14:27 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
336 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ այս պահին Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» թեմայով գիտաժողովը։

«Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր է, քանի որ այն կնքվել է Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում:

Վարչապետն ասել է, որ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը. ՀՀ հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Այսինքն` պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետությունների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում։

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

Բացի այդ, ըստ Փաշինյանի, Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ:

«Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել «Հայկական հարցը»: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում Ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար»,–նշել է Փաշինյանը։

Նա իր խոսքն ամփոփել է` ասելով, թե չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, սակայն այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին:

Հիշեցնենք, որ Սևրի հաշտության պայմանագիրն ստորագրվել է 1920 թ-ի օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում: Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին) և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

Ըստ թեմայի

Անկախ Քրդստանը կկարողանա՞ վերականգնել Սևրի պայմանագիրը
Ինչպես սասունցի Բեհչեթը դարձավ Կարոտ․ Արևմտյան Հայաստանում ապրող ու աշխատող հայ լրագրողը
Ինչպես Ուդի Երվանդը ԱՄՆ-ից վերադարձավ ու սկսեց հայկական երգը տարածել Արևմտյան Հայաստանում
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
թեգերը:
ԱՄՆ, Թուրքիա, Հայաստան, ուղերձ, Սևրի պայմանագիր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ