17:29 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1238 0 0

Կանադահայը հինգ ամիս շարունակ բնակչության ամենաաղքատ շերտերին սննդով ապահովելու բարեգործական նախագիծ է առաջարկում իշխանություններին։

Sputnik Արմենիա գործակալությանն է դիմել սփյուռքահայ Մայքլ Ավետիքյանը, որն արդեն մի քանի ամիս է` կարիքավորների համար հիմնադրամի ստեղծման նախագիծ է առաջարկում իշխանությանը։ Չնայած նախագծի բարձր գնահատականին՝ այն շարունակում են անտեսել։

Ավետիքյանը կանադահայ է, կովբոյական հրաձգության մեջ (հրաձգային սպորտի տեսակ․ խմբ) լավագույններից մեկը աշխարհում։ Հանդես է գալիս Կանադայի անունից, բայց միշտ իր մոտ է պահում հայկական եռագույնը։ 2013-2014 թվականին նույնիսկ աշխարհի չեմպիոն է դարձել։

Բացի այդ, նաև բարեգործությամբ է զբաղվում։ Վերջին 17 տարիների ընթացքում Ավետիքյանը մշտապես ընդգրկված է տարբեր նախագծերում, հիմնադրամներում, մարաթոններ է կազմակերպում։

Մարտին Մայքլը կնոջ հետ Հայաստան է եկել՝ ազգականներին այցելելու, բայց համավարակի պատճառով մնացել է այստեղ ու որոշել է ժամանակ չվատնել։

«Առաջին անգամ այսքան երկար մնալով Հայաստանում` վերլուծեցի երկրում տիրող իրավիճակն ու հասկացա, որ կարելի է օգնել բնակչությանը, որը, ցավոք, աղքատության շեմին է գտնվում։ Ելնելով իմ հարուստ փորձից՝ ցանկացա օգտակար լինել պետությանն ու կառավարությանը և «Սննդի հայկական բանկ» (Armenian Food Bank) անվճար ուտելիք բաժանելու ծրագիր իրականացնել», - Sputnik Արմենիային ասաց Ավետիքյանը։

Այդ հիմնադրամը, որը պետք է ստեղծվի պետության, հովանավորների ու սովորական մարդկանց աջակցությամբ, թույլ կտա ամեն ամիս սննդով ապահովել որոշակի մարդկանց։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ու Եվրոպայում 1960 թվականից է նման համակարգ գործում։

«Ես հեծանիվ չեմ հնարել, բայց ուզում եմ, որ այն հայկական դրոշի ներքո երթևեկի։ Բաժանմունքները կբացվեն մեր երկրի հինգ քաղաքներում և կսպասարկեն նաև մոտակա բնակավայրերը», - ասաց Ավետիքյանը։

Ընդ որում՝ եթե սկզբնական փուլում նախագիծն իրականացվելու է աշխարհում նման ծրագրերով տոննաներով մթերք բաժանող ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) աջակցությամբ ու կառավարության միջոցներով, ապա հետո բյուջեի բեռնվածությունը կնվազի կամ կվերանա։

Ավետիքյանի խոսքով՝ հասարակ սփյուռքահայերը պատրաստ են գումար տրամադրել նման նախագծի համար։ Արևմտյան երկրների բնակիչների համար դա սովորական պրակտիկա է։ Բացի այդ, եթե նախագիծը բյուջեի հաշվին է մեկնարկելու, ապա 6-8 ամիս անց հովանավորների ու արտասահմանյան ֆինանսավորման հաշվին լիովին ինքնապահովվելու է:

Ավելին, նրա կարծիքով, Հայաստանի խոշոր ընկերություններ էլ կաջակցեն նախաձեռնությանը, քանի որ այդ դեպքում հարկային արտոնություններ կստանան։

Ցավոք, Ավետիսյանի խոսքով, իշխանությունը չի ողջունել իր առաջարկությունը։ Նրան ուղարկել են մի ատյանից մյուսը, այդ թվում՝ չգիտես ինչու, նաև Արարատի մարզպետարան։

Ի վերջո նրան ընդունել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Պարզվել է, որ նման նախագիծ պետք է մեկնարկեր դեռ 2019 թվականի հունիսին՝ նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով։ Գերատեսչությունում ասել են, որ վարչապետն արդեն վաղուց «կանաչ լույս» է տվել այդ նախագծին։

«Պարզվեց` իմ առաջարկած ծրագիրը շատ նման է այն նախագծին, որը պետք է դեռ մեկ տարի առաջ ստեղծած լինեին։ Բայց, ցավոք, դա ոչ ոք չի արել։ Ու այստեղ տեղի ունեցավ հինգ ամսվա ընթացքում ամենատհաճ անակնկալը։ Մարդիկ հասկացան, որ կա մի մարդ, որը կարող է օգնել, կարող է ստեղծել ու աշխատեցնել ու, միևնույնն է, անտեսեցին ինձ», - ասաց Ավետիքյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նա նախագիծը քննարկել է փոխնախարար Ռուբեն Սարգսյանի ու այդ ծրագրի մեկնարկի համար պատասխանատու պաշտոնյայի հետ, ներկայացրել է ֆինանսական մասի, լոգիստիկայի մանրամասներն ու բիզնես պլանը։

Ավետիքյանի խոսքով՝ ինքն ուղղել է նախարարության ծրագրի սխալներն ու իր ծրագիրը ինտեգրել իշխանության ծրագրին։

«Ես արեցի այն ամենը, ինչը նրանք մեկ տարվա մեջ չեն արել, այդ թվում՝ լոգոն։ Նույնիսկ Փաշինյանի խոսքն եմ գրել։ Նրանք ամեն ինչ վերցրին ինձանից ու ասացին, որ մի երկու օրից կսկսեն աշխատել ինձ հետ։ Մեկ ամիս է անցել, այդ ընթացքում ես կարող էի 5 գրասենյակ բացել ամբողջ երկրում, բայց ոչ ոք չի զանգել»,– նշեց Ավետիքյանը։

Նա դիմել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմին, խոստացել են աջակցել ծրագրի մեկնարկից հետո։

Այդ նախագիծը ենթադրում է պարենային պաշարի ստեղծում, այդ պատճառով ռազմավարական կարևորություն ունի։ Ավետիքյանը վստահ է, որ համավարակի պայմաններում այն պետք է հնարավորինս արագ աշխատեցնել։

«Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը կիմանա դրա մասին, ու ամեն ինչ կաշխատի։ Հակառակ դեպքում կստացվի, որ բոլորին ամեն ինչ դուր է գալիս, բայց ոչ ոք ոչինչ չի ուզում անել։ Նման անփութությունն անթույլատրելի է», - ասաց Ավետիքյանը։

Sputnik Արմենիան կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանի հետ, որը հաստատեց Ավետիքյանի հետ հանդիպելու փաստը։ Սարգսյանը նշեց, որ նախարարությունը կարևորում է նրա փորձն ու մոտեցումները։

«Մենք հանդիպեցինք, խոսեցինք, քննարկեցինք։ Պայմանավորվեցինք, որ երկու օրից կապ կհաստատենք նրա հետ։ Իմ օգնականը երկու անգամ փորձել է կապ հաստատել նրա հետ, պետք է ևս մեկ անգամ փորձի», - ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են։ Նման գաղափար արդեն եղել է, սակայն հաշվի առնելով Ավետիքյանի մեծ փորձը` նրա կարծիքը շատ կարևոր է։

Փոխնախարարը չկարողացավ ներկայացնել ծրագրի ընթացքի մանրամասները` նշելով, որ իր ղեկավարման ոլորտը փոխվել է։ Սակայն հավելեց, որ նախագիծը առաջնայիններից մեկն է եղել։

Ավետիքյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ բոլոր կոնտակտները թողել է (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ) նախարարությունում։ Ավելին՝ նրանք փոխնախարարի հետ ընկերներ են Facebook-ում, այդ պատճառով, ըստ նրա, այդ արդարացումը անհեթեթ է թվում։

Ավետիքյանի խոսքով՝ գործն առաջ կգնա, եթե դրա մասին իմանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կանադահայը կշարունակի փորձեր ձեռնարկել վարչապետի հետ հանդիպելու համար։

Ըստ թեմայի

Դժվար է, բայց հնարավոր. ինչպես հայ ամուսինները կարողացան չկորցնել մոսկովյան բիզնեսը
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում
Շունչ քաշեցի՞ր, գնացինք առաջ. ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը բիզնեսի զարգացման համար
թեգերը:
սփյուռքահայ, Հայաստան

Գլխավոր թեմաներ