08:18 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
259 0 0

Հայ լրագրողներն անցած տարի անգործության չէին մատնված։ Տարվա ընթացքում սկսված քաղաքական «ներկայացումը» ժամանակ առ ժամանակ իր գագաթնակետին էր հասնում աղմկահարույց հրաժարականների ձևով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Առաջին «հետհեղափոխական» տարին Հայաստանում հետաքրքիր էր լրագրողների համար։ Ամեն ամիս սկանդալային ու արդիական թեմաներ եղան։ Քաղաքացիների աչքի առաջ զարգացող «քաղաքական թատրոնի» հերոսներն էին պատգամավորները, նախարարները, գործարարներն ու օլիգարխները։ Վերջիններիս այժմ անվանում են «խոշոր սեփականատերեր», բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ 2019թ.-ին լրագրողները անգործության չէին մատնված։ Տարվա ընթացքում շարունակվող «ներկայացումը» ժամանակ առ ժամանակ իր գագաթնակետին էր հասնում աղմկահարույց հրաժարականների ձևով։

Հրաժարականների ժամանակագրական ցանկը բացում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Հունիսի 7-ին նա Facebook-ի իր էջում հայտարարեց, որ որոշել է  հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Որոշ տվյալներով` նրան դուր չէր գալիս դատական բարեփոխումների «հարվածային» տեմպը։ Զեյնալյանի հեռանալուն նախորդեց Փաշինյանի հայտարարությունը դատավորների «վեթինգի» մասին։ Հետագայում այդ եզրույթից հրաժարվեցին, բայց ասում էին, որ արդարադատության նախարարը պարզապես չի ցանկանում միջամտել բավականին անհասկանալի գործընթացին։ Այնուամենայնիվ, Զեյնալյանը հեռացավ բավականին հանգիստ, առանց սկանդալների։

Օգոստոսի 15–ին ՀՀ վարչապետը հրաժեշտ տվեց իր երկու խորհրդականներին՝ Արսեն Գասպարյանին ու Արամ Ղարիբյանին։ Նա հեռացրեց նաև իր օգնական Մհեր Սահակյանին։ Պաշտոնական մեկնաբանություններ չեղան։ Հետագայում Գասպարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ հեռացել է սեփական դիմումի հիման վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` թերևս ամենաաղմկահարույց կադրային որոշումն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հեռացումն էր, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-ին։ Փաշինյանն ասել էր այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ։ Դրանից գրեթե մեկ ժամ անց Վանեցյանը հայտարարություն արեց։ Այն բավականին կոշտ էր։

Փաշինյանն ու Վանեցյանը փոխադարձ մեղադրանքներ էին հնչեցնում։ Վարչապետի խոսնակը կոչ էր անում ԱԱԾ նախկին տնօրենին չկորցնել սպայի արժանապատվությունը, իսկ հետո Փաշինյանն ասաց, որ Վանեցյանը սպայի ուսադիրներն աղբամանն է նետել։ ԱԱԾ նախկին տնօրենը հետքայլ չարեց, ասաց` ժամանակը ցույց կտա՝ ով կամ ինչը աղբամանում կհայտնվի։

«Երբ հեղափոխությունը դատարկ մի պղպջակ է». Վանեցյանը կրկնել է կաթողիկոսի խոսքը

Վանեցյանի ու երկրի բարձրագույն ղեկավարության միջև «փոխհրաձգությունը» բազմաթիվ քննարկումների և քաղաքական վերլուծությունների առիթ տվեցին։ Սակայն այդպես էլ անհայտ մնաց՝ ինչու այդ մարդկանց ուղիները բաժանվեցին։

Վանեցյանի հրաժարականից երկու օր անց նման ճակատագրի արժանացավ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Ու նորից բացատրությունները շատ լղոզված էին։ Սակայն այս դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր։ Նույն օրը՝ սեպտեմբերի 18-ին, Օսիպյանը դարձավ վարչապետի գլխավոր խորհրդականը։ Թեև նա նոր պաշտոնում մնաց մինչև հոկտեմբերի 8–ը միայն։ Մեկ ամիս էլ չաշխատած` նա հեռացավ։

Վարչապետն Օսիպյանին ազատել է խորհրդականի պաշտոնից

Հոկտեմբերի 10-ին պաշտոնը լքեց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Դրան նախորդեց ԶՈՒ սպա Արա Մխիթարյանին ծեծելու հետ կապված պատմությունը։ Ծեծելու մեջ մեղադրվում է Սարգսյանի նախկին խորհրդական Հարություն Գրիգորյանը։ Միջադեպի հետևանքով Մխիթարյանը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա վիճակը մինչ օրս ծանր է մնում։ Բավականին դժվար է միանշանակ գնահատական տալ այս իրավիճակին, քանի որ ականատեսների որոշ վկայությունները խոսում են սպայի անպարկեշտ պահվածքի մասին։ Ասում են՝ նա հարբած է եղել ու ինքն է հրահրել այդ ամենը։ Այուամենայնիվ, սկանդալը Սարգսյանին ստիպեց հրաժարական տալ։ Հոկտեմբերի 10-ին կառավարությունը հավանություն տվեց մարզպետին պաշտոնից ազատելու մասին` ՀՀ վարչապետի որոշմանը։

Սարգսյանի պաշտոնանկությունից ութ օր անց աշխատանքից ազատվելու դիմում գրեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Նա ինքնակամ հեռացավ, խոսելով քաղաքականության համակարգում առկա «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մասին։ Նրա խոսքով՝ իր բոլոր դիտարկումները, քաղաքաշինության ու անշարժ գույքի վերաբերյալ իր բոլոր դիտողությունները միայն ժամանակավոր ազդեցություն են ունեցել։ Նույն օրը Քաղաքաշինության  կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասաց, որ կառավարությունում դժգոհ են Պետրոսյանի աշխատանքից, ու որ նա «իր տեղում չէր»։  Պետրոսյանի ու կառավարական պաշտոնյաների լեզվակռիվը հրաժարականից հետո դեռ մի քանի օր էլ շարունակվեց։

Այդ մարդը մի քիչ իր տեղում չէր. Քաղաքաշինության կոմիտեի նախագահը` Սարհատ Պետրոսյանի մասին

Աղմկահարույց հրաժարականների ցանկն ամփոփում է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը։ Տարբեր աստիճանի պաշտոնյաները մշտապես քննադատում էին Խորհրդի ու Մանուկյանի գործունեությունը։ Իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մի անգամ ասել էր, որ Հանրային խորհուրդն «անիմաստ կառույց» է ու լավ կլիներ, որ Վազգենն Մանուկյանն ինքը գիտակցեր իրավիճակն ու հրաժարական տար։ Մանուկյանը «գիտակցեց» ու հեռացավ նոյեմբերի 13-ին։ Եվ իհարկե, ըստ ավանդույթի, եղան քաղաքական գնահատականներ։

 «Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը զարգացման ուղղությամբ տանելու, ժողովրդին համախմբելու համազգային խնդիրների շուրջ, նպաստելու մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել», - ասաց Մանուկյանը։

Քաղաքական գործիչն ասաց, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել Փաշինյանի հետ՝ հանրության շրջանում առկա լարվածության թուլացման ու երկրի համար վտանգավոր սցենարներից խուսափելու համար ուղիներ գտնելու նպատակով, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայացել։

Քոչարյանը որ դուրս եկավ, էլի հանդիպեցինք. Վազգեն Մանուկյանը վերադառնում է քաղաքականություն

Մի քանի օր անց Մանուկյանը հայտարարեց «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ստեղծման մասին, որտեղ ներառվեցին իշխանությունից դժգոհ նախկին պաշտոնյաները, փորձագետներն ու հասարակական գործիչները»։

Ըստ թեմայի

Կառավարությունն ընդունեց Սարհատ Պետրոսյանի հրաժարականը
Մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել
Արտակ Զեյնալյանը խոսեց իր հրաժարականի պատճառների մասին
Ի՞նչ գիտեն ՀՀ քաղաքացիները Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին. տեսանյութ
Ինչու Արթուր Վանեցյանը ՀՀ իշխանության դեմ տեղեկությունը չի օգտագործում. փորձագետ
թեգերը:
ՀՖՖ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Արտակ Զեյնալյան, Սարհատ Պետրոսյան, Վալերի Օսիպյան, Արթուր Վանեցյան, Հրաժարական, պաշտոնյա, պաշտոնանկություն, պաշտոն

Գլխավոր թեմաներ