ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ձեռնպահ է մնում Հայաստանում քաղբանտարկյալների մասին հարցին գնահատական տալուց։ Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
«Հայաստանի Հանրապետությունում անօրինական անազատության մեջ գտնվող անձինք չկան։ Եթե կան բավարար հիմքեր` անձին անազատության մեջ պահելու, այդ անձինք գտնվում են անազատության մեջ, եթե կան հիմքեր անձին կալանքից ազատելու, ապա անձին շնորհվում է ազատություն, կալանքը փոխարինվում է գրավով` որպես այլընտրանքային խափանման միջոց»,– ասաց Զեյնալյանը։
Նախարարը շեշտեց, որ այսօրվա իրավիճակը շահեկանորեն տարբերվում է նախկին իշխանությունների օրոք եղած իրավիճակից։
Ինչ վերաբերում է իրենց քաղբանտարկյալ կոչող անձանց` Զեյնալյանը նշեց, որ քաղաքական գնահատական չի տալիս նրանց չհակադրվելու համար։
«Անձն ինքն է որոշում իր պաշտպանությունը։ Եվ ես նրանց չեմ հակադրվի։ Մեկը գտնում է, որ այդպես պետք է պաշտպանի իր իրավունքները, մյուսը գտնում է, որ պետք է քաղաքական ապաստան հայցի օտար երկրում»,– ասաց Զեյնալյանը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ իր նախկին պաշտոնակիցները պարբերաբար հայտարարել են, որ քաղբանտարկյալներ չկան։ Քաղաքական բանտարկյալ լինել– չլինելու հարցը, սակայն, ըստ Զեյնալյանի, որոշում է ոչ թե իշխանությունը, այլ հասարակությունն ու իրավապաշտպան կառույցները։