ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարարության կողմից սկսվել է բժշկական անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն։ Տեղեկությունը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ արտահագուստի արտադրությունը նախնական 100 հազար է։
«Քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում ավելի են թանկացել հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։Մինչ այս արտադրությունները սկսելն էլ մենք ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում և մեծ քանակների ձեռքբերումներ՝ Չինաստանից։ Այս առումով, կարծում եմ, միակ խնդիրը լինելու է մոտ ժամանակներս ֆինանսական ապահովումը», - ասաց նա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում երկրի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է նաև մեկնարկել։ Անդրադառնալով դիմակների հարցին` Թորոսյանը մանրամասնեց, որ Հայաստանում երեկվանից սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա, եթե այդ արտադրությունը շարունակական տեղի ունենա։
Նախարարը նաև անդրադարձավ FFP 3 և N 95 դիմակներին` ընդգծելով, որ դրանք ավելի թանկարժեք են և դժվար են ձեռք բերվում, սակայն այս պահին դրանց քանակները ևս բավարար են։ Բացի այդ, այժմ միջոցներ են ձեռնարկվում դրանք տեղում արտադրելու համար։ Մասնավորապես, նախարարը նկատեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։
Համավարակի օրերին ԱԳՆ-ի աջակցությամբ հայրենիք է վերադարձել ՀՀ 2035 քաղաքացի․ նախարար
«Եթե սա էլ տեղի ունենա, կարող ենք սկզբունքորեն ասել, որ պաշտպանիչ միջոցներով ինքնաբավ ենք», - ասաց նա։
Անդրադառնալով պաշտպանից ակնոցներին` Թորոսյաննը նշեց, որ այս պահին դրանց պակաս ևս չկա , առավելությունն այն է, որ դրանք մեկանգամյա օգտագործման չեն, ախտահանելուց հետո կրկին օգտագործվում են։
Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել
Հավելենք ` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 2507։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 24942 թեստավորում, արդեն առողջացել են 1071–ը։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 39 դեպք և մահվան 4 անուղղակի դեպք: