ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ու առողջության պահպանման օրինագծերի փաթեթը բուռն արձագանք առաջացրեց խորհրդարանի այսօրվա նիստում:
Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել «Լուսավոր Հայաստանը»: Իսկ մինչ այդ կառավարությունը մերժել է խմբակցության այս առաջարկը և դրա փոխարեն նույն որոշումն ընդունել ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշման համակարգով:
Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել «Լուսավոր Հայաստանի» մոտ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ արեց իրենց գաղափարներն օգտագործելիս գոնե ասել, որ դա «Լուսավոր Հայաստանի» գաղափարն է:
«Ձեր ուժն այստեղ կուրսայիններն ուրիշի փոխարեն գրելու վերաբերյալ օրենք բերեց, ընդունեցինք, որ գրագողությունն արգելենք, բայց կառավարությունն իր մակարդակում գրագողությամբ է զբաղված»,- ասաց նա:
Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» համար կարևորն այն է, որ իր առաջարկը կյանքի կոչվի, բայց կարևոր է նաև հեղինակային իրավունքը պահպանել:
«Շատ կարևոր է հեղինակին մի տեղ նշել, որ երբ զոմբիական հարձակման ենք ենթարկվում, իմանան, որ մենք էլ ենք մի բան արել»,- ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ զինծառայողներին անվճար բուժօգնություն ցույց տալու մասին կառավարության որոշման մասին սոցիալական ցանցերում տարածվում է, թե «կառավարությունն այսպիսի լավ բան է նախաձեռել` առանց հղում անելու հեղինակներին»:
Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց նաև կոչ արեց կառավարությանը հաջորդ նիստում ևս մեկ անգամ հայտարարել, որ նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն է»:
Այդուհանդերձ «Լուսավոր Հայաստանը» պնդեց իր ներկայացրած օրինագիծը խորհրդարանի նիստի օրակարգում ներառելու առաջարկը` այն նիստերի օրակարգում ընդգրկելու ու ավելի մանրամասն քննարկելու համար:
Այս առաջարկը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվեց: