ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 5-ի նիստում ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու հարցը։
Հանձնաժողովի որոշման նախագիծը հրապարակված է ՀԾԿՀ պաշտոնական կայքում, վաղվա նիստի օրակարգում։
Նախագծից տեղեկանում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը մոնիթորինգ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում։
Մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» խախտել է գազի մատակարարման և օգտագործման կանոնները։
Այսպես` նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չեն ներառվել առանձնատների, 3 դեպքում` 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում` նախկինում դիմած և 2019–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված բաժանորդների մասին տեղեկատվությունը։
Բացի այդ ընկերությունը որոշ սպառողների գազամատակարարման պայմանագիր կնքելու առաջարկություն է ներկայացրել հեռախոսով, դիմողներից գանձել է միացման պայմանագրում ամրագրված վճարի 100 % -ը, միացման համար բաժանորդներին ներկայացվել են տեխնիկական պահանջներ, չի պահպանել ցանցին միացման կանոնները։
«Գազպրոմ Արմենիան» գազամատակարարման ցանցի ընդլայնմանն ուղղված նախահաշիվներն իր պաշտոնական կայքում հրապարակել է մասնակի։
Այս փաստերի հիման վրա հանձնաժողովը 2019 թվականի մայիսի 6-ին «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքների հիման վրա էլ կազմվել է տուգանքի որոշման նախագիծը։
Մոսկվան ու Երևանն ուզում են համաձայնեցնել գազի մատակարարման սխեման. Պրիխոդկո
Դրա համաձայն` լիցենզիայի պայմանները խախտելու համար ՀԾԿՀ–ն առաջարկում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը տուգանել` 10 000 000 ՀՀ դրամով։
Վերջնական որոշումը կկայացվի վաղը` հունիսի 5-ին, ժամը 11։00-ին նախանշված հանձնաժողովի նիստում։
«Գազպրոմ Արմենիան» Փաշինյանի հնչեցրած ցուցանիշներից հետո պարզաբանում է տարածել