ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայում գտնվող մոտ 180 Հայաստանի քաղաքացի հայրենիք են վերադառնում։ Լուրը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Սա մեր հայրենակիցների արդեն երկրորդ խումբն է, որ Թուրքիայից Հայաստան է վերադառնում։ Առաջին խումբը, որը բաղկացած էր 73 մարդուց, Վրաստանի տարածքով Երևան էր ժամանել ապրիլի սկզբին։
«Մոտ 180 հայի տեղափոխող ավտոբուսը երեկ դուրս է եկել Թուրքիայից։ Նախնական տվյալներով` նրանք կժամանեն այսօր կամ վաղը»,-նշել է Նաղդալյանը։
Քաղաքացիների վերադարձը կազմակերպել է ՀՀ արտգործնախարարությունը` Թուրքիայի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցելով։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ պետություններ փակել են սահմանները, և Հայաստանը բացառություն չէ։ Երկիր մտնել թույլատրված է միայն ՀՀ քաղաքացիներին։
Մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։
Մայիսի 22-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 5928-ի։ Մահացել է 74 մարդ։
Չինացիները, Արարատն ու բլոկադան. ՀՀ–ն կարող է համավարակի թեման օգտագործել Թուրքիայի դեմ