ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ֆինանսական շրջանառության ծավալը ՀՀ իշխանությանը չի բավարարում։ Այսօր` դեկտեմբերի 18–ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով` նախարարությունն ուսումնասիրել է ոլորտի հայաստանյան ու արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների ֆինանսական հոսքերն ու հանգել այն եզրակացության, որ այդ բնագավառում շրջանառությունը հիմնականում արտահայտվում է աշխատակիցների աշխատավարձերի տեսքով։
Ղազախստանյան բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով ու նավթամթերքի շուկայով
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենք իրենց գումարները հիմնականում գեներացնում են դրսում, դրսի իրենց կազմակերպություններում, իսկ Հայաստան գալիս է միայն աշխատավարձը։ Եվ դա բերում է նրան, որ այսպիսի փոքր թվեր ունենք`շրջանառության տեսանկյունից»,– ասաց Արշակյանը։
Նախարարի հիշատակած փոքր թիվը ոլորտի մեկ աշխատակցի հաշվով տարեկան 16 500 դոլարն է։ Մինչդեռ, ըստ նախարարի` եթե ընկերություններն իրենց ամբողջ շրջանառությունը տեղափոխեն Հայաստան, այդ ցուցանիշը կկազմի 45-50 հազար դոլար։
«Սա նշանակում է, որ մենք պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկենք, որ այդ ընկերություններն իրենց ամբողջ գումարները` շրջանառությունը գեներացնեն Հայաստանում, համենայն դեպս` հայկականները։ Դե, ամերիկյանները դժվար կլինի բերել, որովհետև դա մի քանի տասնյակ միլիոնավոր դոլարներ են։ Բայց հայկականները հնարավոր է բերել, և մենք այդ ուղղությամբ միջոցներ ենք ձեռնարկել»,– ասաց Արշակյանը։
Հայաստանը ճիշտ «փաթեթավորելու» համար հավաքվել են ՏՏ ու զբոսաշրջության ոլորտի մասնագետները
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանի ՏՏ ոլորտն այս պահին 15 000 աշխատող ունի, որոնց 38%–ը կանայք են։ Ընդ որում, կանանց ներգրավվածության ցուցանիշով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։