20:49 31 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
429 0 0

Փաշինյանը Ռևազյանին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր ներկայացնել:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա զեկուցել է, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Տվյալ ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ երկրներ: Միաժամանակ, որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթեր իրականացնելու վրա:

Ռևազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին:

Այս համատեքստում ԵՄ ավիացիոն ոլորտի մարմինները ողջունել են ՀՀ կառավարության՝ թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու հանձնառությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Վարչապետը, անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց:

Փաշինյանի խոսքով՝ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ոչ միայն թռիչքային անվտանգության մակարդակի բարելավման, այլև տեղական ավիացիայի մրցունակության բարձրացման ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կտա զարգացնել քաղաքացիական ավիացիան Հայաստանում:

Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կառույցում որակյալ մասնագետների ներգրավման, ինստիտուցիոնալ, օրենսդրական, տեխնիկական ուղղություններով անելիքներին, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Կոմիտեի նախագահը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է կառույցում առկա խնդիրների գույքագրում և ախտորոշում, որոնց կապակցությամբ մշակվում են լուծումներ:

Հիշեցնենք` հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ավիաընկերությունները ներառել է ԵՄ թռիչքների անվտանգության թարմացված ցանկում, այլ կերպ ասած ՝ «սև ցուցակում»։ Դա նշանակում է, որ Եվրոպական միության շրջանակում շահագործման արգելքը կտարածվի հայկական ավիաընկերությունների վրա, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին։

Որոշումը կայացվել է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի և հայկական 6 ավիափոխադրողների աշխատանքի վերլուծությունից հետո։ «Սև ցուցակում» Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների կողքին, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը:

Ըստ թեմայի

«Մարս ավիան» կարող է վերջնականապես փակվել․ Ռևազյան
Հայաստանյան օդանավերի հարցով նիստը կայացել է առցանց. մասնակցել է նաև Տաթևիկ Ռևազյանը
Տաթևիկ Ռևազյանը մայրիկ է դարձել. լուսանկարներ
թեգերը:
Տաթևիկ Ռևազյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ