09:03 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
368 0 0

Տաթևիկ Ռևազյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակը կազդի ՔԱԿ-ի հեղինակության վրա, բայց լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները բավականին քիչ քանակով չվերթեր են իրականացնում դեպի Եվրոպա։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում խոսեց Հայաստանում գրանցված 2 ավիաընկերություններին թռիչքներ իրականացնելու իրավունքից զրկելու և Քաղավիացիայի շուրջ ծավալված աղմուկի մասին։

ԶԼՄ–ներում տեղեկություն էր տարածվել, թե Միջազգային ավիացիոն գործակալությունը փետրվարին իրականացրած ստուգումներից հետո Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեին զրկել է լիցենզիայից։ 

«Հերքում եմ, մեզ որևէ լիցենզիայից չեն զրկել։ Խոսքը վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին։ Ճիշտ է, որ դրանցից երկուսին ժամանակավորապես զրկել են Եվրոպայի ուղղությամբ թռիչքներ իրականացնելու իրավունքից։ Մենք հիմա ուզում ենք եվրոպական կողմից պարզել, թե այդ որոշումն ինչու են այդքան արագ կայացրել, որովհետև Հայաստանում կատարված ստուգման արդյունքը պետք է հրապարակվի մայիսին։ Հիմա նամակ ենք պատրաստում մեր գործընկերներին, որպեսզի ստանանք պարզաբանումներ։ Քանի որ ընթացակարգն այնպիսին է, որ իրենք ստուգումներից հետո մեզ դիտողություններով նամակ պետք է ուղարկեին, այնուհետև հնարավորություն տային, որպեսզի մենք էլ մեր դիտողություններն անեինք։ Իսկ վերջնական որոշումը պետք է կայացվեր մայիսին։ Մենք մեր դիտողությունները կուղարկենք երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, ասեմ, որ բավականին շատ են այդ դիտողությունները»,-ասաց Ռևազյանը։

Ռևազյանի կարծիքով` Հայաստանի քաղավիացիան մի շարք փոփոխություններ պետք է կրի, որպեսզի համապատասխանի եվրոպական գործընկերների ակնկալիքներին։ Քաղավիացիայում լրջագույն փոփոխությունները պետք է լինեն երկարաժամկետ ծրագրերով, որովհետև առկա են խնդիրներ, որոնք տարիների պատմություն ունեն և չեն կարող լուծվել մի օրում։

Ինչ վերաբերվում է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե 2015 թվականին էլ են ստուգումներ եղել քաղավիացիայում, և ասել են, որ ամեն ինչ շատ լավ է, Ռևազյանը բացատրեց, որ Միջազգային քաղավիացիան, երբ գալիս է ստուգումների, շատ չի մանրանում, այլ գլոբալ հարցեր է տալիս, իսկ մասնագետը կարող է պատասխանել՝ այո` առանց համապատասխան փաստը ներկայացնելու։ Իսկ երբ եվրոպացիներն են գալիս ստուգումների, նրանց պահանջներն ավելի բարձր են։ Երբ մասնագետին հարցեր են տալիս, դրական պատասխանը ստանալուց հետո նաև ապացույց են ուզում։

«Հայաստանի քաղավիացիայում տարիներ շարունակ շատ բաներ արվել են, բայց բանավոր, այսինքն` չկան փաստաթղթեր, որոնք հիմա մեզնից պահանջում են, որպեսզի ներկայացնենք։ Ասում են, որ այդ գործառույթները չեն իրականացվել, իրականում փաստաթղթերը չեն պահվել»,-ասաց նա։

Ռևազյանի խոսքով` կատարվածն առաջին հերթին վատ է իրենց հեղինակության համար, բայց չվերթերի քանակի վրա լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները բավականին քիչ քանակով չվերթեր ունեն դեպի Եվրոպա։

Ռևազյանն ավելի քան վստահ է, որ հիմնարար փոփոխությունների հենքն արդեն կա, ամեն ինչ հնարավոր է շտկել ժամանակի ընթացքում։

Ըստ թեմայի

Տաթևիկ Ռևազյանը 6–ամյա Տիգրանին ժպիտ պարգևելու համար մեկ օրով փոխեց մասնագիտությունը
«Ինձ ամենաստոր բաներն էին գրում Տաթևիկ Ռևազյանի մասին». Փաշինյան
«Կորոնավիրուսից փախչելն անհեթեթություն է». Տաթևիկ Ռևազյանն ասել է` ինչու է մեկնել Դանիա
թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, Տաթևիկ Ռևազյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ