել։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Կնոջ մեկնաբանությամբ, պատճառը եղել է այն, որ Վաչագան Ղազարյանը «Յանսում» ճաշելուց հետո 80 000 դրամի հաշիվ է փակել։ Ու թեև հաշվապահը պնդել է, որ ինքը գումարը մուտքագրել է դրամարկղ, միևնույն է` Ղազարյանն ու կինը հաշվապահին մեղադրել են այդ և ոչ միայն այդ գումարը գրպանելու մեջ։

Արիստակեսյանի խոսքով` 2013թ–ին «Յանսի» տնօրենն իրեն ուղղորդել է Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի աշխատասենյակ, որտեղ նա իրեն գող է անվանել, մեղադրել, որ մտել է իր ու իր ընտանիքի գրպանը։ «Ասաց, որ թալանել եմ իրենց, որի հիման վրա ինքն ինձանից պահանջում է կա՛մ ինքնասպան լինեմ, կա՛մ տամ 40 մլն դրամ, կա՛մ դատապարտվեմ։ Նրա ամուսինը` Վաչագան Ղազարյանն ավելի լավ առաջարկ արեց` և՛ վճարել 40 մլն–ը, և դատապարտվել»,– ասաց Արիստակեսյանը։

Այդուհանդերձ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ հաղորդման հիման վրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը հրավիրվել է 6-րդ վարչություն ու զարմանքով իմացել, որ իրենից թեև 40 մլն դրամ են պահանջել, բայց հայցում գրված է եղել 25 մլն։

Ամբողջ շրջապատը, Սուսաննա Արիստակեսյանի խոսքով, իրեն խորհուրդ են տվել չընդդիմանալ, առաջարկել են տուն–տեղը վաճառել ու վճարել, հակառակ դեպքում նրանք կվնասեն ընտանիքին ու երեխաներին։

«Ես ու ամուսինս որոշեցինք վճարել, քանի որ ես տեսել էի, թե ինչ է կատարվում, երբ Վաչագան Ղազարյանը կամ նրա տղան` Մհերը, ինչ–որ մեկին պատժում են։ Ես մի քանի անգամ խլել եմ նրա ձեռքից այն մարդուն, որին ինքը ծեծել է»,– պատմեց նախկին հաշվապահը` նշելով, որ նախ վճարել են 6 մլն դրամ, ապա հետապնդումից չազատվելով` վաճառել ունեցվածքն ու վճարել ևս 34 մլն դրամ։

Այս պատմությանն անմասն չի մնացել նաև Սուսաննա Արիստակեսյանի ամուսինը` Գրիգորի Ղազարյանը։ Նա նույնպես ներկա էր լրագրողների հետ հանդիպմանն ու պատմեց, որ 2013թ–ի հուլիսին Վաչագան Ղազարյանն իրեն կանչել է Բաղրամյան 26` ՀՀ նախագահի աշխատակազմի իր աշխատասենյակ։ Գրիգոր Ղազարյանը պատմեց, որ Վաչագան Ղազարյանն ասել է, թե Սուսաննան հանդգնել է իր վճարած 80 000 դրամը գրպանել, ու քանի որ իրենք վաղուց են կասկածում, որ նա ռեստորանի դրամարկղից գումարներ է գողանում, ամուսնուց պահանջել են «թեման փակելու համար» 20 մլն դրամ վճարել։

2018թ–ին` Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, հենց Սուսաննա Արիստակեսյանի դիմումի հիման վրա էր, որ իրավապահները մտան «Յանս» ռեստորանային համալիր, առգրավեցին ֆինանսական փաստաթղթերն ու համակարգիչների հիշողության սարքերը։ Բացի այդ, հաշվապահի ամուսինը` Գրիգոր Ղազարյանն իրավապահներին է տրամադրել Վաչագան Ղազարյանի և իր խոսակցությունների ձայնագրությունները։

«Քննիչը շատ ուրախացած ասաց` սա իմ գործը հեշտացրեց։ Բայց 9 ամիս է` գործը հեշտացրել եմ, ու ոչ մի արդյունք»,– ասաց Գրիգոր Ղազարյանը` հավելելով, որ արդեն շուրջ 1 տարի գործը տեղից չի շարժվում, ինչից դրդված իրենք ստիպված են դիմել լրագրողներին։

«Ես գործ ունեմ այնպիսի քննիչների հետ, որոնք մինչ օրս չեն կարողանում ապացուցել, որ ես գողացել եմ թեկուզ մի դրամ։ Քննչական վարչության քննիչ Դավիթ Կիրակոսյանն անգործության է մատնել իր բոլոր գործերը, չի կնքել իմ դրամարկղը, որի մեջ էր ամբողջ գումարն ու 80 000 դրամի կտրոնը, որն ապացուցում էր իմ անմեղությունը։ Չի առգրավել ֆինանսական փաստաթղթերը, չի առգրավել իմ աշխատանքային համակարգիչը»,– ասաց հաշվապահը։

Նա նաև հայտնեց, որ գործը քննող քննիչն իրեն ասել է, որ եթե իր նկատմամբ ռեստորանից կատարված գողության հիմքով հարուցված քրեական գործը կարճվի` անմեղության հիմքով, 40 մլն դրամը, միևնույն է, իրեն չի վերադարձվի։ «Էն 6 մլն–ը տվել էիք, տվել էիք, գոնե այդ 34 մլն–ը չտայիք»,– Սուսաննա Արիստակեսյանի փոխանցմամբ` ասել է քննիչը։

«Այսինքն ինչ է ստացվում. բոլորը գիտեն, որ այդ գումարը շորթված է, ինձ թալանել են, բայց ոչ մի քննիչ չի կարողանում ասել` Վաչագան Ղազարյա՛ն, դու պարտավոր ես վերադարձնել քո թալանած գումարը»,– ասաց նա։

Ի դեպ, հետաքրքրական է, որ թե՛ տիկին Սուսաննայի, թե՛ նրա հաղորդման հիման վրա նրա նախկին գործատուի` Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը գտնվում են նույն ՀՔԾ քննիչի` Դավիթ Կիրակոսյանի վարույթում։

Արիստակեսյանն ու ամուսինն արդեն դիմել են ԱԱԾ` վիճարկելով ՀՔԾ քննիչի անգործությունը և այժմ սպասում են արդեն ԱԱԾ–ի քայլերին։

Հիշեցնենք`ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Վաչագան Ղազարյանը 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գլխավոր թեմաներ