ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները:
Նշենք, որ վերոհիշյալ ժամանակահատվածում Աջափնյակի ղեկավարը Գևորգ Բաբայանն է եղել, որն ընթացիկ տարվա փետրվարին ազատվեց աշխատանքից։
«Վարչական շրջանի նախկին ղեկավարը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չի ուղարկել Երևանի քաղաքապետարան: Արձանագրությունը կազմվել էր նույն վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից՝ 2019թ. սեպտեմբերի 26-ին Երևանի Նազարբեկյան փողոցում առանց համապատասխան շինթույլտվության կառուցվող շինություններ հայտնաբերելուց հետո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Վարչական շրջանի ղեկավարն արգելել է կազմել համապատասխան արձանագրություններ նաև Նազարբեկյան փողոցում իրականացվող ինքնակամ շինությունների վերաբերյալ։
Նա, օգտվելով հաստիքի կրճատման արդյունքում հիշյալ աշխատակցի կողմից 2019թ. հոկտեմբերի 2-ին աշխատանքից ազատվելու հանգամանքից, իր հանցավոր մտադրությունը քողարկելու նպատակով Երևանի քաղաքապետարան արձանագրությունը չուղարկելու հանգամանքը մեկնաբանել է որպես աշխատակցի կողմից թույլ տրված անփութություն:
Վարչական իրավախախտման վերաբերյալ ակտը կազմելուց շուրջ երկու ամիս անց` 2019թ. դեկտեմբերին, վարչական շրջանի ղեկավարը փորձել է վաղեմության ժամկետը լրանալու պատճառաբանությամբ կազմված ակտի խոտանման գործընթաց սկսել։
Մարությանի նոր որոշումը. Աջափնյակը կկառավարի Նուբարաշենի նախկին վարչական ղեկավարը
Դրա արդյունքում ապօրինի կառուցապատում իրականացնող անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Վարչական շրջանի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն այժմ Թելման Թադևոսյանն է:
Մեկնարկը տրված է. Աջափնյակում ապամոնտաժում են ապօրինի կրպակները