16:41 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29401

Սահմանադրական փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա օրվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ազգային ժողովն 89 կողմ, 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ 

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստին այսօր ներկա է միայն խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են նիստը` հայտարարելով, որ Սահմանադրության փոփոխությունների այս տարբերակը համարում են անօրինական ու հակասահմանադրական:

Նախագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երկրորդ ընթերցմամբ հարցի քննարկումը ևս կկայանա այսօրվա ընթացքում:

«Տեղեկացնեմ, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ այն բանից հետո, երբ տեղի կունենա գրավոր առաջարկությունների համար սահմանված երեք ժամը, որից հետո պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կանի իր նիստը և կտա իր եզրակացությունը: Խնդրում եմ` ուշադիր լինեք կոչնակին»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ նախագահին էր ներկայացրել հունիսի 19-ին:

Դրանով առաջարկվում է մասնավորապես փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) և նախագահի պաշտոնավարումը:

Նախագծի հեղինակներն առաջարկում են պաշտոնանկ անել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Իսկ այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարին չի լրացել, ըստ նախագծի` կշարունակեն ՍԴ անդամի կարգավիճակում աշխատել մինչև 12 տարին լրանալը: Թափուր մնացած տեղերը կլրացվեն մեկամսյա ժամկետում:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի նախագահին, նախագծով նախատեսվում է նրա պաշտոնավարումը ևս դադարեցնել ու պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրել նոր նախագահ:

Իշխող խմբակցության հեղինակած օրենքի նախագծի ընդունումից հետո փաստորեն Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարի չի լրացել, կազատվի ՍԴ նախագահի պաշտոնից, բայց կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր: Իսկ ՍԴ երեք անդամները՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը, որոնք ավելի քան 12 տարի աշխատել են ՍԴ դատավորի պաշտոնում, կգնան թոշակի:

Իշխանությունների սրտի ՍԴ նախագահի էտալոնը Վահե Գրիգորյանն է. ԲՀԿ

Ըստ թեմայի

«Վստահ չեմ, որ ՍԴ այս նույն կազմը կքննի ԲՀԿ–ի դիմումը». Ալեն Սիմոնյան
Ինչու չեն սպասել Վենետիկի հանձնաժողովի պատասխանին. պատգամավորը` ՍԴ–ի թնջուկի մասին
«ՍԴ–ի շուրջ ողջ գործընթացը պետության և հասարակության հանդեպ անգրագետ փորձ է». Այվազյան
թեգերը:
սահմանադրություն, ԱԺ, Հայաստան

Գլխավոր թեմաներ