18:34 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
85 0 0

ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արտասովոր պայմաններում է անցկացվում. համաճարակաբանական անվտանգության խիստ կանոններ են սահմանվել։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի –Sputnik. Հայաստանում` Երևանի և Գյումրիի 6 ընտրատեղամասերում, ՌԴ քաղաքացիներն այսօր քվեարկում են ՌԴ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Sputnik Արմենիան պատմում է Երևանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում քվեարկության անսովոր պայմանների մասին։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը, ինչպես և գործող մյուս ընտրատեղամասերում քվեարկությունը մեկնարկել է ժամը 08:00–ին։ Անվտանգությունն ապահովելու նպատակով այն կազմակերպվել էր մաքուր օդին։ Ընտրական հանձնաժողովը, քվեախցիկներն ու քվեատուփերը տեղադրվել են ծածկի տակ։ Ընտրական հանձնաժողովի անդամներին ընտրողներից բաժանում էր ապակե միջնապատը։

Քվեարկությունից առաջ ռուսական շրջիկ լաբորատորիայի աշխատակիցներն ախտահանել են տարածքը։ Ընտրողներին մուտքի մոտ դիմակ ու ձեռնոց են տրամադրել, քվեախցիկներում ախտահանող նյութեր կային։ Մուտքն ու ելքը տարբեր կողմերում էին, ընտրողների շփումը բացառելու համար սոցիալական հեռավորության գծանշում էին արվել։

Ընտրական հանձնաժողովի աշխատակիցները Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենք 30 րոպեն մեկ ախտահանում են գրանցման խցերը։ Յուրաքանչյուր ընտրող ձեռքերն ախտահանելու հնարավորություն ունի (ընտրողներին առաջարկվում է օգտվել տեղում դրված ալկոգելերից)։

Ինչպես հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հունիսի 25-ից նախնական քվեարկության մի քանի փուլ է անցկացվել, մասնավորապես, ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության տարածքում, ինչպես նաև Մեղրիում` Իրանի հետ սահմանին, որտեղ գտնվում է սահմանապահ ջոկատներից մեկը։

Երեկ դեսպանատանը քվեարկություն է անցկացվել դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների, ինչպես նաև այստեղ գործող ռուսական ընկերությունների աշխատակիցների և վետերանների համար։

«Այսօր քվեարկում են բոլոր նրանք, ովքեր քվեարկելու իրավունք ունեն և նման ցանկություն են հայտնել։ Այսպես է արվել, որպեսզի խուսափենք մարդկային կուտակումներից` ելնելով Հայաստանում ստեղծված բարդ համաճարակաբանական իրավիճակից։ Պետք է ասեմ, որ այստեղ մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի առավելագույնս վերացնենք վարակման վտանգը, ապահովենք համաճարակաբանական անվտանգությունը», – ասաց դեսպանը։

Второй день голосования по поправкам в Конституцию в посольстве РФ в Армении (30 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
ՌԴ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Երևանի դեսպանատանը

Ի տարբերություն սովորական ռեժիմի այս անգամ քվեարկությունն անցնում է բաց երկնքի տակ։ Խիստ կանոնակարգված է քաղաքացիների մուտքը` մարդկանց կուտակումներից խուսափելու համար։ Կան ախտահանիչ միջոցներ, դիմակներ և ձեռնոցներ։

Թե որքան մարդ կգա դժվար է ասել` հաշվի առնելով աշխատանքային օրն ու Հայաստանում  գործող արտակարգ դրությունը։ Օրվա սկզբում ընտրատեղամասում ակտիվություն էր նկատվում, ակտիվություն է սպասվում նաև երեկոյան։

Հայաստանում, ընդհանուր առմամբ, հյուպատոսական հաշվառման է կանգնած 20 հազարից մի փոքր ավելի մարդ։ Սակայն այդքանով ՌԴ քաղաքացիների թիվը չի սահմանափակվում։

Второй день голосования по поправкам в Конституцию в посольстве РФ в Армении (30 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
ՌԴ Սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը Երևանի դեսպանատանը

Իրավիճակը սպեցիֆիկ է, քանի որ ավիահաղորդակցություն չի գործում, Հայաստան օտարերկրյա քաղաքացիների մուտքը ևս արգելված է, զբոսաշրջիկներ չկան։ Այդ պատճառով դեսպանատունը չի ակնկալում այն ակտիվությունը, որը կարող էր լինել սովորական ժամանակ։

Նույն ռեժիմով է աշխատում Գյումրու հյուպատոսարանը։ Եվս 3-ը բացվել են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում։

Դեսպանատուն մուտք գործել մարդկանց թողնում էին մի քանի հոգով` կուտակումներից խուսափելու համար։  Ինչպես նշել են ընտրողներից շատերը եկել են իրենց «քաղաքացիական պարտքը կատարելու»` անկախ արտասովոր պայմաններից։

 Посол России в Армении Сергей Копыркин на второй день голосования по поправкам в Конституцию в посольстве РФ в Армении (30 июня 2020). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

«Եկել ենք քվեարկելու ապագայի համար, որպեսզի լավ լինի», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընտրողներից մեկը` Հարություն Հակոբյանը։

Նա մշտապես բնակվում է Ռուսաստանում, երբեմն գալիս է Հայաստան։ Այս անգամ նա մեքենայով է եկել և սահմանները փակելու պատճառով մնացել այստեղ։ Ընտրատեղամասում վարակվելուց չի վախենում, սակայն իրեն դուր չի գալիս, որ Հայաստանում մարդիկ չեն հետևում անվտանգության կանոններին։

«Մեզ մոտ` Հայաստանում, մարդիկ մի քիչ մեծամիտ են, դիմակ չեն դնում, ամեն ինչ կատակի են վերածում։ Այդպես չի կարելի։ Շատ բան կախված է ժողովրդից, մարդիկ քննադատում են իշխանություններին, սակայն անձամբ չեն կատարում այն, ինչ պահանջվում է։ Եթե յուրաքանչյուրը հետևի կանոններին ամեն ինչ լավ կլինի», – նշեց Հարությունը։

Մեկ այլ ընտրող` Սվետլանան, նույնպես կարծում է, որ եթե սանիտարական նորմերը պահպանվեն, որևէ խնդիր չի առաջանա։ Նա 74 տարեկան է, ամեն օր խանութ է գնում` և ոչինչ։ Սվետլանան մաղթում է, որպեսզի բոլորի համար հասանելի բժշկություն, սոցիալական հավասարություն լինի, պաշտպանվեն սահմանները։

Դմիտրի Խաչատրյանը եկել էր քվեարկելու «հանուն լավ կյանքի, երկրի հզորության, Հայաստանի հետ համագործակցության»։ Նա ծնվել է Հայաստանում, սակայն ամբողջ կյանքը Ռուսաստանի հետ է կապված։ Նրան, որպես ոչ երիտասարդ տղամարդու, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վախեցնում է, սակայն ոչ այնքան, որ քվեարկության չգնա։ Կարգը պահպանելու դեպքում, ըստ նրա, ամեն ինչ կհաղթահարվի։

Հայաստանում 5 տարի բնակվող Սերգեյ Կորոտկովն ընտանիքի հետ էր եկել քվեարկության «հանուն իր երկրի և ժողովրդի ապագայի»։ Նա կարծում է, որ քվեարկության համար առավել քան բավարար պայմաններ են ստեղծվել, առավել ևս, որ «ամեն ինչ այդքան էլ վտանգավոր չէ, և մեզ ինչ–որ բան մինչև վերջ չեն ասում»։ Քվեարկելու առաջին անգամ է եկել, քանի որ ներկայիս խնդիրներն իրեն շատ են մտահոգում։

Երևանում և Գյումրիում ընտրատեղամասերը կփակվեն տեղի ժամանակով ժամը 20:00–ին։

Պատրաստ սպասում են. ե՞րբ ռուսական ինքնաթիռները կրկին կթռչեն Հայաստան

Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների քվեարկությունը նախատեսվում էր ապրիլի 22-ին անցկացնել, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ քվեարկությունը կանցկացվի հուլիսի 1-ին։ Որոշում էր կայացվել, որ ՌԴ քաղաքացիները կարող են յոթ օրվա մեջ՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 1-ը քվեարկել։ Մոսկվացիները, Նիժնի Նովգորոդի մարզի ու ևս երկու տարածաշրջանի բնակիչները կարող են հեռակա տարբերակով քվեարկել։

թեգերը:
քվեարկություն, հանրաքվե, դեսպանատուն, Գյումրի, Երևան, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ