00:03 04 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
484 0 0

Կազմակերպիչները համոզված են, որ այս համերգը հերթական հնարավորությունն է ցույց տալու հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնական ուժը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի –Sputnik. Երևանում վաղը` մայիսի 2–ին, աննախադեպ առցանց բարեգործական համերգը կանցկացվի։ Համերգին կմասնակցեն աստղեր Հայաստանից, ԱՄՆ–ից, Լիբանանից, Կանադայից, Ավստրալիայից և Ռուսաստանից։ Համերգից հասույթը կուղղվի  Covid-19–ի դեմ պայքարին։ Այս տեղեկությունն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց  «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը։

«Հավաքված գումարը կուղղվի դեղորայքի և սարքավորումների, մասնավորապես թոքերի արհեստական շնչառության սարքերի ձեռքբերմանը։ Միջոցառմանը կմասնակցեն ծագումով հայ մշակութային գործիչներ ամբողջ աշխարհից», – ասաց Թովմասյանը։

Նա նշեց, որ մինչև հիմա մասնակիցների ցուցակը լրացվում է։ Երևանից մասնակցող արտիստները կնստեն միմյանցից 2-2.5 մետր հեռավորության վրա, և այդպիսով սոցիալական հեռավորությանը պահպանելու անհրաժեշտության մասին իրենց մեսիջը կուղղեն իրենց երկրպագուներին։

Մյուս մասնակիցները`Լոս Անջելեսից, Լաս Վեգասից, Մոսկվայից, Սիդնեից, Տորոնտոյից, Բրյուսելից, Բեյրութից, համերգին կմիանան տնից։ Սա իր մեջ նաև տանը մնալու կարևորության մեսիջն է պարունակում։

Առցանց համերգին գումար նվիրաբերած բոլոր մասնակիցների անունները կհրապարակվեն հիմնադրամի կայքում(գումարի չափն էական չէ)։ Համերգը հեռարձակվելու է YouTube–ով։

Անդրադառնալով լուրերին`թե համերգի կազմակերպման համար ինքն արդեն մեկ միլիոն է ծախսել, Թովմասյանը նշեց, որ իսկապես այդպես է, բայց ոչ թե գումարային, այլ ժամանակի առումով։

Լեդի Գագան համերգ է կազմակերպել COVID-19 հիմնադրամի համար. ո՞ր աստղերն են միացել նրան

Նա ընդգծեց, որ մայիսի 2-ին կայանալիք «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի առցանց համահայկական համերգի շրջանակում կանցկացվի նաև ինտերակտիվ աճուրդ, որին մասնակցության ցանկություն են հայտնել հայ եւ համաշխարհային ճանաչում ունեցող շատ հայտնիներ:  Նրանք աճուրդի են հանել իրենց ստորագրությամբ գնդակ, շապիկ և այլ իրեր։

Այս համերգն աննախադեպ է համարում նաև պրոֆեսոր, բ.գ.դ., նյարդաբան, «Նաիրի» ԲԿ–ի անգիոնյարդաբանական ծառայության ղեկավար Հենրիխ Բակունցը։ Նա ընդգծում է, որ սա ՏՏ տեխնոլոգիաների կիրառմամբ իր տեսակի մեջ առաջին համերգն է։

Անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսային վարակի  հետ կապված իրավիճակին` Բակունցը նշեց, որ իր համար այդքան էլ հասկանալի չէ մահացության նման բարձր մակարդակն այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Իտալիան, Իսպանիան, որտեղ թոքերի արհեստական շնչառության բազմաթիվ սարքեր կան։ Այդ է պատճառը, որ Covid-19–ի հարցում նա կարևոր է համարում պրոֆեսիոնալ մոտեցումը։

«Մարդը ոչ թե վիրուսից է մահանում, այլ ուղեկցող հիվանդություններից։ Անհրաժեշտ է հակավիրուսային միջոցներ ստեղծել, և կենտրոնանալ հենց դրա վրա», – ասաց Բակունցը։

Նրա խոսքով` պետք չէ հույսը դնել պատվաստանյութի վրա, քանի որ այն կստեղծեն մեկ տարի հետո, իսկ այդ ընթացքում վիրուսը մուտացիայի կենթարկվի, և ստիպված կլինեն նոր պատվաստանյութ ստեղծել։

Ասուլիսին մասնակցող երգչուհի Ալլա Լևոնյանն ու բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը նշեցին, որ բոլորը մեծ սիրով են միացել միջոցառմանը` հասկանալով, որ ներկայիս իրավիճակում չգործել չի կարելի։

«Առցանց հեռարձակումն իր հետաքրքիր կողմն ունի, դա նշանակում է, որ մենք կարող ենք մեծ միջազգային լսարան հավաքել», – ասաց Քեշիշյանը։

Համերգը կտևի մոտ 8 ժամ։ Մեկնարկը կտրվի մայիսի 2-ին, ժամը 20:20–ին և կավարտվի առավոտյան 4:30–ին։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

թեգերը:
կորոնավիրուս, աշխարհ, բարեգործություն, փող, Հայաստան, կարանտին, Համերգ

Գլխավոր թեմաներ