05:43 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ռոբերտ Քոչարյան

Անձամբ Գորիկ Հակոբյանն է ինձ ասել, որ զենք է կիրառվել, նռնակներ կան. Ռոբերտ Քոչարյան

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
142 0 0

Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ընթացքում խոսել է այն տեսանյութի մասին, որն իրեն ժամանակին ցույց է տվել ԱԱԾ նախկին տնօրենը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ է տարել ու ցույց տվել մի տեսանյութ, որտեղ երևում է` ինչպես են ոստիկանների ուղղությամբ նռնակ նետում։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ուզում ենք հիմա մեր ձեռքի տակ եղած այդ տեսանյութը ցուցադրել, քանի որ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ այդպիսի նյութեր ունի։ Այդ տեսանյութն ինձ անձամբ Գորիկ Հակոբյանն է ցույց տվել»,–ասաց նա։

Նրա խոսքով` Գորիկ Հակոբյանն իրեն ասել է, որ, այո, 2008 թվականի մարտի դեպքերի ժամանակ զենք է կիրառվել, նռնակներ կան։

Ըստ Քոչարյանի` երբ մամուլում սկսել են քննադատել, թե նման բան չկա, Հակոբյանը տեսանյութը բերել ու ցույց է տվել։ Նրա հավաստմամբ` տեսանյութում կան մի շարք դրվագներ, որոնք այսօր ոչ մի տեղ չկան։ «Ես չգիտեմ` որտեղ են այդ կադրերը։ Նյութերում կար` ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում, իսկ հիմա չկա այդ ամենը»,–ասաց Քոչարյանը։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն այսօր դատարանում միջնորդեց թույլատրել դատարանին ներկայացնել տեսանյութը, որի մի մասը քրեական գործում առկա է, իսկ մյուս մասը՝ ոչ։ Դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ տեսանյութն այս փուլում չի ուսումնասիրվի։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք–Ավան համայնքների նստավայրում արդեն չորրորդ օրն է, ինչ ընթանում է Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանը ներկա փուլում քննարկում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալ–չմնալու հարցը։

Մարտի 1-ի գործով ամբաստանյալները 4-ն են` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։ Դատավարությունը մեկնարկել է մայիսի 13-ին։

2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը մահացել է 2017 թվականին։

Ըստ թեմայի

Կողմնակալ քննություն է տարվում. Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում
Ինչո՞ւ Քոչարյանի շուրջ չի ձևավորվի ընդդիմադիր նոր բևեռ. մեկնաբանում է քաղտեխնոլոգը
Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ են տվել քննչական մարմինները. Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի մեղադրանքում հիշատակված են իր ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք իրենց թիկնազորով
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ