ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Չինաստանի տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն տարհանվել է ՉԺՀ տարածքից: Sputnik Արմենիային այս տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած ևս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից»,–ասաց Նաղդալյանը։
Նրա խոսքով` Չինաստանում ՀՀ դեսպանատան տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից:
Կորոնավիրուս` մահացածներ, վարակակիրներ, բուժվածներ. իրավիճակը` թվերով
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 հազար 438 մարդու, 425–ը մահացել են։ Մեկ օր առաջ պաշտոնապես հայտարարվել էր 17 205 հիվանդների և 361 մահացածների մասին։
Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։ Թեստը ստանալուց հետո Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի վեց հետազոտություն. փետրվարի 4-ի դրությամբ երկրում վարակի դեպք չի գրանցվել։
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանը կասեցնում է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմը