ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելն ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին` բացարձակ մերժելի երևույթ է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է երեկ` ապրիլի 28–ին, խորհրդարանում գրանցված միջադեպին։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել էր, թե Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն վերաբերում, ուր մնաց մենք և ժողովուրդը լուրջ ընդունենք։ ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ, պատասխանելով Սամսոնյանին, նշել էր. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում։ Անընդհատ իմ մոտ տպավորություն է, որ Ձեր մոտ ինչ-որ մանյակալ բան է»։
«Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ»,–իր անդրադարձում գրել է Թաթոյանը:
Նա հիշեցրել է, որ կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը:
Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում
«Նման իրավիճակներ մենք չենք ունենա միայն այն ժամանակ, երբ բանավեճում թիրախավորենք ոչ թե ընդդիմախոսի սեռը, այլ քննարկենք միայն թեման ու առարկայական հարցեր»,–գրել է ՄԻՊ–ը:
Թաթոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը իրենց կարևոր գործընկերն է և կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն
Նրա խոսքով` կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք, և մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին: