17:49 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.74
  • GBP608.34
  • EUR547.57
  • RUB6.82
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1783 0 0

Նավթամթերքի ցածր գները կարող էին խթան դառնալ հայկական տնտեսության մրցունակության բարձրացման համար։ Հատկապես այսօր, երբ իշխանությունները բիզնեսի համար զգալի մեղմացումներ են արել։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Նավթի գնի նվազման ու կորոնավիրուսի կողմնակի հետևանքներից մեկը դարձավ բենզինի էժանացումը։ Վերջին 2-3 ամսվա ընթացքում նավթամթերքն այնքան է էժանացել, որ «ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրն այսօր Հայաստանում վաճառվում է 280 դրամով, այնինչ դեռ տարեսկզբին լիտրի գինը 400-410 դրամ էր։

Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ երբ մարտին համաշխարհային շուկայում նավթի գները կտրուկ նվազեցին, Հայաստանում բենզինի գինն առանձնապես չփոխվեց։ Պատճառն այն է, որ բենզինի ու դիզվառելիքի ավելի քան 90%–ը Հայաստան է բերվում Ռուսաստանից, իսկ այնտեղ երկու տարի առաջ գործարկվեց մի մեխանիզմ` դեմպֆեր, որը թույլ է տալիս մինչև 35 դոլար համաշխարհային գնանկման դեպքում նավթամթերքի գների կայունություն պահպանել ՌԴ–ի ներքին շուկայում։

«Այս է պատճառը, որ համաշխարհային նավթի շուկաներում գրանցված գնանկման հետևանքով Ռուսաստանում նավթամթերքի գնի անկումն աննշան եղավ, ինչը հայելային անդրադարձ ունեցավ նաև Հայաստանի վրա, որը «Ռոսնեֆտի» հետ պայմանագիր ունի դեռևս 2013 թվականից։ Սակայն հետո, երբ Brent տեսակի նավթի գինը հասավ 15-20 դոլարի, իսկ ռուսական Urals տեսակը` մինչև կուլմինացիոն 7-8 դոլարի, նույնիսկ դեմպֆերի պես մեխանիզմը ռիսկեր ստեղծեց ռուսական շուկայի համար», – ասաց նա։

Միաժամանակ, եթե ներքին շուկան պետական կարգավորման շնորհիվ դեռ շարունակում է համեմատական կայունություն պահպանել` բավական դանդաղ անկում ապրելով, ապա այլ իրավիճակ է Ռուսաստանից արտահանվող նավթամթերքի պարագայում։

Դավթյանի կարծիքով` այն երկրներում, որտեղ ռուսական մեխանիզմների պես կարգավորումներ չկան, նավթամթերքի գները շարունակում են նվազել, հետևաբար ռուսական նավթամթերքն ընդհանուր առմամբ կարող է ոչ մրցունակ լինել արտաքին շուկաներում։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանից նավթամթերքի արտահանումն այսօր իրականացվում է լիովին համաշխարհային միտումներին համապատասխան։ Արդյունքում Հայաստանում էլ է գնանկում նկատվում։ Բենզինի գինը (կախված տեսակից) այսօր տատանվում է 280-320 դրամի սահմանում։

Այլ իրավիճակում էժան բենզինը կարող էր լուրջ խթան դառնալ տնտեսական ակտիվության և հայկական ապրանքների մրցունակության բարձրացման համար, հատկապես այսօր, երբ իշխանությունները բիզնեսի համար զգալի մեղմացումներ են սահմանել։ Սակայն մի շարք հանգամանքներ կան, որոնք թույլ չեն տալիս դրական սցենարի հույս ունենալ։

«Հայաստանի տնտեսության վրա նավթամթերքի ցածր գների անմիջական ազդեցությունը նախկինի պես սահմանափակ կլինի։ Եթե, օրինակ, դիտարկենք տրանսպորտային հատվածը, ապա, ինչպես հայտնի է, Հայաստանում տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը գազով է շահագործվում։ Մենք, ի դեպ, գազը որպես ավտոտրանսպորտային վառելիք օգտագործելու առումով համաշխարհային առաջատար ենք», – ասում է մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ արդեն այսօր որոշակի մրցակցություն է նկատվում գազալցակայանների և բենզալցակայանների միջև։ Գնային տարբերությունը մոտ 60 դրամ է, և քաղաքացիներից շատերը գերադասում են մեքենան բենզինով լիցքավորել։ Եթե այս միտումը շարունակվի, չի բացառվում, որ ներքին շուկան լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվի։

Միաժամանակ Դավթյանը չի կասկածում, որ պահանջարկի և մարդկանց տեղաշարժի աճի դեպքում նավթամթերքի գները կրկին կբարձրանան։

«Նավթապահեստները լցված են նախկինում էժան գներով ձեռք բերված նավթով, և կարծում եմ` դրանց բեռնաթափումը կսկսվի ոչ շուտ, քան ամռան կեսերին, երբ մի շարք խոշոր տնտեսություններ դուրս կգան կարանտինային ռեժիմից, և տրանսպորտը, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը կրկին կաշխուժանան։ Այս իրավիճակն ուղղակիորեն կանդրադառնա Հայաստանի վրա, և գները կրկին կսկսեն բարձրանալ», – հավելեց նա։

Փորձագետը կարծում է, որ տարեվերջին բենզինի գինը կտատանվի 330-350 դրամի սահմանում, եթե, իհարկե, Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիք չլինի։

Ըստ թեմայի

Ի՞նչ է կատարվում սննդամթերքի շուկայում. տնտեսագետը` կորոնավիրուսի երկակի ազդեցության մասին
Կորոնավիրուսային վախերը դավադրության բազմաթիվ տեսություններ են ծնել
Հայաստանի բենզինն աշխարհի նավթի հետ կապ չունի՞. ինչու գնանկումն այստեղ չի հասնում
Կորոնավիրուսի համավարակն ու Հայաստանի տնտեսությունը. կկարողանա՞նք ոտքի վրա մնալ
թեգերը:
գին, բենզին, Հայաստան

Գլխավոր թեմաներ