12:32 21 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Հրայր Թովմասյան

Թանկարժեք ճգնաժամ. Թովմասյանին ու ՍԴ դատավորներին որքան գումարի դիմաց կուղարկեն թոշակի

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հաջորդ տարի կբարձրանա` դառնալով 26 500 դրամ, այնինչ ՍԴ–ում առկա ճգնաժամի լուծման համար դատավորներին ավելի քան 1 մլն դրամ թոշակ են առաջարկում։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՍԴ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը», որը բավականին բուռն արձագանք ունեցավ, քանի որ ըստ նախագծի եզրափակիչ դրույթի` ՍԴ դատավորներին առաջարկվում է վաղ կենսաթոշակի գնալ։ Այսինքն` ՍԴ դատավորները, այս նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում եթե հրաժարական տան, կստանան ամսական որոշակի կենսաթոշակ։

Սա արվել է, ինչպես նշում են իշխանության ներկայացուցիչները, ՍԴ–ում եղած ճգնաժամը լուծելու համար։ Պատկան մարմինները թվեր չէին ներկայացնում, և հայտնի չէր` որքան գումար են պատրաստ վճարել դրա համար, և տարեկան որքան գումար կարժենա նման փոփոխությունը պետբյուջեի համար։ Այդուհանդերձ, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ այն լրացուցիչ ֆինանսական բեռ է բյուջեի համար։

Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ նախարարությունից ճշտել է` ինչ գումարի մասին է խոսքը, և արդյոք գումարի չափը կարող է դեր խաղալ ՍԴ դատավորների համար որոշում կայացնելու հարցում։ Զրուցել ենք նաև մասնագետի հետ` հասկանալու, թե դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը լուծո՞ւմ է։

Որքան գումար կտրվի ՍԴ անդամներին ու նախագահին, ինչպես է հաշվարկվել գումարի չափը

ՀՀ արդարադատության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ վաղ կենսաթոշակի գնալու դեպքում Սահմանադրական դատարանի դատավորները կստանան ամսական 1 միլիոնից ավելի դրամ։

«Հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ ՍԴ նախագահի ամսական կենսաթոշակի գումարը կկազմի 1.375.712 դրամ, ՍԴ անդամի կենսաթոշակի գումարը կկազմի 1.031.784 դրամ։ Տարեկան կտրվածքով 6 դատավորների և նախագահի կենսաթոշակի ընդհանուր գումարը կկազմի 90.796.992 դրամ»,– հայտնում են նախարարությունից։

Իսկ նախարարությունը նման թիվ է ստացել պարզ հաշվարկի միջոցով. հաշվի է առնվել ՍԴ դատավորների ու նախագահի ներկայիս ամսական աշխատավարձն ու նրանց տրվող հավելավճարը։ Այսինքն` եթե ՍԴ դատավորն այժմ ստանում է 793 680 դրամ աշխատավարձ, իսկ ՍԴ նախագահը` 1 058 240 դրամ, ապա այդ թվին գումարվել է նրանց աշխատավարձի 30 տոկոսը կազմող հավելավճարը։

Գումարի չափը դեր կխաղա՞ որոշում կայացնելու հարցում

Մինչ այս պահը ՍԴ անդամներից միայն Ալվինա Գյուլումյանն է վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ իր կարծիքը հրապարակային հայտնել` ասելով, որ չի պատրաստվում նման քայլի դիմել։ Գյուլումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, լսելով կենսաթոշակի չափի մասին, վերահաստատեց իր որոշումը` ասելով, որ իրենց հասանելիք գումարի չափը չի կարող որևէ ազդեցություն ունենալ իր դիրքորոշման վրա։ «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, և գումարի չափը որևէ բան չի փոխում ինձ համար»,–ասաց նա։

Առաջարկվող կենսաթոշակի չափն ու սոցիալական արդարությունը

Սահմանադրագետ Արա Ղազարյանի կարծիքով`վաղ կենսաթոշակի անցնելը պետք է լինի անձի համաձայնությամբ` չպետք է դատավորներին դնեն այն իրավիճակի մեջ, որ ստիպված դիմեն այդ քայլին։ Մյուս կողմից, սակայն, առաջարկվող կենսաթոշակի չափը, ըստ նրա, չափազանց բարձր է։

«Եթե այդ հարցին նայես ոչ իրավաբանորեն, սոցիալական արդարության խնդիր է առաջանում։ Եկեք չմոռանանք, որ սոցիալական պետություն ենք, և սոցիալական համերաշխության գաղափարը հուշում է` կենսաթոշակների միջև էական տարբերություններ չպետք է լինեն։ 1 մլն–ից ավել թոշակ ստանալը սոցիալական անարդարություն է»,–ասաց նա։

Ղազարյանի խոսքով` վաղ կենսաթոշակի ուղարկելը հարցի լուծում չէ, ավելին` այն իրավաբանները, որոնք աշխատում են ՍԴ–ի հետ, դիմումներ ներկայացում ու պատասխան ստանում, չեն կարող ասել, որ ՍԴ–ում ճգնաժամ կա։ Իսկ նրանք, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, ըստ սահմանադրագետի, ՍԴ–ում ճգնաժամ են տեսնում։ Ղազարյանը վստահ է` վերջիններս իրավական գործընթացները չափում են քաղաքական բանաձևերով, ինչն անընդունելի է։

ԵԺԿ–ին մտահոգել է Հրայր Թովմասյանի և ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակը

Մասնագետը կարծում է, որ միայն այս տարվա մեջ ՍԴ–ն բազմաթիվ համակարգային խնդիրներ է լուծել։ «10 օր առաջ ՍԴ–ն գրավի ու կալանքի վերաբերյալ մի խնդիր լուծեց, որը 18 տարվա վաղեմություն ուներ։ Այդ որոշման շնորհիվ պաշտպանյալս ձեռք բերեց ամենակարևոր բանը կյանքում` ազատություն։ Սա ճգնաժա՞մ է»,–ասաց նա։

Նրա խոսքով` այս ընթացքում այնքան շատ քաղաքական անհանդուրժողականության կոչեր են հնչել ՍԴ դատավորների հասցեին, որ բոլորին պարզ է` վաղ կենսաթոշակի ուղարկելով ներկայիս իշխանությունն ուզում է` նրանք հեռանան համակարգից, քանի որ նախկին իշխանությունների օրոք են ընտրվել։

Ի դեպ, կառավարությունից հայտնեցին, որ արդարադատության նախարարությունը «ՍԴ մասին օրենքում փոփոխությունների նախագիծն» արդեն իսկ ուղարկել է գործադիր, սակայն այն դեռ կառավարության նիստի օրակարգ չի մտել։

Հիշեցնենք, որ 2020–ին նախատեսվում է Հայաստանում նվազագույն կենսաթոշակի բարձրացում` 25 500 դրամից այն կդառնա 26 500 դրամ։

Նշենք, որ հուլիսի 27–ին ՀՀ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել էր Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Դրանից հետո իշխանությունը սկսեց քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, որոնցից մեկն էլ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է։

ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է

Ըստ թեմայի

Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին
Հրայր Թովմասյանը չարաշահե՞լ է պաշտոնեական լիազորությունները
Հրայր Թովմասյանի դեմ կոնկրետ ցուցմունք տվող է եղել. «Ժողովուրդ»
թեգերը:
Թոշակ, Սահմանադրական դատարան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ