ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը հույս ունի հնարավորինս արագ Հայաստանի հետ կենսալաբորատորիաների մասին հուշագիր կնքել։ Տեղեկությունն այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանն ավելացրեց, որ հուշագրի տեքստը գրեթե ավարտված է, իսկ փաստաթուղթը Ռուսաստանում և Հայաստանում գտնվում է միջգերատեսչական համաձայնեցման փուլում։ Նա նշեց, որ հուշագրի վավերացման աշխատանքը բուռն ընթացքի մեջ էր, սակայն ցավոք կորոնավիրուսի տարածման պատճառով այն ընդհատվեց։
«Մենք հույս ունենք հնարավորինս արագ ստորագրել հուշագիրը, և կարծում ենք, որ այն բարերար ազդեցություն կունենա Հայաստանի, Ռուսաստանի ու ամբողջ հետխորհրդային տարածքի սանիտարահամաճարակային իրավիճակի վրա», - ասաց դեսպանը։
Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևան կատարած պաշտոնական այցի ժամանակ լրագրողներին ասել էր, որ ռուս մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ մուտքի իրավունք տալու մասին բանակցություններն ավարտվել են։
Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը
Այնուամենայնիվ, Երևանում փաստաթուղթը չի ստորագրվել։ Սակայն մայիսի 1-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ հանրապետության տարածքում գործող կենսաբանական լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ՀՀ պետական մարմինները լիովին վերահսկում են դրանք։ Հուշագիրը կողմերից որևէ մեկի համար լաբորատորիա մուտք գործելու իրավունք կամ դրանց միակողմանի վերահսկողություն չի նախատեսում։