20:55 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)
42010

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները միլիարդավոր դոլարներ են ծախսել զինված ուժերի, այլ ոչ թե ժողովրդի բարեկեցության ապահովման վրա, և դա պետք էր արդարացնել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ին տված հարցազրությում ասել է, թե ինչու են Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել Տավուշի մարզի, այլ ոչ թե Արցախի ուղղությամբ։

Նրա խոսքով՝ այժմ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է: Ցավոք, ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

«Բայց կրակոցների այն ինտենսիվությունը, որը դիտարկում ենք վերջին 2-3 օրում, վերջին 10 տարվա համար սովորական է»,-ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությանը, ՀՀ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին, ինչպես նաև դրանից մի քանի ամիս ու նույնիսկ մի քանիշաբաթ առաջ Ադրբեջանի և նրա առաջնորդի ռազմատենչ հռետորաբանությունը միայն ուժգնանում էր:

Ադրբեջանն ուզում է Ռուսաստանը ազգամիջյան հակամարտության դաշտի վերածել. Փաշինյան

Բառացիորեն մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիևը կոշտ հարցազրույց էր տվել, որտեղ գրեթե սպառնում էր, որ Բաքուն դուրս կգա բանակցային գործընթացից։ Ալիևը խոսել է այն մասին, որ բանակցություններում գլխավոր դերը խաղում է ուժը, և հարցերի լուծման միակ ուղին ուժայինն է, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հարձակվել է ոչ թե Արցախի, այլ Տավուշի մարզի ուղղությամբ։

«Ադրբեջանի առաջնորդը երկար ժամանակ ժողովրդին խոստացել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կլուծի զինված հարձակման միջոցով։ Վերջին 10 տարիներին Ադրբեջանի կառավարությունը զինված ուժերի զարգացման պատրվակով մի քանի միլիարդ դոլար է ծախսել։ Ժամանակ առ ժամանակ Ալիևը ստիպված է լինում բացատրել, թե ինչու այդ գումարները չեն ծախսվել ժողովրդի բարեկեցության վրա, եթե հակամարտության ուժային լուծում տեղի չի ունենում»,-ասել է Փաշինյանը։

Մեկ այլ հարցազրույցում Ադրբեջանի ռազմական իշխանությունները (պաշտպանության նախարարը, - խմբ.) հայտարարել են, որ Ղարաբաղի վրա հարձակումն առայժմ անհնար է, քանի որ Պաշտպանության բանակը շփման գիծը զինել է տեսահսկման համակարգերով, որոնք արձանագրում են ադրբեջանական ԶՈՒ-ի ցանկացած տեղաշարժ:

Բացի այդ, շփման գծի մոտ կան բազմաթիվ ադրբեջանական բնակավայրեր, այդ պատճառով նրանց համար դժվար է հարձակվել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ։

«Նրանք հարձակվել են այնտեղ, որտեղ սահմանն այդքան հագեցած չէ տեսահսկման համակարգերով։ Ի դեպ, այդ ուղղությամբ միայն մեկ ադրբեջանական գյուղ կա, իսկ հայկական գյուղերը շատ-շատ են։ Ես կարծում եմ՝ հենց դրանով է բացատրվում, թե ինչու է հարձակումը տեղի ունեցել այդ ուղղությամբ»,–նշել է վարչապետը։

Փաշինյանը շեշտել է, որ մի քանի անգամ հրապարակայնորեն և աշխատանքային միջավայրում Ալիևին խորհուրդ է տվել չխոսել սպառնալիքների լեզվով, քանի որ դա որևէ արդյունք չի տա: Բայց Ադրբեջանի նախագահի գիծը հետևյալն էր` Բաքուն հզոր բանակ ունի, և երբ պետք լինի՝ 24 ժամվա ընթացքում նա կլուծի Ղարաբաղյան հակամարտության հարցը։

Ապրել ենք ուզում, բայց չեն թողնում. կյանքը Ադրբեջանին սահմանակից գյուղերում. լուսանկարներ

Այս լեգենդը, վարչապետի խոսքով, գոյություն ունի արդեն 15 տարի շարունակ։ Ադրբեջանական իշխանությունների նյարդային արձագանքը վերջին իրադարձություններին պայմանավորված է նրանով, որ այդ միֆը ցրվել է։

«Հայաստանի զինված ուժերն այնպիսի հակահարված տվեցին, որ ոչ ոք չէր սպասում։ Անգամ Հայաստանում։ Պարզվեց, որ վերջին երկու տարիներին երկրում և, մասնավորապես, Զինված ուժերում տեղի ունեցած բարեփոխումները շատ արդյունավետ են եղել»,-նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հուլիսի 27–ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայկական կողմը ևս մեկ զոհ տվեց` պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (209)

Ըստ թեմայի

Ադրբեջանը 150 մլն դրամի վնաս է հասցրել Տավուշի մարզին
Տավուշում դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալի ճանապարհին. ՔԿ
Տավուշյան էսկալացիայից հետո. ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան հիմա զորավարժություններ սկսում
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Տավուշ, Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ