12:41 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստերի դահլիճում սոցիալական հեռավորության որևէ նորմ չի պահպանվում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Հաշվի առնելով տեխնիկական խնդիրներն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հայտնած հանգամանքները, դատարանը որոշեց հետաձգել այսօրվա նիստը։ Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին, ժամը 13-ին»,–ասաց Դանիբեկյանը։

Խնդիրն այն է, որ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, որը նախորդ նիստին ներկա չէր, հայտնել էր, որ երեկ իրենց գրասենյակի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Պաշտպանը շփվել է այդ աշխատակցի հետ, հիմա էլ 36.9 աստիճան ջերմություն ունի և վստահ չէ, որ վարակված չէ։

Իշխանությանն անհանգստացնո՞ւմ է Քոչարյանի ազատության մեջ գտնվելը. Սիմոնյանի պատասխանը

Յուրի Խաչատուրովն էլ ասաց, որ ուզում է` հաջորդ դատական նիստին ամեն ինչ պատրաստ լինի` դատարանը տեխնիկապես պատրաստ լինի և ապահովի նիստի մասնակիցների սոցիալական հեռավորությունը։

«Հոգնել եմ ամեն երեքշաբթի գալ դատարան, նստել ու ոչինչ չլսել։ Ուզում եմ այնպես կազմակերպեք, որ հաջորդ նիստին բոլորը ներկա լինեն, տեխնիկապես ամեն ինչ կարգավորվի ու նիստը շարունակվի»,–ասաց Խաչատուրովը, որի պաշտպանի բացակայության պատճառով էր հետաձգվել հունիսի 23-ի նիստը։ 

Ի դեպ, մեղադրող կողմը նշում էր, որ նիստը հետաձգելու կարիք չկա. գործով դատախազներն ասում էին` նախկին նիստերին պաշտպանները սոցիալական հեռավորությանն առնչվող հարցեր չէին բարձրացնում։

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստերի դահլիճում սոցիալական հեռավորության որևէ նորմ չէր պահպանվում։ Ինչ վերաբերում է նախորդ նիստերի ժամանակ իրենց` սոցիալական հեռավորությունը պահպանելու համար չբարձրաձայնելուն` Խուդոյանը նշեց, որ նախորդ նիստերի ժամանակ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակն այսպիսին չէր։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 23-ին վերսկսվել էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը

Քոչարյանի գործով ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ։

Վենետիկի հանձնաժողովն օրերս հայտնել էր իր կարծիքը` արձանագրելով, որ սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների ձևակերպման հարցում միջազգային պրակտիկայում միասնական մոտեցումներ չկան. պետությունների մի մասում հղումները վերաբերում են Սահմանադրությանն ամբողջությամբ, մյուսներն ուղղակի հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու անհրաժեշտությանը՝ առանց սահմանելու այն։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։

Ռոբերտ Քոչարյանի` ՍԴ ներկայացրած դիմումները հետ կվերցվեն. Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Ըստ թեմայի

Փաշինյան-Քոչարյան հանդիպումը դատարանում հետաձգվում է մինչև սեպտեմբեր
Ռոբերտ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց. Յուրի Խաչատուրովի պաշտպանը բացակայում էր
«Վստահ չեմ, որ վարակակիր չեմ». Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստն ընդմիջվեց
թեգերը:
Արամ Վարդևանյան, պաշտպան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Աննա Դանիբեկյան (դատավոր), կորոնավիրուս, Դատարան, Յուրի Խաչատուրով

Գլխավոր թեմաներ