11:20 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.00
  • GBP588.54
  • EUR526.57
  • RUB6.76
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37611

Արդեն իսկ միջնորդություն է ներկայացվել` բողոքարկելու Սեդրակ Առուստամյանի ձերբակալման որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱԱԾ-ն երեկ` ապրիլի 23–ին, ձերբակալել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։

«Երեկ ձերբակալել են Սեդրակ Առուստամյանին` մի անհեթեթ կասկածանքով։ Նրան արդեն իսկ  հարցաքննել են, և նա, բնականաբար, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա մանրամասն ցուցմունք է տվել, պատասխանել բոլոր հարցերին»,–ասաց պաշտպանը։

Սուքիասյանը հայտնեց նաև, որ արդեն իսկ միջնորդություն են ներկայացրել` բողոքարկելով Առուստամյան ձերբակալման որոշման դեմ։

Հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ գործը առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Սուքիասյանը պատասխանեց, թե չի ուզում խոսել այդ մասին, քանի որ պաշտոնական հաղորդագրություն չկա, և ինքը կարող է առնչվել նախաքննական գաղտնիքի հետ։

Ի դեպ, Առուստամյանի ձերբակալման դեմ պաշտպանի միջնորդությունը կքննվի այսօր։

Հիշեցնենք, որ Առուստամյանն անցնում է ևս երկու քրգործով։

Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։

«Մուլտի Գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորե՞ն

Իսկ ՀՔԾ–ում քննվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարությանն առնչվող քրեական գործի շրջանակում 2019-ի սեպտեմբերի 19–ին մեղադրանք էր առաջադրվել Սեդրակ Առուստամյանին. նրան կալանավորելու որոշում էր կայացվել։

Սակայն սեպտեմբերի 22–ին Առուստամյանը 20 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել։ «Մուլտի Գրուպի» տնօրենին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ֆինանսական բուրգ ստեղծելու կամ ղեկավարելու, ինչպես նաև հարկային պարտավորություններից խուսափելու համար։ Քրգործի քննությունը շարունակվում է։

թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Գագիկ Ծառուկյան, հարցաքննություն, Ձերբակալում, Սեդրակ Առուստամյան

Գլխավոր թեմաներ