06:08 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
442 0 0

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. 2016թ.-ին այլ պետության ղեկավարների և հոգևոր առաջնորդի այցի կազմակերպման գործընթացում խոշոր վատնումներ են եղել։

Ինչպես տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ կառավարության 09.06.2016թ. գաղտնի որոշմամբ այլ պետության ղեկավարի այցը պատշաճ կազմակերպելու նպատակով ՍՊԸ-ին նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 576 մլն. դրամ, որը նախարարի գաղտնի հրամանով տրվել է ընկերությանը, կնքվել նվիրաբերության պայմանագիր:

«Հայկական ժամանակի» տեղեկություններով` ՀՀ մշակույթի նախարարության նախկին պաշտոնատար անձինք խոշորածավալ վատնումներ են թույլ տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի 2016 թվականի հայաստանյան այցը կազմակերպելու գործընթացում:

Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան էր ժամանել 2016 թվականի ամռանը, իսկ այդ ժամանակ Մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը:

Թեև պայմանագրով սահմանված է եղել, որ նվիրառուին հատկացվող գումարը ներառում է հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության գաղտնի որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի գաղտնի հրամանով ընկերությանը հարկային պարտավորություններ կատարելու՝ ընկերության կողմից ներկայացված պատճառաբանությամբ փոխանցվել է ևս մոտ 60.2 մլն ՀՀ դրամ։ Մինչդեռ ըստ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ ընկերության կողմից կազմված փաստաթղթերում ծախսերի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է 10 տոկոս ավելացում, այսինքն` նշված նպատակով լրացուցիչ գումարների տրամադրումը հիմնավորված չի եղել:

Տարածած հաղորդագրության համաձայն` ընկերության կողմից որպես հաշվետվություն ներկայացված պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք դեպքերում պայմանագրերի գները էականորեն բարձր են շուկայական գներից, ձեռք են բերվել կամ վարձակալվել գույք,  աշխատանքներ կամ ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը կամ գնագոյացումը չի հիմնավորվել, պարզ չէ՝ ինչպես է հետագայում տնօրինվել պետական բյուջեի միջոցներով ձեռքբերված գույքը։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Օրինակ` ուկրաինական երեք տարբեր ընկերությունների հետ կնքվել են Երևանում, Գյումրիում և Վաղարշապատում 2 շարժական հեռուստատեսային կայանների ծառայությունների,  1 տելեսկոպիկ օպերատորի կռունկների տեխնիկական ծառայությունների ձեռքբերման մասին պայմանագրեր՝ ընդհանուր շուրջ 171 մլն ՀՀ դրամ արժեքով։ Մինչդեռ ըստ ՀՀ ՀՀՌԽ-ից ստացված տվյալների՝ ռուսաստանյան ընկերության կողմից մեկ այլ առիթով 2018թ. արվել է գնային առաջարկ՝ որով նմանատիպ շարժական հեռուստակայանի ծառայություններն առաջարկվել են 1 միավորը շուրջ կրկնակի պակաս գնով։

Կամ՝ ընդհանուր 16.3մլն դրամ արժեքով ձեռք է բերվել կարմիր գորգ, շապիկ, անձրևանոց, պոլիեթիլենային թաղանթ, սակայն որևէ տեղեկատվություն չկա, թե ինչպես են օգտագործվել կամ ում են հանձնվել ձեռքբերված ապրանքները։ Կատարվել են 22 մլն դրամի արգելապատնեշների պատրաստման աշխատանքներ, սակայն պայմանագրում դրա տեխնիկական բնութագրի, չափի, ձևի, նյութի մասին որևէ նշում չկա։

Այլ ընկերության հետ ՍՊԸ-ն կնքել է թարգմանչական ծառայությունների կազմակերպման աշխատանքներ՝ ընդհանուր մոտ 6մլն դրամ արժեքով, սակայն պարզվել է, որ նշված երկու ընկերություններն էլ այդ ժամանակահատվածում գրանցված են եղել Եղեգնաձոր քաղաքի նույն հասցեում, իսկ որպես թարգմանչական ծառայություններ մատուցող ներկայացված ընկերությունը 2016թ.-ի մայիսից մինչև 2017թ.-ի մարտ, այսինքն` վերոնշյալ այցի ընթացքում, չի ունեցել ոչ մի գրանցված աշխատակից,  իսկ որպես այդ ընկերության տնօրեն հանդես եկած և պայմանագիրն ու կատարողական ակտը ստորագրած անձը ՀՀ ՊԵԿ տվյալներով որպես տնօրեն աշխատել է միայն 2018թ. դեկտեմբեր ամսից։

Պարզվել է, որ այլ ընկերության հետ կնքված պայմանագրով 17.06.2016թ.-28.06.2016թ. ընթացքում 5 տարբեր մակնիշի ավտոմեքենաներով կատարվել են ուղևորափոխադրումներ, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տվյալներով ծառայությունները, իբր, մատուցած ընկերությունը 2016-2017թթ., բացի տնօրենից, որևէ գրանցված աշխատակից չի ունեցել։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի նախարարի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացված՝ ՍՊԸ-ին գումարներ հատկացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության վերոնշյալ գաղտնի որոշումների նախագծերի փաթեթում ծախսերի բնույթի, անհրաժեշտության և չափի վերաբերյալ որևէ հիմնավորում չի եղել, և նշվել է միայն «այցը պատշաճ կազմակերպելու նպատակով» արտահայտությունը։

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. ՀՔԾ

Այսպիսով, ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տվյալներ՝ 2016թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ Կառավարությանն անարժանահավատ տվյալներ ներկայացնելու, դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներից ընկերությանն  անհիմն 60.2 մլն դրամ հատկացնելով պետության համար ծանր հետևանքներ առաջացնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 110.3 մլն դրամի անարժանահավատ ծախսեր՝ վատնում կատարելու վերաբերյալ։

Նկատի ունենալով վերանշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ըստ թեմայի

Միքայել Մինասյանին ՀՔԾ ներկայանալու ծանուցում են ուղարկել
ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ
Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՀՔԾ
թեգերը:
ՀՀ դատախազություն, չարաշահում, պաշտոնյա, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապ, Հռոմի պապ, Հայաստան

Գլխավոր թեմաներ