10:35 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արմեն Փամբփուխչյան

Հայաստանը կդառնա ծովային երկիր` եռագույնով նավարկող նավերով. ինչ է առաջարկում Փամբուխչյանը

© Photo: official site of the MTCIT of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31010

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը հանդես է եկել օրենսդրական առաջարկով ու հույս ունի Հայաստանը ծովային երկիր դարձնելու իր նպատակին հասնել մինչև 2021թ–ը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Անծով Հայաստանն առաջիկայում կարող է ունենալ ոչ միայն ծովային օրենսդրություն, այլև Հայաստանի դրոշի տակ նավարկող նավեր ու նույնիսկ նավահանգիստ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Փամբուխչյանը։ Նա նշեց, որ ծովային օրենսդրություն ունենալու միտքը հղացել է դեռ տրանսպորտի փոխնախարարի պաշտոնում աշխատելիս` ծով չունեցող այլ երկրների փորձն ուսումնասիրելով։ Իսկ արդեն պատգամավորի կարգավիճակով հնարավորություն է ստացել իր մտահղացմանը տալ օրենսդրական նախաձեռնության կարգավիճակ։

«Քանի որ բոլորս գիտենք, որ Հայաստանը ցամաքային մեկ ճանապարհ ունի, դա Լարսի անցակետն է, որը հաճախ խցանվում է։ Իսկ օդային ճանապարհով փոխանցումները բավականին թանկ են և ոչ մրցունակ։ Նաև մեր երկաթուղին այդ մակարդակի զարգացած չէ ու չունի ելք դեպի Ռուսաստան»,– ասաց պատգամավորը` հավելելով, որ նշված խնդիրների լուծում կարող է լինել ծովային երկիր դառնալը։

Ծով չունեցող երկրներին նման հնարավորություն է ընձեռում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ–ի կոնվենցիան, որից կարող են օգտվել ծովային ելք չունեցող 44 երկիր, այդ թվում` Հայաստանը։

Ծովային օրենսդրության նախագծի մշակման համար հայաստանցի մասնագետներն ուսումնասիրել են հիմնականում 2 երկրի`Մոնղոլիայի ու Մոլդովայի փորձը։ Այս երկրները չունեն ելք դեպի ծով, բայց ունեն ծովային օրենսդրություն, որի շնորհիվ համաշխարհային ջրային տարածքում երթևեկող շուրջ 1000 նավերի վրա ծածանվում է Մոնղոլիայի, 700-800 նավերի վրա` Մոլդովայի դրոշները։

«Դրոշը կրելու համար պարտադիր չէ, որ հենց Հայաստանը կամ ՀՀ քաղաքացիներն ունենան նավ։ Դա կարող է լինել նաև այլ երկրի քաղաքացի, որ կցանկանա օգտվել Հայաստանի դրոշից։ Քանի որ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ երկիր, այլ երկրների գործարարներ, իրենց նավերը գրանցելով Հայաստանի անունով, կարող են անարգել օգտվել ԵԱՏՄ շուկայի ընձեռած բոլոր հնարավորություններից»,– ասաց Փամբուխչյանը։

Հայաստանի դրոշով երթևեկող նավերի սեփականատերերը կրող են օգտվել նաև ազատ առևտրի բոլոր այն համաձայնագրերից, որոնք Հայաստանն ունի այլ երկրների հետ։

Դրա դիմաց յուրաքանչյուր նավի համար գործարարները ստիպված են լինելու վճարել մեր երկրին։ Թե որքան, օրինագծի հեղինակները թողել են կառավարության հայեցողությանը։ Բայց միջազգային պրակտիկայում ընդունված է տարեկան 20-40 հազար դոլար վճար 1 նավի դիմաց։

Նման հետաքրքրվածություն, պատգամավորի խոսքով, արդեն դրսևորել են լիբանանցի, ինչպես նաև ՌԴ–ում աշխատող հայազգի մի քանի գործարարներ, որոնք այսօր ծովային բեռնափոխադրումներ են իրականացնում Նովոռոսիյսկ–Փոթի ուղղությամբ։

Ծովային երկիր դառնալու համար միայն օրենսդրություն ունենալը բավարար չէ։ ՄԱԿ–ի կոնվենցիայով պարտադիր պայման է նաև սեփական նավահանգիստ ունենալը։ Այդ նպատակով Հայաստանի իշխանությունը դիտարկում է Վրաստանի Փոթի քաղաքում առափնյա տարածք վարձակալելու տարբերակը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակը նշեց, որ մինչև ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը խորհրդարանի փորձագետներն այս առաջարկը կբերեն օրենսդրական փաթեթի տեսքի, որից հետո կներկայացվի կառավարության, ապա խորհրդարանի հաստատմանը։

Փամբուխչյանը հուսով է, որ օրինագծի քննարկման ու ընդունման ողջ գործընթացը կտևի առավելագույնը 1.5 տարի, և 2021թ–ին հայաստանյան դրոշով առաջին նավը դուրս կգա նավարկության։

Նշենք, որ Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1982թ.–ի դեկտեմբերի 10–ին, ուժի մեջ մտել 1994թ.-ի նոյեմբերի 16–ին։

Հայաստանը կոնվենցիան վավերացրել է 2002թ.-ի դեկտեբերի 9–ին։

Ըստ թեմայի

«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել
Մեքենաների ներկրման մաքսատուրք և Վերին Լարս. Մելքումյանը կարևոր հարցեր է բարձրացրել ՌԴ–ում
Ավելի հարմար է, քան լաստանավային փոխադրումը. Երևանում գտել են «Վերին Լարսի» այլընտրանքը

Գլխավոր թեմաներ