ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում խոշոր բիզնես ասելով` հասկանում են ինչ–որ վատ բան, այդ վերաբերմունքը պետք է փոխվի։ Այսօր Արագածոտնի մարզում գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է կամաց–կամաց խոշոր բիզնեսը չընկալենք որպես ինչ–որ գիշատիչ մի բան, որ հարձակվում է բոլորի վրա ու բոլորին ուտում»,– նշեց վարչապետը։
Փաշինյանը կարևորեց խոշոր բիզնեսի նկատմամբ հասարակական վերաբերմունքը վերաիմաստավորելու խնդիրը։
«Գործարարը նա էր, ով 10 մեքենայով էր շրջում, ով սափրագլուխների խմբեր ուներ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ գործարարի կերպարի դեմոնիզացիան պայմանավորված է եղել գործարարների նմանօրինակ վարքով։ Բայց այսօր, Փաշինյանի խոսքով, Հայաստանում գործարարների նոր խավ է ձևավորվում, որոնք կարող են փոխել գործարարի կերպարի նկատմամբ հանրային ընկալումը։
Միաժամանակ, վարչապետի համոզմամբ, փոքր բիզնեսի նկատմամբ ևս տարիներ շարունակ ոչ ճիշտ մոտեցում է ձևավորվել։
«Մեզ մոտ փոքր բիզնեսը գիտակցվում է որպես յոլա տանելու բան, որին պետք է մի կերպ յոլա տանենք, որ ոտքի տակ չընկնի»,– ասաց վարչապետը։
Այդուհանդերձ, նրա խոսքով, Հայաստանում տնտեսական զարգացումը պետք է իրականացվի այն տրամաբանությամբ, որ խոշոր բիզնեսը պիտի դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը։ Այն պետք է զարգանա ու իր հետևից տանի նաև միջին ու փոքր բիզնեսը։
«Փոքրը բիզնեսը նրա համար է , որ դառնա միջին բիզնես, միջին բիզնեսը նրա համար է, որ դառնա խոշոր բիզնես, խոշորը նրա համար է, որ դառնա գլոբալ բիզնես»,– ասաց Փաշինյանը։
Երկրի տնտեսական զարգացման համար վարչապետը կարևորեց հողային ռեֆորմը` նշելով, որ կառավարությունն այսօր աշխատում է հողային նոր օրենսգրքի նախագծի վրա։
Վարչապետի խոսքով` գյուղատնտեսությունն իր ներկա վիճակով չի ապահովում զարգացման ցանկալի մակարդակ։ Դրա համար անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերական գյուղատնտեսությունը, որի հնարավորություններն էլ սահմանափակում է հողային գործող օրենսգիրքը։ Դրանով գյուղատնտեսական հողերի վրա արդյունաբերական գործունեությունն այսօր արգելված է։
Նշենք, որ այսօր մեկնարկել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովը։