08:47 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)
99 0 0

Հայաստանի վարչապետի կարծիքով` մի բարդույթ կա, որը մեզ շատ է խանգարում։ Նա այդ մասին խոսել է արտգործնախարարությունում։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ներկա է գտնվել Դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառմանը և բոլոր դիվանագետներին շնորհավորել մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Իմ լրագրողական և քաղաքական գործունեության ընթացքում բազմաթիվ պատմությունների եմ առնչվել, լսել, թե ինչպես է զրոյից, ըստ էության ոչնչից, ստեղծվել Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, երբ բազմաթիվ մարդիկ, 180 աստիճան շրջադարձ կատարելով իրենց մասնագիտական գործունեության մեջ, իրենց կյանքի հետագա ծրագրերում, նվիրվել են Հայաստանի դիվանագիտական կորպուսի հիմնադրմանը»,- ասել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը:

Վարչապետի խոսքով՝ ժամանակն է, որ մենք մեր առաջ նոր խնդիրներ ձևակերպենք և ուղենշենք մեր հետագա անելիքները:

Կառավարության ղեկավարը նշել է, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչ օրակարգ է ինքն իր մեջ ձևակերպել պետական կառավարման և դիվանագիտական համակարգերի համար:

«Կարծում եմ, որ մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը, որովհետև ինչքան էլ բնական լինի ինչ-որ առումով, այդ բարդույթը, կարծում եմ, մեզ որոշ տեղերում շատ է խանգարում: Բայց մյուս կողմից, առանձին վերցված դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը կամ այդ դժվարությունը հաղթահարել, որովհետև այդ դժվարությունը պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, այդ դժվարությունը պետք է հաղթահարվի պետական ողջ ինստիտուտի ամեն սուբյեկտի, ամեն կառույցի մակարդակում, որովհետև կարծում եմ, որ արտաքին աշխարհում դիվանագիտությունն արտահայտում է այն հոգեբանությունը, որն արմատացած է երկրի ներսում, ուղղակի դիվանագիտական մակարդակում երբեմն գուցե դա ավելի տեսանելի է լինում»,- նշել է վարչապետը։

Նա նշել է, որ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա:

«Այն կարգախոսը, որ մենք այս տարի որդեգրեցինք դիվանագիտական հավաքին ընդառաջ՝ «Ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն», ընդհանուր առմամբ հենց այս նպատակադրումն ունի իր մեջ, եթե կարելի է այսպես ասել՝ գենետիկ մակարդակում: Եվ մենք պետք է աշխատենք հենց այս հոգեբանությամբ: Բայց միևնույնն է, դիվանագետներին ես այստեղ որոշակի լիդերության գործառույթ եմ վերապահում, որովհետև իմ պատկերացմամբ դիվանագետն այն մարդն է, ով հավատում է, որ ինքը կարող է փոխել աշխարհը, կարող է փոխել ճակատագրեր, կարող է փոխել սեփական երկրի, ժողովրդի ճակատագիրը, և հենց այս առաքելությունը պետք է դրված լինի մեր դիվանագիտական ծառայության, բնականաբար, նաև մեր ամբողջ պետական կառավարման գործունեության հիմքում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ սա պետք է լինի նաև ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հոգեբանությունը՝ սկսած գործարարից և վերջացրած հանրային ծառայողով: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտությունն այս հոգեբանությունը պետք է ներկայացնի արտաքին աշխարհին և այս հոգեբանական փոփոխության արգասիքը պետք է լինի աշխարհի վերաբերմունքի փոփոխությունը մեր նկատմամբ:

«Ընդհանուր առմամբ, մենք շատ բարդ, սակայն կենսական խնդիր ենք դրել մեր առաջ, և այդ խնդիրը հետևյալն է՝ մեր երկրի ինքնագնահատականը և ուրիշների գնահատականը մեր երկրի նկատմամբ փոխելը: Եվ սա է այն ռազմավարական խնդիրը, որ մենք պիտի լուծենք: Եթե ավելի պարզ ձևակերպելու լինեմ, մենք հիմա խնդիր ենք դրել՝ մեր երկրի դասը փոխելու, մեր երկիրը 1, 2, 3 և եթե հնարավոր է, ավելի բարձր դասի երկրների շարքում դնելու և այդ նպատակին ծառայելու»,– ասել է նա:

Փաշինյանը հավաստիացրել է` լիարժեքորեն և անկեղծորեն հավատում է, որ այսօր մեր դիվանագիտական ծառայությունն ունի այդ պոտենցիալը՝ փոխել աշխարհը մեր մասով և փոխել աշխարհի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների մեջ պետք է լինի հուսալի գործընկեր, և Հայաստանի Հանրապետության նկատմամբ հուսալի գործընկերության ձգտումը պետք է ամեն տարվա, ամեն ամսվա հետ ավելի բարձրանա, ավելանա այդ պահանջարկը:

«Ընդհանուր առմամբ խնդիրը պարզ է. մենք պետք է այնպես անենք, և դա առաջին հերթին մեր դիվանագիտական ծառայության անելիքն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամների շարքն աշխարհում շատանա՝ բարեկամ երկրների, կազմակերպությունների և ընդհանրապես շրջանակների, և սրա համար մենք պետք է լինենք հուսալի գործընկեր: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի այնպես անել, որ դիվանագիտական ծառայության գրավչությունն ավելի ու ավելի մեծանա, չնայած իմ տպավորությամբ այսօր դիվանագիտական ծառայությունը Հայաստանում ամենագրավիչներից է, ինչը, կարծում եմ, Արտաքին գործերի նախարարության և ընդհանրապես մեր դիվանագետների կատարած աշխատանքի ամենաօբյեկտիվ գնահատականն է: Ես երկրորդում եմ այդ գնահատականը և կրկին շնորհակալություն հայտնում մինչև այժմ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին մատուցած բոլոր ծառայությունների համար»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Դիվանագետի օրվա կապակցությամբ վարչապետի միջնորդությամբ և նախագահի հրամանագրերով շնորհվել են դիվանագիտական աստիճաններ: Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանին, Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Յուրի Բաբախանյանին, ԱԳ նախարարի խորհրդական Վահե Գևորգյանին, Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին: Երկարամյա արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար «Երախտագիտության» մեդալով պարգևատրվել է ԱԳՆ Ֆինանսաբյուջետային վարչության պետ Արմենուհի Գալստյանը:

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1054)

Ըստ թեմայի

Վարչապետ Փաշինյանն արձակուրդ կվերցնի հանրաքվեի քարոզարշավի օրերին. նախարար
«Սադրողներին» գաղտնալսելը երկսայր սուր է. արդյո՞ք Փաշինյանին դա պետք է
Փաշինյանն ու Մնացականյանը բաժանել են դերերը. փորձագետը` Արցախի շուրջ շեշտադրումների մասին

Գլխավոր թեմաներ