08:29 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Գլխատման քարը

Շիրակի մարզում «գլխատման քար» կա. մի՞ֆ, թե՞ իրականություն

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114630

Շիրակի մարզում մի քար կա, որին հնարավոր չէ հասնել առանց հատուկ թույլտվության ու սահմանապահի ուղեկցության: Ամեն տարի ապրիլի 24-ին այս քարի վրա թարմ ծաղիկներ են դրվում ու մոմեր վառվում: Քարը ոչ միայն յուրահատուկ է իր տեսքով, այլ նաև հետաքրքիր պատմություն ունի:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Շիրակի մարզի Խարկով և Հայկաձոր գյուղերի սահմանին մի հսկա քար կա, որը հնարավոր է գտնել միայն տարածքին քաջածանոթ մեկի ուղեկցությամբ։ Քարի մասին տարբեր պատմություններ են պատմում` մեկը մյուսից ահասարսուռ։ Sputnik Արմենիայի թղթակիցը` հետաքրքրությունից դրդված, սահմանապահների ուղեկցությամբ այցելեց այդ տարածք:

Այստեղից Անին շատ մոտ է. նույնիսկ անզեն աչքով է կարելի տեսնել Հայոց թագավոր Աբաս Բագրատունու (929–953) օրոք կառուցված Հոռոմոսի վանքը: Մամռապատ քարին խորհրդավորություն են տալիս վրան դրված մոմերն ու կակաչները:

Камень в нейтральной зоне на границе сел Харьков и Айкадзор
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Խորհրդավոր քարը

Աստիճանաձև քարն ուղիղ կենտրոնում մի գլխաչափ անցք ունի: Հավանաբար հենց դրա պատճառով էլ գյուղաբնակները համոզված են, որ քարի մասին սարսափելի պատմությունները ճիշտ են։ Հայկաձորցիների մի մասը վստահ է, որ 1920 թվականին թուրքերը հենց այս քարի վրա են գլխատել իրենց չենթարկվող հայերին: Մյուսներն այլ բացատրություն են տալիս՝ հեթանոսական զոհասեղան է։ Ոմանք էլ պնդում են, որ սա Բագրատունյաց իշխանների պատժի քարն է:

Камень в нейтральной зоне на границе сел Харьков и Айкадзор
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Աստիճանաձև քարը

Հայկաձորում ծնված Միշա Աբրահամյանը քարի պատմությունը փոքրուց է լսել, բայց միշտ` տարբեր մեկնություններով։

«Հնարավոր է, որ թուրքերն էլ են այդ քարը որպես գլխատման տեղ օգտագործել, բայց ասում են, որ քարը հենց այդ նույն նպատակով նաև Բագրատունյաց ժամանակներում է օգտագործվել՝ դատավորական նիստերի ու որոշումների ժամանակ: Մահապատժի դատավճիռը կայացնելուց հետո մեղավորները գլխատվել են հենց այդ քարի վրա»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Հայկաձոր համայնքի վարչական ղեկավար Սեյրան Սմբատյանն էլ կարծում է, որ քարը լուրջ ուսումնասիրման կարիք ունի։

Камень в нейтральной зоне на границе сел Харьков и Айкадзор
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Քարը գտնվում է հայ–թուրքական սահմանի չեզոք գոտում

«Ինձ հասած պատմության համաձայն` դա հենց Բագրատունյաց պատժաքարն է եղել: Ամեն դեպքում, քանի որ քարի վրա արյուն է թափվել, մենք սահմանապահների թույլտվությամբ ամեն տարի ապրիլի 24-ին այդ քարի վրա ծաղիկներ ենք դնում, մոմ վառում ու աղոթում»,-նշեց Սմբատյանը:

Գլխատման քարի մասին ավելի ստույգ տեղեկություններ ստանալու համար պետք է տարածքն ուսումնասիրվի, ինչն անհնար է, որովհետև գտնվում է հայ–թուրքական սահմանի չեզոք գոտում: Սակայն նույնիսկ առանց այդ ուսումնասիրման էլ հայկաձորցիները շարունակելու են տարին գոնե մեկ անգամ ծաղիկ դնել ու մոմ վառել՝ ի հիշատակ այս քարի վրա տարբեր ժամանակ իրենց մահկանացուն կնքած մարդկանց։

Камень в нейтральной зоне на границе сел Харьков и Айкадзор
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գլխաչափ անցք ունեցող քարը

Ըստ թեմայի

Ինչպես հասցնել ամեն ինչ. գյումրեցի ուսանողը ստարտափ է բացել և ռոբոտատեխնիկա է սովորեցնում
Գյումրեցի երիտասարդի դժվար հոբբին. ու՞ր է կորում նա ժամերով
Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին
85-ամյա վարսավիրը և ավելի ծեր վարսավիրանոցը.ինչպես է գյումրեցի պապը հոգում ընտանիքի հոգսը
Քարերն`Աֆղանստանից, պատվերներն` ամբողջ աշխարհից. գյումրեցի Վահեի քարե սիմֆոնիաները

Գլխավոր թեմաներ