10:00 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Վահե Գրիգորյան

ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան

© Photo : press office of the Parliament of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
189 0 0

Սահմանադրագետը կարծում է, որ ՀՀ նախագահը երկխոսության պետք է հրավիրի մեծամասնություն կազմող քաղաքական ուժին ու Սահմանադրական դատարանի 7 անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Սահմանադրագետ Վարդան Այվազյանը կարծում է, որ սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է։ Նա այս մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Արդեն մի քանի օր է` ՍԴ–ում է աշխատում նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ Նա ավելի վաղ վստահեցրել էր, որ ինքը նախագահի լիազորություններ ունի, քանի որ ընտրված դատավոր է։ Երեկ ՍԴ նախագահն ու ՍԴ 7 դատավորները հայտարարություն էին տարածել` նշելով, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, այդ պատճառով էլ չեն արձագանքում դրանց։ Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին` նշելով, որ ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է։

«ՀՀ նախագահը Սահմանադրության հետևողն է ու առաջնորդվում է համապետական և համազգային շահերով։ Վարչապետը կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչ է և քաղաքական իր շահերն ունի։ Կարծում եմ` նախագահը մեկ սեղանի շուրջ երկխոսության պետք է հրավիրի այսօր մեծամասնություն կազմող քաղաքական ուժին և ՍԴ 7 անդամներին»,–ասաց Այվազյանը։

Նրա խոսքով` հանդիպման ժամանակ, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրենց տեսակետը կհիմնավորեն, թե ՍԴ անդամների խնդիրը լուծելու համար վստահություն չկա, քանի որ այսինչ թվերին ընտրություն են կեղծել և այլն, կասեն նաև, որ նրանք պետք է հրաժարական տան։ Այվազյանը վստահ է, որ դրանից հետո ՍԴ անդամները հաստատ հրաժարական կտան։

«Վահե Գրիգորյանն ինքնահռչակ հայտարարություններ է անում` ասելով, թե ինքն է ՍԴ նախագահը. լավ է`չի ասում, որ Ալլա Պուգաչովան է։ Այս հայտարարությամբ ՍԴ անդամների արժանապատվությանն ենք դիպչում, և, բնականաբար, նրանք էլ ամեն կերպ պետք է ընդվզեն»,–ասաց Այվազյանը։

ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մյուս տարբերակը, ըստ նրա, Սահմանադրության մեջ անցումային դրույթների փոփոխությունն է։ Սահմանադրագետի խոսքով` եթե դրույթների փոփոխությունն առաջարկվեր սովորական պայմաններում իրականացնել, Սահմանադրության տրամաբանությանը դեմ կլիներ, քանի որ կա դատավորների անփոփոխելիության սկզբունք, օրենքի հետադարձ ուժի խնդիր և այլն։ Սակայն, Այվազյանի մեկնաբանմամբ, երբ տեղի է ունեցել հեղափոխություն, որը նշանակում է իրավակարգի` քաղաքական և տնտեսական բազիսի փոփոխություն, ուրեմն այն իրավունք է տալիս նաև Սահմանադրության մեջ փոփոխություն գնալ։ «Եթե Սահմանադրության մեջ փոփոխության չգնաս, որևէ հեղափոխություն չես կարող մինչև վերջ տանել։ Եթե սահմանադրական և օրենսդրական մակարդակով փոփոխություններ կամ էլ ՍԴ անդամների` ինքնակամ հրաժարական չլինի, ապա ՍԴ–ի հետ կապված մեկ այլ ձևով ցանկացած միջամտություն մեզ քարե դար կտեղափոխի»,–ասաց նա։

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը, թե ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է, Այվազյանը նշեց, որ համակարծիք չէ նրա հետ։ Նրա գնահատմամբ` մեր երկրում ոչ թե սահմանադրական, այլ մտքի, մտածողության և բարոյականության ճգնաժամ կա` հաշվի առնելով ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սահմանադրագետը նշում է, թե քանի որ հեղափոխությունից հետո օրենսդիր ու գործադիր իշխանությունը փոխվել է, հիմա խնդիր է դրված դատական իշխանությունը փոխելու։ Այվազյանի խոսքով` ԱԺ–ն կարող է փոխել Սահմանադրությունն ու ընդհանրապես ՍԴ–ն որպես պետական իշխանության մարմին վերացնել` դարձնելով վճռաբեկ դատարանի պալատ և այդպես խնդիրը լուծել։

Սահմանադրագետը խոսեց նաև «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տերմինների շահարկման մասին` նշելով, որ այդ եզրույթները հարցի տեխնիկական կողմն են, իսկ բովանդակային կողմն այն է, որ 2005–ին էլ, 2015–ին էլ ՍԴ–ի բացառիկ ֆունկցիոնալ առաքելությունը եղել է սահմանադրական արդարադատությունը։ «Այսինքն` թե՛ ՍԴ անդամը, թե՛ ՍԴ դատավորը նույն գործառույթն են իրականացնում, այնպես որ այս պարագայում տերմինները տեխնիկապես մեկնաբանելը ճիշտ չէ։ Ֆրանսիան, օրինակ, ունի ՍԴ վերահսկողության երկու մարմին` սահմանադրական և պետական խորհուրդ։ Սահմանադրական խորհուրդն արդարադատություն չի իրականացնում, այլ միայն նախնական վերահսկողություն է իրականացնում»,–ասաց նա։

Ի դեպ, «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» տերմինների շուրջ քննարկումներ սկսվեցին, երբ Վահե Գրիգորյանն ընտրվելուց հետո ԱԺ–ում հայտարարեց, որ գնում է ՍԴ որպես ՍԴ նախագահ։ ՍԴ–ում, ըստ Գրիգորյանի, կա 2 դատավոր, մնացածները ՍԴ անդամներ են։

Բոզոյան․ «ՍԴ նախագահը չպետք է թույլ գտնվի, ինչպես Գագիկ Հարությունյանը»

Այս ամենից հետո հարց է ծագում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեղի կտա՞ ճնշումներին։

«Այդ հարցին պետք է Թովմասյանը պատասխանի։ Ես չգիտեմ նրա սկզբունքայնության ու նյարդերի ամրության աստիճանը։ Սակայն եթե ՍԴ շուրջ ստեղծված խնդիրը բանակցությունների տարբերակով չաշխատի, մյուս օրինական միջոցը կլինի Սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների մեխանիզմը»,– ասաց Այվազյանը։

Հիշեցնենք, որ 1 անվավեր, 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ հունիսի 18–ին ԱԺ–ն ՍԴ դատավոր ընտրեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանին։ Հունիսի 20–ին, ԱԺ–ում երդման արարողության ժամանակ Գրիգորյանը հայտարարեց, որ ՍԴ է գնում «ՍԴ նախագահի լիազորություններով», քանի որ դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, որն արձակուրդում է։

ԱԺ նախագահը իրավաչափ է անվանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի սենսացիոն հայտարարությունը

Ըստ թեմայի

Նորից պառկեց Գասպարին. Վահե Գրիգորյանի «հռչակավոր» հայտարարությունը սյուրպրի՞զ էր, թե պրիզ
Մելիքյան․ «Վահե Գրիգորյանն ապացուցեց, որ իրենց նպատակը դատական իշխանությունը նվաճելն է»
թեգերը:
Վահե Գրիգորյան, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ