02:58 29 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.71
  • GBP638.90
  • EUR578.69
  • RUB6.31
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78 0 0

Դատավորը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության հայցադիմումը մերժելու պատճառները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Նարեկ Մալյանի, սակայն հայցը թերի լինելու պատճառով դատարանն այն հետ է վերադարձրել: Դատավոր Զարուհի Կարենի Նախշքարյանի որոշումը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում։

Բադասյանը Մալյանի դեմ հայցադիմումը ներկայացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 30-ին` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:

Հայցադիմումը դատարանի աշխատակազմին է հանձնվել 2020 թվականի հունվարի 8-ին:ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` հայցադիմումը ներկայացվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում` 1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, 2) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 3) հայցադիմումը վերադարձնելու մասին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 3-րդ մասի` հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը:

Դատավորը համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերը նշված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պետք է վերադարձնել հայցվորին։ Նա ներկայացրել է պատճառները։

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` հայցադիմումում պարտադիր նշվում են հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` հայցադիմումին կցվում են` լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Տվյալ դեպքում, թեև հայցվորն ինքն է ստորագրել հայցադիմումը, սակայն հայցադիմումում` որպես ներկայացուցիչ, նշել է փաստաբան Տաթևիկ Սարգսյանի անունը: Հայցին կից ներկայացրել է 2019 թվականի դեկտեմբերի 30-ին երեք տարի ժամկետով տրված լիազորագրի բնօրինակ, որով լիազորել է փաստաբան Տաթևիկ Սարգսյանին գործել լիազորողի անունից և ներկայացնել լիազորողին և նրա շահերը ՀՀ բոլոր դատարաններում, հատուկ լիազորությունների շարքում նշվել է նաև դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու լիազորությունները: Հայցադիմումում որպես ծանուցման հասցե նշել է ներկայացուցչի հասցեն: Հայցվորի լիազորված անձ Տաթևիկ Սարգսյանն իր անվամբ վճարել է պետական տուրքը ներկայացված հայցադիմումի համար, որով արդեն իսկ իրականացրել է իր` որպես լիազորված անձի լիազորությունները:

Վերը շարադրված փաստական հանգամանքները հիմք են դատարանի համար փաստելու, որ հայցվորի լիազորված անձ Տաթևիկ Սարգսյանը հանդես է գալիս հայցվորի ներկայացուցչի կարգավիճակով, ընդ որում, դատարանին խնդրվել է ծանուցել հայցվորին ներկայացուցչի հասցեով, որը ենթադրում է իր հերթին, որ դատարանի կողմից հայցադիմումն ստանալու պահից, ապա և ծանուցումները ներկայացուցչի հասցեով ուղարկելու միջոցով հայցվորի լիազորված անձի լիազորությունները դատարանի կողմից ճանաչված են:

Նման պայմաններում դատարանն արձանագրում է, որ հայցվորը հայցադիմումում չի նշել իր ներկայացուցչի անձնագրային տվյալները և չի կցել նրա անձը հաստատող փաստաթղթի պատճենը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 122-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթների խախտում է:

Բացի այդ, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` հայցադիմումին կցվում են հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն:

Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, դատարանն արձանագրում է, որ վերոնշված իրավական նորմերի դրույթների համաձայն հայցվորի ներկայացուցիչը պարտավոր էր հայցադիմումի և դրան կից ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները ներկայացնել դատարանին` գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, մինչդեռ հայցադիմումի և դրանց կից փաստաթղթերի կողմին ուղարկվելիք փաթեթում բացակայում է պետական տուրքի վճարման փոխանցման անդորրագրի և դրամարկղի մուտքի օրդերի պատճենները, ուստի հայցվորը չի պահպանել գործող օրենսդրությամբ հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, որով թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի` առաջին ատյանի դատարանը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել սույն օրենսգրքով հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները:

Հայցադիմումը` կից փաստաթղթերով, վերադարձվել են Ռուստամ Բադասյանին:

Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվել է պատասխանող Նարեկ Մալյանին:

Հայցադիմումում թույլ տրված թերությունները վերացվելու և սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը ստանալու պահից եռօրյա ժամկետում այն դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննության կարգով այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը քաղաքացիական ակտիվիստ Նարեկ Մալյանը բողոքի ակցիա էր կազմակերպել «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» գրասենյակի առաջ: Ըստ Մալյանի` Սորոսի գրասենյակից Հայաստանի իշխանությանը պարտադրում էին, որ արդարադատության նախարար նշանակեն Ռուստամ Բադասյանին։

Մալյանը հայտարարել էր, թե Բադասյանն իր վրա պարտավորություն էր վերցրել «քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ»։

Մալյանը նաև նշել էր, որ Բադասյանը վեթինգի ջատագովներից է ու հավելել, որ առաջին վեթինգի ենթարկվողը կլինի հենց Բադասյանը, որպեսզի պարզեն` օրինակա՞ն, թե՞ անօրինական է եղել նրա` պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը։

Հիշեցնենք նաև, որ Ռուստամ Բադասյանը 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
2019 թվականի հունիսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:

Ըստ թեմայի

«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը
Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին
ՀՅԴ-ն դատի է տվել Արման Բաբաջանյանին
թեգերը:
Նարեկ Մալյան, Ռուստամ Բադասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ