01:44 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018թ.–ին հայտարարված ու 2019թ.–ին մեկնարկած օպտիմալացումը կշարունակվի նաև 2020թ.–ին։ Sputnik Արմենիան պարզել է, թե քանի ծառայող է մնացել անգործ ու քանիսին է դա սպառնում հաջորդ տարի։ 

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Նելլի Դանիելյան. «Թավշյա հեղափոխությունից» հետո 2018թ.–ին հայտարարված պետական ապարատի օպտիմալացումը չի ավարտվել և կշարունակվի նաև 2020թ.–ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կառավարությունից։

Ինչ վերաբերում է արդեն կատարված կրճատումներին, պարզվում է` դրանք այնքան էլ մեծ ծավալի չեն եղել։

ՀՀ ֆինանսների նախարարության հաստիքների թվաքանակն, օրինակ, հեղափոխությունից հետո դեռ չի փոխվել, ասել է թե` կրճատումներ այստեղ դեռ չեն եղել, բայց առաջիկայում արդեն կլինեն։ 

Հիմնական կրճատումները դեռ առջևում են. 13 աշխատակցի արդեն կրճատել են 

ֆինանսների նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2019 և 2020թթ–ին նախարարության աշխատողների հաստիքները հաշվարկվել են համապատասխանաբար 528 և 522 աշխատակցի համար։  Այլ կերպ ասած` առայժմ հայտնի է միայն, որ 2020թ.–ին նախարարության 6 հաստիք կրճատվելու է։ 

«Ինչ վերաբերում է 2020 թվականին նախատեսվող կրճատումներին, ապա հայտնում ենք, որ նախարարությունում հաստիքների և /կամ պաշտոնների կրճատումն ուղղակիորեն փոխկապակցված է օպտիմալացման գործընթացների իրականացման հետ, ուստի ձեր կողմից բարձրացված հարցին հնարավոր կլինի անդրադառնալ 2020 թվականի ընթացքում»,– հայտնում են Ֆիննախից։

Շրջակա միջավայրի նախարարությունից ևս հայտնեցին, որ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքի փոփոխություններից հետո իրենց գերատեսչությունում կրճատումներ չեն եղել։ 2019թ.–ի բյուջեով այս նախարարությունում հաշվառված է եղել 228 հաստիք, նույնքան էլ հաշվարկվել է 2020թ.–ի համար։

Իսկ 2020թ.–ի հաստիքների վերջնական քանակը պարզ կլինի կառավարության մի որոշմամբ, որի նախագիծը 2019թ.–ի նոյեմբերի 7-ին ներկայացվել է վարչապետի աշխատակազմ։

Այս նախագծի բովանդակությունն առայժմ չի բացահայտվում, չնայած այն հանգամանքին, որ 2020թ.–ի բյուջեի նախագիծը` պետական համակարգի հաստիքների հստակ հաշվարկներով, այս շաբաթ արդեն քննարկվելու է ԱԺ նիստում։

Նույն իրավիճակն է նաև Առողջապահության նախարարությունում։ 2018թ.–ի իշխանափոխությունից հետո այստեղ կրճատումներ չեն եղել։  2019թ.–ին հաշվարկվել է 186 հաստիք, նույնքան էլ ներկայացված է 2020թ.–ի բյուջեի նախագծում։

Այդուհանդերձ, Առողջապահության նախարարությունը ևս Sputnik Արմենիային հասցեագրած գրավոր պատասխանում հիշեցնում է` «Օպտիմալացման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է»։

Հիշեցնենք` սա այս թեմային մեր երկրորդ անդրադարձն է։ Մինչ այդ Sputnik Արմենիան ներկայացրել էր 4 այլ նախարարություններից ստացված պատասխանները։

Դրանց համաձայն` ՀՀ արդարադատության նախարարությունում  օպտիմալացման ամբողջ գործընթացի արդյունքում 2019-20թթ–ին կրճատվելու է 5 աշխատակից, ԿԳՄՍ նախարարության կազմավորման արդյունքում միավորված 3 նախարարություններից` 13։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, հակառակը` կրճատումների փոխարեն նոր աշխատատեղեր են բացվել։ Եթե տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարարությունը 2018թ.–ին 130 աշխատակից ուներ, ապա նոր ձևավորված գերատեսչությունն ունի 198–ը։

Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաստիքների թիվը մնում է անփոփոխ` 700։

Նշենք, որ ՊՆ հաստիքների քանակը չի հրապարակվում` տեղեկատվության գաղտնիությունից ելնելով։ Իսկ 12 նախարարություններից 4-ի պատասխանները մենք դեռ ակնկալում ենք ստանալ ու ներկայացնել ընթերցողներին։

Հիշեցնենք` 2019թ. ՀՀ կառավարությունը փոփոխություններ իրականացրեց «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում, որով 17 նախարարությունների թիվը կրճատվեց 5–ով։ Նախկին 17-ի փոխարեն այսօր 12 նախարարություն է գործում։  Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները միավորվեցին մեկ գերատեսչության կազմում։ Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը։

ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ. Փաշինյանն ու նախարարները վիճեցին օպտիմալացման թեմայով

88 հաստիք ունեցող Սփյուռքի նախարարությունը լուծարվեց, փոխարենը վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

Ըստ թեմայի

Ալավերդյան. «Պահանջում եմ օպտիմալացման ոչ թե փաստաթղթային, այլ բովանդակային հիմնավորում»
Ի՞նչ արդյունքներ են ակնկալվում տեսչական մարմինների օպտիմալացումից
Նիկոլ Փաշինյանը բացատրել է օպտիմալացված նախարարության նպատակը
Մարզպետարաններն օպտիմալացվում են. աշխատողների 30 տոկոսն անգործ կմնա
10 հազար մարդու չեն կրճատի՞. Ջանջուղազյանը խոսեց աղմկահարույց օպտիմալացման մասին
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Հայաստան, օպտիմալացում, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ՀՀ սփյուռքի նախարարություն, ՀՀ կառավարություն

Գլխավոր թեմաներ