23:18 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Դավիթ Տոնոյան

Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
149 0 0

Հայկական կողմը պետք է որոշակի տեղեկություն ճշտի Ադրբեջանից, որին կհետևի Բաքվի առաջարկի արձագանքը։ Պաշտպանության նախարարը խոսել է Ադրբեջանի առաջարկի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը կշարունակի աշխատել իր քաղաքացիներին Ադրբեջանից վերադարձնելու ուղղությամբ։ Այսօր այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լիբանանցի գործընկեր Էլիաս Աբու Սաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով երկու երկրների քաղաքացիներին փոխանակելու հարցը։

Ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր, որ պատրաստ է Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանին և զինծառայող Արայիկ Ղազարյանին փոխանակել ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ, որոնք դատապարտվել են Արցախում։

«Ես երեկ հանդիպել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Ինձ պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը։ Որոշակի հարցեր կան, որոնք հիմա չեմ կարող բացահայտել», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկություն ճշտելու համար։ Երբ այդ տեղեկությունը ստանան, ապա հայկական կողմը համապատասխան արձագանք կտա։

«Մենք սկզբունքորեն դեմ չենք, որ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնեն իրենց տներ և աջակցելու ենք այդ գործընթացին», – ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ խոսքը փոխանակման մասին չէ։ Նախարարը հավասարության նշան չի դնում Ադրբեջանում գտնվող Հայաստանի քաղաքացիների և Արցախում գտնվող Ադրբեջանի քաղաքացիների կարգավիճակի միջև։

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ իմ քաղաքացիներին վերադարձնել Հայաստան»,- ասաց նախարարը։

Նա չբացառեց, որ փոխանակումը հնարավոր է, բայց ընդգծեց, որ դա «Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշման խնդիրն է»։

Նշենք, որ նշված ադրբեջանցիներն արդեն 5 տարի Շուշիի քրեակատարողական հիմնարկում են։ 2014-ի հունիսին երեք ադրբեջանցուց բաղկացած դիվերսիոն խումբն անցել էր Արցախի տարածք, առևանգել և դաժանաբար սպանել 16-ամյա Սմբատ Ցականյանին։ Ոստիկանները վնասազերծել էին Հասան Հասանովին, սակայն մահանալուց առաջ նա հասցրել էր սպանել նաև մայոր Սարգիս Աբրահամյանին։ Արցախի դատարանը խմբի անդամ Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևին` 22 տարվա ազատազրկման։

Ըստ թեմայի

Բաբայան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահվող հայ գերիների մասին տեղեկությունները»
Բաբայան. «Ադրբեջանի առաջարկը դիվանագիտական ու մարդասիրական ահաբեկչություն է»
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ