22:53 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)
101510

Հայաստանի բնակչությունը նույնպես պետք է հարմարվի ժամանակակից իրողությանը. նույնիսկ արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո կյանքն առաջվանը չի լինելու։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Դիմակներով ու ձեռնոցներով մատուցողներ, հերթեր առևտրի կենտրոնների մուտքերի մոտ, սրճարանների սեղանների միջև մեկ մետր հեռավորություն․ սա արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո Հայաստանի ժամանցային հաստատություններում ու կենտրոններում կատարվելիք փոփոխությունների ոչ ամբողջական ցանկն է։

Նախնական տվյալների համաձայն՝ արտակարգ դրությունը Հայաստանում գործելու է մինչ մայիսի 14-ը։ Սակայն ապրիլի վերջից իշխանությունը հետզհետե հանում է սահմանափակումները։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկա տասն օրվա ընթացքում տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները հանվելու են։

«Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն խոստովանենք». Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

Մայիսի 4-ին կհրապարակվի պարետատան հերթական որոշումը, իսկ մինչ այդ Sputnik Արմենիան որոշել է պարզել՝ ինչպես են առևտրի կենտրոններն և այլ հաստատությունները պատրաստվում արտակարգ դրության ռեժիմից դուրս գալուն։

Ռեստորաններ

Ռեստորանային ոլորտն այն ոլորտներից է, որոնք ամենաշատն են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից։ Երկրի մի շարք հաստատություններ փակվել են, մյուսները շարունակել են աշխատել առցանց պատվերների ու առաքումների հաշվին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց մի շարք ռեստորանների մարքեթինգով զբաղվող ProReca ընկերության հիմնադիր ու ղեկավար Սյուզի Միքայելյանը։

Նրա խոսքով՝ ոլորտն արդեն ձևափոխվում է, սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Այս պահին երկրի ռեստորաններից շատերում ղեկավարությունը ժողովներ է անցկացնում ու անվտանգության ապահովման սեփական մեխանիզմներ մշակում։ Դրանք կգործարկվեն այդ հաստատությունները վերաբացվելուն պես։

«Երևանի որոշ ռեստորաններ մտադիր են բացել իրենց հաստատությունների միայն բացօթյա հատվածները։ Սակայն միևնույնն է, որոշվել է, որ մատուցողները ձեռնոցով են սպասարկելու»,-ասաց Միքայելյանը։

Նա նշեց, որ սեղանները բացօթյա հատվածներում դրվելու են իրարից մեկ մետր հեռավորության վրա։ Հաստատություններում նախատեսում են յուրաքանչյուր հաճախորդից հետո ախտահանում անցկացնել։

«Մարդ կա` իր նշանի մատանին վաճառել է ու հոսանքի պարտքը փակել». Փաշինյանի առաջարկը

MBG ռեստորանների ցանցի մարքեթինգային տնօրեն Ելենա Կոժեմյակինան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հաստատությունների բացմանն ընդառաջ` գործողությունների ծրագիր են ընդունել։

«Մատուցողները դիմակներ, ձեռնոցներ են դնելու, տարածքն անընդհատ օդափոխվելու է ու ախտահանվելու։ Մենք կկրճատենք աշխատանքային ժամերը՝ անձնակազմին գործից չազատելու ու բոլորին աշխատելու հնարավորություն տալու համար», - ասաց Կոժեմյակինան։

Անձնակազմի անդամների ջերմությունը մշտապես կչափվի, բուժաշխատողները կհսկեն գործընթացը։

Նրա խոսքով՝ սեղանները ռեստորաններում մեծ հեռավորության վրա կլինեն։ Այսպիսով տեղերի քանակը կպակասի, սակայն այդ միջոցները կապահովեն հաճախորդների հարմարավետ ու ապահով ժամանցը։

Նա ընդգծեց, որ իրենք շեշտը դնում են կրեատիվ առաքման ու ռեստորանային որակի կիսաֆաբրիկատներ մշակելու վրա։ Օրինակ՝ ցանկացողները կարող են կիսաֆաբրիկատ պատվիրել ու տանը տապակելով այն՝ սթեյք պատրաստել։

«Հաշվի առնելով, որ զբոսաշրջիկների հոսքն անհնար է վերականգնել, մենք տեղացիների համար հետաքրքիր միջոցառումներ են ծրագրել՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ», - ասաց Կոժեմյակինան։

Առևտրի կենտրոններ

Գրեթե նույն իրավիճակն է նաև առևտրի կենտրոններում։ Կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրադարձությունները շատ բան սովորեցրեցին ոչ միայն առևտրի կենտրոնների ղեկավարներին, այլև բոլոր տնտեսվարողներին։

Yerevan Mall –ի մարքեթինգի ու հանրային կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հաճախորդների սպասարկման նոր նորմեր ու ստանդարտներ են մշակվել։

«Այս պահին մշակվում են աշխատանքի նոր կանոններ, որոնք առաջիկայում կհրապարակվեն։ Մենք աշխատում ենք առևտրի կենտրոնի վարձակալողների հետ անվտանգության նոր նորմեր մշակելու համար», - ասաց Ավագիմյանը։

Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնի թիմն այժմ բանակցում է մի շարք առաջատար ընկերությունների հետ՝ անվտանգության ապահովման ու ախտահանության նորագույն միջոցներ ձեռք բերելու համար։

Սահմանափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վարակվելու վտանգ չկա. Թորոսյան

Մեկ այլ սուպերմարկետում նույնպես պատրաստվում են բացմանը, թեև չգիտեն՝ երբ դա կլինի։ Mega Mall առևտրի կենտրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Քրիստինե Թորոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ առևտրի կենտրոնն անցկացնում է տարածքը լիարժեք ախտահանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

«Այդ ավանդույթը հետագայում էլ կպահպանվի։ Կարծում եմ՝ առևտրի կենտրոնի բացումից հետո մարդիկ անվտանգությունից ելնելով` ավելի քիչ են խանութներ այցելելու», - ասաց Թորոյանը։

Այլ

Ինչ վերաբերում է թանգարանների, թատրոնների, համերգասրահների գործունեությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դրա մասին կխոսեն այն ժամանակ միայն, երբ պարետը սահմանափակումները հանելու մասին հրամանը հրապարակի։

Հայտնի չէ նաև՝ ինչպես է կազմակերպվելու հանրային տրանսպորտի գործունեությունը։ Նշենք, որ հենց հանրային տրանսպորտն է կորոնավիրուսային վարակի տարածման ամենաբարենպաստ միջավայրը։

Հիշեցնենք՝ SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին։

 Մարտի 16-ից երկրում Covid-19-ի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության ռեժիմ է գործում, սակայն վարակվածների թիվը հանրապետությունում գերազանցել է երկու հազարը։

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1353)

Ըստ թեմայի

Մենք ռախիտ և ծուռթա՞թ կդառնանք. ինչպե՞ս արևից զրկված հայերը «գոյատևեն» առանց վիտամին D-ի
«Ուզու՞մ եք դագաղում զբոսնել՝ խնդրեմ»․ Միշիկ Ղազարյանի դուստրը խոսել է Covid-19-ի մասին
Հայկական բեռնատարները ե՞րբ կկարողանան անցնել Վերին Լարսի «կանաչ միջանցքով»
թեգերը:
Արտակարգ դրություն, առևտուր, Հայաստան, կորոնավիրուս, Ռեստորան

Գլխավոր թեմաներ