05:18 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
747 0 0

2004 թ-ից մինչ օրս հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով զբաղվող փաստաբան Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ է լինելու ՄԻԵԴ վճռից հետո և թե ինչու է այդ վճիռը հետաքրքրել որոշ իրավաբանների:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով բավական խիստ գնահատական է տվել Ադրբեջանին՝ կոնվենցիայի երկու հոդվածով խախտում արձանագրելով: Sputnik Արմենիայի հետ զրույցում, գնահատելով ՄԻԵԴ-ի` «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի ու Հունգարիայի» գործով հրապարակված վճիռը, ասաց այդ գործով տարիներ շարունակ զբաղվող փաստաբան Նազելի Վարդանյանը:

«Շատ կարևոր է, որ գնահատվել է ոչ միայն այն, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2 հոդվածները՝ կյանքի իրավունքի ու խտրականության արգելքի, նաև խախտել է դատապարտյալների արտահանձնման կոնվենցիան ու դատապարտյալների ներման կարգի վերաբերյալ իր ազգային օրենսդրությունը»,- ասաց Վարդանյանը:

Փաստաբանի խոսքով` Ադրբեջանի նախագահը ներման հրամանագիր կարող էր ստորագրել միայն պատժի կրման 10 տարին լրանալուց հետո, մինչդեռ Սաֆարովն ազատազրկման մեջ միայն 8 տարի է եղել: Դրանից բացի` այդ երկրի օրենքներով ցմահ ազատազրկումը կարող էր փոխարինվել 25 տարվա ազատազրկմամբ, մինչդեռ Սաֆարովն ընդհանրապես ազատվել է պատժի կրումից:

«Այս ամենը դատարանի կողմից գնահատվել է: Պրոցեսուալ առումով ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանի մեղքը այս ոճրագործության մեջ՝ մանավանդ հաշվի առնելով Ադրբեջանի՝ տարիներ շարունակվող շանտաժները, կաշառքները, լոբբինգը և այլն, որոնց մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել: Այդ իմաստով այս վճիռը բավական ծանր կշիռ ունի»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Հունգարիայի նկատմամբ Եվրոպական դատարանի դիրքորոշմանը, Վարդանյանը նշեց, որ ըստ վճռի` Հունգարիան չի խախտել միջազգային իրավունքները, քանի որ չէր կարող իմանալ, որ Սաֆարովին Ադրբեջանում ներում է շնորհվելու:

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչը ՄԻԵԴ-ի այս դիրքորոշման հետ համաձայն չէ: Ըստ նրա` այդ երկրի նախկին իշխանությունը քաջատեղյակ էր Ադրբեջանում տեղի ունեցող հերոսացման փաստերին: Նոր իշխանությունն էլ, փաստաբանի խոսքով, նախկինի իրավահաջորդն է, բայց դատարանում որևէ փաստարկ, հիմք չի ներկայացրել, ինչի հետևանքով էլ այդ երկրի իշխանությունների մեղավորությունը չի հաստատվել:

Չնայած այս հանգամանքին` Նազելի Վարդանյանը ՄԻԵԴ-ի վճիռը դրական է համարում՝ առավել կարևորելով դրա հետագա կատարումը:

«Բողոքի մեջ ես գրել էի, որ Սաֆարովը պետք է արտահանձնվի նորից Հունգարիային կամ երրորդ երկրին՝ պատիժը կրելու համար, բայց դատարանը դրան չի անդրադարձել, թողել է ԵԽ նախարարների կոմիտեի վրա: Այսինքն՝ այդ մարմինը պիտի որոշի, թե Ադրբեջանն այս իրավունքների խախտման համար ինչպես պետք է շտկի իրավիճակը, Սաֆարովն ինչպես ու որտեղ պետք է կրի իր պատիժը՝ Ադրբեջանում, Հունգարիայում, թե այլ երկրում»,- պարզաբանեց Վարդանյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք հետամուտ են լինելու, որ վճիռն իրականացվի, իսկ եթե Ադրբեջանին հերթական անգամ հաջողվի շրջանցել միջազգային օրենքները, հերթական անգամ ի ցույց կդնի հակամարդկային կեցվածքը միջազգային հանրության առաջ:

Հիշեցնենք՝ Հունգարիայի արդարադատությունը Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այսօր հրապարակված վճռում նշվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ներել նրան ու ապահովել նրա առաջխաղացումը։

Այս հիմնավորմամբ Եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պարտավորեցրել է դիմումատուներին վճարել 15 143 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսերի դիմաց։

Վարդանյանը նշեց, որ որևէ այլ փոխհատուցում Մարգարյանի իրավահաջորդներն իրենց բողոքում Ադրբեջանից չեն պահանջել:

«Դիմումատուները հրաժարվել են բոլոր նյութական ու բարոյական փոխհատուցումներից, որովհետև իրենց համար կարևոր էր բարոյականության, արդարության հաղթանակը: Նյութական առումով նրանք իրենց որդու կյանքը չեն վաճառում»,- ասաց փաստաբանը:

Վարդանյանն անդրադարձավ նաև ՄԻԵԴ վճռից հետո Հայաստանի իրավաբանների շրջանում սկսված անհասկանալի իրարանցմանը, երբ մի շարք փաստաբաններ ներկայանում են իբրև այդ գործի հետ առնչություն ունեցողներ:

«Բուդապեշտում ամբողջ դատական պրոցեսին ես մենակ եմ մասնակցել, որևէ այլ փաստաբան չի մասնակցել, ՄԻԵԴ բողոքը ես եմ ներկայացրել ու որևէ այլ անձ չի մասնակցել, բացի Լոնդոնում գտնվող մի իրավաբանական կազմակերպության փաստաբան Ֆիլիպ Լինչի, որը նույնպես լիազորված է եղել ընտանիքի կողմից և ներգրավվել է իմ խնդրանքով: Հայաստանից որևէ այլ փաստաբան ներգրավված չի եղել: Եվ նման խաբեությամբ հետագայում ինչ-որ լիազորագրեր վերցնելն անթույլատրելի է»,- ասաց Վարդանյանը:

Հիշեցնենք՝ 2004 թ.-ին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանը ՀՀ ԶՈՒ կազմում մասնակցում էր անգլերենի դասընթացին, որն իրականացվում էր ՆԱՏՕ-ի հովանավորությամբ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի կողմից: Դասընթացին մասնակցում էին նախկին ԽՍՀՄ երկրներից երկուական ներկայացուցիչ, այդ թվում՝ Ադրբեջանից: Գիշերը Ռամիլ Սաֆարովը մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակ ու կացնահարելով սպանել քնած հայ սպային: Նա փորձել էր ներխուժել նաև մյուս հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակ, բայց դա նրան չէր հաջողվել:

Հունգարիայում կայացած դատավարության ընթացքում Ռամիլ Սաֆարովը ոչ միայն չէր զղջացել, այլև խոստովանել էր, որ Գուրգեն Մարգարյանին սպանել է նրա հայ լինելու պատճառով, որովհետև դասընթացի հայ մասնակիցները իբր հրահրել և ծաղրել են նրան:

Հունգարիայի մայրաքաղաքում կատարված սպանության ու այդ երկրի արդարադատության համակարգի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի մարդասպանին այդ երկրի իշխանությունները, չնայած հայկական կողմի դժգոհություններին ու բողոքներին, արտահանձնել էին Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու պայմանով:

Սակայն Ադրբեջան հասնելուն պես Սաֆարովին նախագահի մակարդակով ներում էր շնորհվել, նա ոչ միայն ազատվել էր պատժի հետագա կրումից, այլև հերոսացվել՝ արժանանալով մայորի կոչման, բնակարանի և ութ տարվա աշխատավարձի:

Ըստ թեմայի

Սաֆարովի արտահանձնումն անակնկալ չէր
Բաբայան. «Ադրբեջանը խեղաթյուրում է Նիկոլ Փաշինյանի ելույթը»
Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան
թեգերը:
Ռամիլ Սաֆարով, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ