16:59 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Ռոբերտ Քոչարյան

Ի՞նչ կտա Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ որոշումը ՍԴ–ին. բացատրում է պաշտպանը

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
96 0 0

Հայկ Ալումյանը կարծում է, որ Սահմանադրական դատարանը ճիշտ լուծում է գտել` ՄԻԵԴ դիմելով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի Եվրոպական դատարանի կայացրած ակտը կրելու է բացառապես խորհրդատվական բնույթ և պարտադիր չի լինելու Սահմանադրական դատարանի համար։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով այս գործընթացում հնարավոր զարգացումները, ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը` միաժամանակ հիշեցնելով, որ ՄԻԵԴ–ի կարծիքը, այդուհանդերձ, շատ հեղինակավոր է լինելու։

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով։

«Երբ ներպետական ատյանը դիմում է ՄԻԵԴ, խնդիրը չի դրվում այսպես, թե արդյոք ինչ–որ մեկին պետք էր կալանավորել, թե ոչ, կամ մեր Սահմանադրության տեսանկյունից այս անձն անձեռնմխելի է, թե ոչ։ Խնդիրը դրվելու է այնպես, որ ՄԻԵԴ–ը մեկնաբանի եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք պետք է կիրառվեն տվյալ գործում» ,– ասաց Ալումյանը։

Ըստ փաստաբանի` նույն` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակն է հետապնդում նաև Վենետիկի հանձնաժողովին դիմելը։

«Ես գտնում եմ, որ դա ճիշտ լուծում էր, քանի որ նպատակադրված արժեզրկվում է մեր դատական համակարգն ու դատական համակարգի կողմից կայացվող դատական ակտերը»,– ասաց Ալումյանը` հույս հայտնելով, որ միջազգային կառույցների կարծիքի հիման վրա կայացված դատական ակտն ավելի մեծ հեղինակություն կունենա հանրության շրջանում։

Թե ինչ որոշում կկայացնեն միջազգային ատյանները, և ինչպես դրանք կազդեն ՍԴ–ի որոշման վրա, Ալումյանը չցանկացավ կանխատեսել։ Բայց նշեց, որ այդ որոշումները հետագայում կարող են հիմք ծառայել Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպական դատարանի որոշման համար։

«Օրինակ` եթե հիմա Եվրոպական դատարանը որևէ կարծիք արտահայտեց 300.1 հոդվածի հետ կապված, ապա հետագայում, եթե նույն խնդիրը ՄԻԵԴ–ում քննվի պարոն Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա, ապա ՄԻԵԴ–ն իր կարծիքը հազիվ թե փոխի»,– ասաց Ալումյանը։

Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ,  որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։

Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։ Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։

Հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց կալանավորել Արցախի նախկին և ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել և գործն ուղարկել նոր քննության։

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել
Ռոբերտ Քոչարյանի հարցը Մնացականյանի ու Լավրովի հանդիպմանը չի քննարկվել. ԱԳՆ
Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՍԴ դիմելու որոշումը բեկանելու դեմ
թեգերը:
Սահմանադրական դատարան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայկ Ալումյան, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ