ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անցկացրել, որտեղ որոշում է կայացրել Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու։ Այդ նպատակով ստորագրահավաք է սկսվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածած հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,– գրում է Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կոչ է անում «Իմ քայլը» և «Բարագավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին միանալ նախաձեռնությանը և գալ խորհրդարան՝ այն ստորագրելու։
Հիշեցնենք`ԱԺ Կանոնակարգ օրենքի 41 հոդվածի համաձայն` արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահին է ներկայացվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրություններով, ասել է, թե` «Լուսավոր Հայաստանի նախաձեռնությանը պետք է միանան առնվազն 33 պատգամավորներ։
Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում հրապարակել է նաև ստորագրահավաքի մի էջը, որտեղ արդեն 9 պատգամավորի ստորագրություն կա։