13:13 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Արման Աբովյանը

Սոցիալական արդարություն չկա. ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության նախագծին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Իշխող քաղաքական ուժն առաջարկում է սոցիալական արդարություն հաստատել նոր օրինագծով: ԲՀԿ–ի համար անընդունելի է եկամտահարկի համահարթեցման դրույթը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է վերանայել գույքահարկերի չափերը: Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` պատասխանելով Հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ընդդիմության հնչեցրած տեսակետներին:

«Կարծում եմ` համահարթեցման միջոցով խնդիր չի լուծվում, և սոցիալական արդարությունը պրոգրեսիվ հարկման եղանակով չի լուծվելու: Մարդու աշխատանքի հարկումը չի կարող սոցիալական արդարության հարց լուծել: Սոցիալական արդարության հարց կլուծվի, եթե մենք հարկենք կապիտալը, հարստությունը, անշարժ գույքը, չաշխատող գույքը: Ահա այդ նպատակով շուտով կառավարությունը կներկայացնի գույքահարկի մասին ռեֆորմը, որով մի քանի միլիոն արժեցող թանկարժեք գույքերի գույքահարկը կբարձրանա, և դրանով մենք սոցիալական արդարությունը որոշոկի կվերականգնենք»,- ասաց նա:

Մինչ այդ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել էր, որ իրենք դեմ են քվեարկելու փաթեթին, քանի որ եկամտահարկի համահարթեցման դրույթն իրենց համար անընդունելի է:

«Համահարթեցումը մեզ համար սոցիալական արդարություն չէ, և մենք այս հարցով չենք փոխում մեր դիրքորոշումը»,- ասաց նա:

Հիշեցնենք` Ազգային ժողովն անցած շաբաթ առաջին ընթերցմամբ ընդունեց և երեկ շարունակեց քննարկել 2020 թվականի հունվարի 1-ից գործող եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը համահարթեցնելու և եկամտահարկի հաշվման նոր դրույքաչափ կիրառելու մասին կառավարության հեղինակած նախագիծը։ Դրանով նախատեսվում է ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ 23%։ Իսկ մինչև 2023 թ.-ը այն նախատեսվում է աստիճանաբար նվազեցնել մինչև 20 %:

Նշենք, որ այժմ եկամտային հարկի հաշվարկը կատարվում է 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած, Հարկային օրենսգրքով սահմանված հետևյալ դրույքաչափերով` մինչև 150 000 դրամ աշխատավարձից հարկվում է 23% եկամտահարկ, 150 000- 2 մլն դրամից` 28%, 2 մլն–ից ավելի` 36%:

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Արայիկ Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ անշարժ գույքի գնահատման նոր մեթոդիկան մոտեցնում է նրա արժեքը շուկայականին։ Առաջարկվում է կադաստրային գները հաշվարկել նոր բանաձևով՝ ավելի մոտ շուկայական գներին։ Նպատակը հողի հարկի և գույքահարկի նոր, արդարացի համակարգն է։

Աղքատներն ավելի կաղքատանան, հարուստներն ավելի կհարստանան, գներն էլ կաճեն

Հիմնականում պետք է բարձրանա Երևանի կենտրոնում անշարժ գույքի կադաստրային արժեքը։ Ծայրամասերում և հատկապես մարզերում այն ավելի քիչ կբարձրանա։

Ավելի վաղ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները նշել էին, որ բնակչության առանձին խմբերի համար կարող է առաջարկվել հատուկ մոտեցում. օրինակ, Երևանի կենտրոնի այն բնակիչների պարագայում, որոնք ժառանգել են ծնողների բնակարանները, այսինքն անպայման չէ, որ կպատկանեն բնակչության բարեկեցիկ խավին։

Ըստ թեմայի

Հարուստները կարող են գործել «ստվերում». տնտեսագետը` էլիտար անշարժ գույքի հարկման մասին
Ավետիսյան. «Անշարժ գույքի գների աճին նպաստել են ներգաղթի մասին պաշտոնյաների խոսքերը»
Փաշինյանի ակնարկած մարդը, որ 250 անշարժ գույք ունի, Գագիկ Բեգլարյանն է. «Հրապարակ»
Հայաստանում ցանկանում են փոխել անշարժ գույքի արժեքը ապագա հարկերի համար
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Հայաստան

Գլխավոր թեմաներ