01:39 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
613 0 0

Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բազմաթիվ մտորումների առիթ են տալիս։ Այդ մտորումների եզրահանգումները դեռ հուսադրող չեն։

Աշոտ Սաֆարյան, Sputnik Արմենիա

Օրեր առաջ Արցախում մահացած զինվորի ծնողների` հուսահատությունից ծնված գործողությունները կրկին ստիպում են մտածել բանակում առկա արատավոր երևույթների մասին, մտովի փնտրել դրանք վերացնելու ուղիներն ու ողբերգական միջադեպերի պատճառները։ Արցախի զորամասերից մեկում հունվարի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի բարեկամներն ու համագյուղացիներն անցած կիրակի ուզում էին նրա դիակով դագաղը Երևան բերել։ Նման հուսահատ քայլի նրանք դիմել էին մահվան հանգամանքների արդար և թափանցիկ հետաքննության հասնելու համար։

Ծնողներին և հարազատներին զայրացել էր, որ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Նրանք չեն հավատում, որ իրենց որդին նման քայլի է դիմել։ Բարեկամները պնդում են, որ Ավագյանին սպանել են ծառայակիցները։ Այդ ակցիային միջամտեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը կարողացավ համոզել նրանց վերադառնալ և հուղարկավորել որդուն։ Տոնոյանը խոստացավ, որ լիարժեք հետաքննություն կանցկացվի և հայտնեց, որ ներկա պահին ունեցած տվյալները թույլ չեն տալիս խոսել ինքնասպանության մասին։

Ցավոք, Ավագյանի հետ տեղի ունեցած դեպքը վերջին ամիսների ընթացքում միակը չէ։ Անցած տարվա վերջում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել կրկին ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները։ Նրանք ևս սպառնացել են տղայի մարմնով դագաղը բերել խորհրդարանի մոտ, քանի որ համաձայն չէին քննության վարկածի հետ։

Վերջին օրը զորամասում. ինչով են զինվորները զբաղվելու քաղաքացիական կյանքում

Այս գործողությունները մեկ հիմք ունեն` իրավապաշտպան համակարգի, քննչական մարմինների նկատմամբ անվստահություն։ Եվ այստեղ արդեն նշանակություն չունի` օբյեկտիվ է այդ անվստահությունը, թե ոչ։ Եթե այն կա, ապա դա արդեն խնդիր է։

«Հարցը, թե ինչ հոդվածով գործ հարուցել, որոշվում է բացառապես տվյալ պահին առկա տվյալների համադրության հիման վրա։ Եթե նույնիսկ գործը հարուցվել է «ինքնասպանություն» հոդվածով, հետաքննության ընթացքում կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ, որոնք կստիպեն գործը վերաորակավորել», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

Նրա խոսքով` Քննչական կոմիտեի հասցեին հնչած մեղադրանքները որևէ քննադատության ենթակա չեն և զուրկ են իրավական տրամաբանությունից։ Քննիչը չի կարող այլ որակում տալ, երբ նրա մոտ առկա փաստերը խոսում են ինքնասպանության վարկածի օգտին։ Հարությունյանը համաձայն չէ այն մտքի հետ, որ հասարակության մեջ քննիչների նկատմամբ անվստահություն կա։

«Քննչական կոմիտեն բարձրագույն պետական ինստիտուտ է և կատարում է բացառապես օրենքով սահմանված գործառույթներ։ Բացի այդ յուրաքանչյուր դեպք, յուրաքանչյուր դրվագ բացառիկ է իր բնույթով։ Որևէ իներցիայի կամ միտումնավորության մասին խոսք լինել չի կարող», – հայտարարեց ՔԿ ներկայացուցիչը։

Մի փոքր այլ տեսակետ ունի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Իրավաբանը բախվել և այսօր էլ բախվում է բազմաթիվ դատավարությունների` կապված բանակում մարդկանց մահվան դեպքերի հետ։ Նա կարծում է, որ իսկապես կա միտում ողբերգական միջադեպերը «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության հասցնելը» հոդվածներով որակել։

Մեկ օր բանակում. լուսանկարներ` զինվորների կյանքից և առօրյայից

«Սակայն պատճառը ոչ թե հանցագործությունը կոծկելու պետության ցանկությունն է, ձգտումը բարձրացնել Հայաստանի վարկանիշը և ցույց տալ, որ բանակում սպանությունների թիվը կրճատվում է, այլ իշխանություններն ու իրավապահ մարմինները նման «մանևրումներով» արհեստական իջեցնում են սպանությունների թիվը», – ասաց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում։

Փաստաբանն այսօր դատարանում պաշտպանում է մի զինվորի, որը մեղադրվում է ծառայակցին ինքնասպանության հասցնելու մեջ։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց։ Զինվորը մահացել է հրաձգարանում։ Նախ` քննիչը զննման ժամանակ չի հայտնաբերել ոչ փամփուշտ, ոչ պարկուճ։ Երկրորդ` զոհվածի տաբելային զենքի պահեստատուփում բոլոր 9 փամփուշտներն առկա են, և որևէ այլ զենք տարածքում, որտեղ նա մահացել է չի հայտնաբերվել։ Երրորդ` ողբերգությունից մեկ օր առաջ, ուշ երեկոյան զինվորը խոսել է ծնողների հետ, անձնական հիգիենայի պարագաներ է խնդրել, իսկ վաղ առավոտյան միջադեպի օրը, ծառայակցի խոսքով, նա շատ լավ տրամադրություն է ունեցել։ Այդ ամենից հետո ինքնասպանության մասին խոսել փաստաբանն անհեթեթ է համարում։ Նա կարծում է, որ սա իսկական սպանություն է։

«Ես կոնկրետ օրինակ բերեցի, որը խոսուն վկայություն է իսկզբանե քննություն բռնած սխալ ուղղության մասին։ Եվ նման օրինակները բազմաթիվ են», – ասաց փաստաբանը։

Եթե նույնիսկ ենթադրենք, որ բանակում մահվան դեպքերի մեծ մասը սպանություն չեն, այլ ինքնասպանություն կամ ինքնասպանության դրդում, ապա դա էլ է վկայում վատ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին։ Հարց է, թե որն է ավելի վատ ու վտանգավոր` մարդասպան ծառայակիցները, թե զինվորների ինքնասպանության հակվածությունը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ կարծում է, որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում, հատուկ հոգեբանական աշխատանք զինծառայողների շրջանում, ինչը չի արվում։ Նրա խոսքով` անձնակազմի հետ աշխատելու համակարգը բարձիթողի վիճակում է։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

«Մենք բազմիցս մեր առաջարկները ներկայացրել ենք, այդ թվում նաև` պաշտպանության նախարարին. դրանք կնպաստեին համակարգային մոտեցումների մշակմանը։ Ռազմական ղեկավարությունը քաջ գիտակցում է խնդիրը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով ռազմական հոգեբանների ինստիտուտը դեռ չի կայացել։ Չէ՞ որ յուրաքանչյուր զորամասում բժիշկ կա, ի՞նչն է խանգարում ունենալ նաև ռազմական հոգեբան», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գասպարյանը։

Երևանի պետական մանկավարժական համալսարանում գործում է հոգեբանության ֆակուլտետ, որտեղ ռազմական հոգեբանություն են դասավանդում։ Այնտեղ հիմնականում աղջիկներ են ընդունվում, և հավանականությունը, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կգնան բանակ անձնակազմի հետ աշխատելու, չափազանց ցածր է։

Գասպարյանը պնդում է, որ ռազմական հոգեբանը բանակում պետք է հատուկ կարգավիճակ ունենա։ Սովորական սպան չի կարող արդյունավետ աշխատել զինվորի հետ, նրան պարզապես չեն վստահի։

Ռազմական հոգեբանների ինստիտուտի ներդրմանը զուգահեռ հարկ կլինի պայքարել բանակի կիսագողական, կիսաքրեական կարգերի դեմ։ Հոգեբանը համոզված է, որ զինվորի դաստիարակությունը դպրոցական նստարանից պետք է սկսվի։

Ընդհանուր առմամբ, Գասպարյանը վտանգավոր է համարում մամուլում անդադար ինքնասպանությունների մասին հրապարակումներ անելը։ Նրա խոսքով` ոչ կայուն հոգեբանական վիճակում գտնվող, որևէ սոցիալական, անձնական, ֆինանսական խնդիր ունեցող մարդիկ, կարդալով ինքնասպանության մասին այդ լուրերը, մտածում են, որ գուցե դա է միակ ելքը։

Հայաստանում սիրում են կրկնել, որ բանակը հասարակության հայելին է։ Այս պնդման հետ դժվար է չհամաձայնելը։ Իսկ դա նշանակում է, որ բանակում հանցավորության դեմ պայքարն անհնար է առանց հանրության շրջանում համապատասխան առողջացման գործընթացների։ Երբ դա չկա, ցանկացած պահի լրահոսում կարող է հայտնվել հերթական սարսափելի դեպքի մասին տեղեկությունը։

Ըստ թեմայի

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով
Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը
Արցախի բանակցությունները Թուրքիային ստիպել են «դուրս գալ որջից». ինչ է Անկարան առաջարկում
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Սպանություն, ինքնասպանություն, Զոհ, Մահ, Զինվոր, Բանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ