ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները և դրանց բարդությունների աստիճանները ներառված չեն ՀՀ կառավարության 2006–ի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում։ Այս մասին այսօր Գրիգորյանի դեմ քրգործով նիստի ժամանակ հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` ներկայացնելով Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող հանձնախմբի եզրակացության արդյունքները։
«Հանձնաժողովի եզրակացության համաձայն` Մանվել Գրիգորյանի մոտ հիվանդությունների բացասական դինամիկա կա։ Գրիգորյանի հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետի դեկոմպենսացիան հաշվի առնելով (ապահավասարակշռումը)` կարող են նրա կյանքին վտանգ սպառնացող ռիսկեր պարունակել։ Սակայն համապատասխան բուժման և սննդի միջոցով, ամենայն հավանականությամբ, կարող է վիճակը դեկոմպենսացիայից կոմպենսացիայի անցնել և նվազագույնի հասցնել նրա կյանքին սպառնացող վտանգը»,–ասաց դատավորը։
Նա նշեց, որ ըստ հանձնաժողովի` Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Երևանի հիվանդանոցներում, իսկ ՔԿՀ հիվանդանոցներում կարող է բուժվել միայն համապատասխան պայմանների ապահովման դեպքում։
Եթե Գրիգորյանի հետ ինչ–որ բան պատահի, պատասխանատուն նախարար Թորոսյանն է լինելու. պաշտպան
Հանձնաժողովը նաև հայտնել է, որ Գրիգորյանի ներկայիս վիճակը չի խանգարում, որ նա մասնակցի դատական նիստերին։ Ի դեպ, հանձնաժողովի 6 անդամները ստորագրել էին եզրակացության տակ, բացի Գրիգորյանին ժամանակին բուժող ֆրանսիաբնակ բժշկից` Նորբերտ Ավետյանից։
Մանվել Գրիգորյանի պաշտպանները կրկին միջնորդություն ներկայացրին դատարան` իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխելու։ Մասնավորապես, պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ ըստ Նորբերտ Ավետյանի իրեն ներկայացրած փաստաթղթի` Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ։
Դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը` միջնորդությունը քննարկելու և դրա հետ կապված մեղադրյալ կողմին լսելու համար։ Հերթական դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5–ին, ժամը 12–ին։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։