ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Ջերմորեն շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ժողովրդի բարեկամներին, Սուրբ Զատիկը նշող բոլոր քրիստոնյաներին, այս օրերին ՀՀ–ում գտնվող հյուրերին: Այս օրը քրիստոնյա աշխարհի կողմից նշվում է առանձնահատուկ հանդիսավորությամբ և սիրով, առավել ևս մեր ժողովրդի պարագայում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր` քրիստոնեական հավատն արդեն բազում դարեր խորն ու ամուր նստած է հայ հողի, հայ մարդու, մեր ինքնագիտակցության մեջ»,–ասում է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով` իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ:
Ըստ Սարգսյանի`այս տոնը նաև յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված, ավելի հեռատես, հաստատակամ, հանդուրժող, հատկապես որ աշխարհն այսօր լի է անկայուն և մտահոգիչ իրադարձություններով:
«Մաղթում եմ, որ Քրիստոսի հարության հուսաբեր ավետիսը լուսավորի ու նոր ավյունով լցնի մեզնից յուրաքանչյուրի սիրտը, մղի նոր ու բարի գործերի՝ հանուն Հայաստանի և մեր ժողովրդի: Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»,–ասել է նախագահը:
Նշենք, որ Հարության տոնը կամ Զատիկն այս տարի նշվում է ապրիլի 21–ին։ Զատիկ, ի դեպ, նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից: