09:42 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
,
40201

Իշխանությունները մի քանի անգամ պահանջեցին վերանայել հանքի բնապահպանական եզրակացությունները, իսկ հետո դադարեցին խոսել այդ թեմայով։ Հանքը շահագործող ընկերությանն ու ակտիվիստներին թողեցին, որ ինքնուրույն որոշեն, թե ով մյուսից ավելի երկար կմնա տեղում։

Ամուլսարի հանքի հարցը վերջին օրերին կրկին քննարկման թեմա է դարձել։ Ընդ որում` հետաքրքրական է, որ Հայաստանի հարավում գտնվող, երկրում ոսկու պաշարներով երկրորդ ոսկու հանքավայրի շահագործման շուրջ վեճերը վերսկսվեցին ուղիղ մեկ տարի անց։

Ամուլսարի հանքը տեղակայված է Ջերմուկ քաղաքից և Կեչուտի ջրամբարից մոտ 10 կմ հեռու։ Ջրամբարը կապված է Սևանա լճի հետ։ Այդ պատճառով էլ ակտիվիստները բողոքում են հանքի շահագործման դեմ` համարելով, որ արդյունաբերական թափոնները կհայտնվեն նշված ջրամբարների ավազաններում և իսկական բնապահպանական աղետ կդառնան երկրի համար։

2018թ․-ի «թավշյա հեղափոխությունից» հետո հանքի ճանապարհները փակել էին ցուցարարները, որոնցից շատերն աջակցում էին իշխանափոխությանը և ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 2019թ․-ին լիբանանյան «Էլարդ» ընկերությունը կատարեց հանքավայրի ազդեցության փորձաքննություն: Ստուգման արդյունքները, որոնք հրապարակվեցին 2019թ․-ի օգոստոսին, արձանագրեցին, որ բոլոր ռիսկերը կառավարելի են։

Սակայն այդ հանգամանքը չհամոզեց բողոքողներին, նրանք շարունակում են ընդդիմանալ հանքավայրի շահագործմանը, ինչը, բնապահպանների խոսքով և կարծիքով, կարող է աղետի հանգեցնել Սևանա լճի ավազանում և ոչնչացնել Ջերմուկ հանգստավայր-քաղաքը։ Խնդիրը մինչ օրս կախված է օդում։

Օրերս հանքավայրի մոտակայքում ցույցերը վերսկսվեցին, երբ «Լիդիանը» հանք տանող ճանապարհից հեռացրեց ակտիվիստների վագոն–տնակները և տեղադրեց պահնորդներինը։ Ակտիվիստները պահանջեցին ապամոնտաժել ընկերության վագոններն ու լուծել Ամուլսարի հանքավայրի նոր պահպանության հարցը և, որ ամենակարևորն է, որոշել հանքի հետագա ճակատագիրը: Ոստիկանների հետ բախումներ եղան, ոմանք բերման ենթարկվեցին, իսկ ակտիվիստներից մեկի ոտքն անգամ ճզմվեց ոստիկանական մեքենայի անիվների տակ։

Իշխանությունները ռազմավարություն չունեն

Իշխանությունը և անձամբ վարչապետը Ամուլսարի շուրջ ծավալված նոր իրադարձությունները որևէ կերպ չեն մեկնաբանել, ինչը, ինչպես երևում է, բավականին նյարդայնացնում է թե՛ ակտիվիստներին, թե՛ նրանց ընդդիմախոսներին։ Փորձագետները սա բացատրում են իշխանության հստակ ռազմավարության բացակայությամբ։

Մինչդեռ սա այն խնդիրն է, որում միահյուսվել են տնտեսությունը, քաղաքականությունը, իրավական բաղադրիչը և երկրի կենսագործունեության բազմաթիվ այլ կողմեր։ Ցրել ցուցարարներին՝ կնշանակի նոր հակառակորդներ ձեռք բերել և ավելացնել լարվածությունը։ Բացի այդ, չի բացառվում, որ իշխանություններն իրենք էլ դեռ չգիտեն՝ հանքն իրականում վտանգավոր է, թե ոչ։

Իսկ հանքավայրի շահագործման արգելքը հղի է միջազգային դատական ատյաններ ուղարկվելիք հայցերով, որի դեպքում իշխանության համար բարենպաստ ելքն ամենևին երաշխավորված չէ ։ Բացի այդ, տնտեսական նահանջի և կորոնավիրուսի համավարակի պայմաններում նոր ներդրումների և բյուջե մուտք գործող նոր հարկերի հոսքը խիստ անհրաժեշտ է։ Եվ հիմա ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է քանդել հակասությունների այս խրթին կծիկը։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ լռում են։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով՝ հետհեղափոխական կառավարությունը երկու տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ձևավորվել արդյունավետ համակարգ, որը կարողանար բոլոր ռիսկերը հաշվի առնելով` որոշում ընդունել որևէ սկզբունքային հարցում։

Եվ որ Ամուլսարի խնդիրը մինչ օրս լուծված չէ և հանգեցրել է նոր դիմակայության՝ հենց նման համակարգի բացակայության հետևանքն է։ Ամուլսարն ինքնին բազմաշերտ խնդիր է` կապված թե՛ ներդրումների, թե՛ քաղաքացիական հասարակություն–իշխանություն հարաբերությունների, թե՛ հեղափոխությունից առաջ և հետհեղափոխական Հայաստանի հարաբերության հետ։ Խնդիրը դարձել է որոշումների կայացման հին ու նոր սխեմաների հակամարտության թատերաբեմ:

«Նիկոլ Փաշինյանն ըստ էության մանևրում է և չի ցանկանում նեղացնել ո՛չ «Լիդիան Արմենիային», ո՛չ էլ ջերմուկցիներին ու բնապահպաններին։ Եթե հետհեղափոխական էյֆորիան առաջին տարում թույլ էր տալիս խուսանավել խնդրից, ապա հիմա արդեն նման իրավիճակ չկա, քանզի երկու կողմերն էլ առաջ են քաշում կոնկրետ պահանջներ և նրանց գործողությունների պարագայում կառավարության հապաղումը կարող է հանգեցնել մեծ ու փոքր ճգնաժամերի կամ ֆորսմաժորային իրավիճակների։ Պատասխանատուն միանշանակ կառավարությունն է, քանզի երկու տարվա մեջ պետք է որոշեր շահագործե՞լ հանքը, թե՞ ոչ, և հիմա մոտ ենք մի իրավիճակի, երբ գործընթացը նույնիսկ կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սուրենյանցը։

Խնդիրն է՛լ ավելի է խորանում այն պատճառով, որ հաճախ ցուցարար-ակտիվիստների մեջ դժվար է տարբերել երկրի ճակատագրով իսկապես մտահոգված մարդկանց ցուցարարների մեկ այլ տեսակից, որոնք փորձում են ձեռքերը տաքացնել այս կրակի վրա և քաղաքական միավորներ շահել, հաճախ նաև ոչ առանց արտաքին ֆինանսական սնուցման։ Սուրենյանցի խոսքով՝ ուժերի և խմբերի այս ամբողջ խառնակույտից կարելի էր խուսափել, եթե իշխանությունները ժամանակին անկեղծ երկխոսություն սկսեին բոլոր իսկապես մտահոգ կողմերի հետ։ Միայն այդպես հնարավոր կլիներ կանխել Ամուլսարի շուրջ բոլոր քաղաքական շահարկումները։

Սուրենյանցը կարծում է, որ իշխանությունները հիմա հույս ունեն, որ ճգնաժամի ձգձգումը կհյուծի կողմերից մեկին՝ կա՛մ «Լիդիանին», կա՛մ ակտիվիստներին։ Եվ այդպիսով էլ խնդիրը կլուծվի։ Դա միակ տարբերակն է, որով կարելի է բացատրել ներկայիս իներտությունը։

Ինչպես արդեն նշվեց, Ամուլսարի խնդիրն ունի նաև բնապահպանական բաղկացուցիչ, որը նույնպես խիստ անհանգստացնում է երկրի ղեկավարությանը։

Լվա ոսկին, լվա մեքենան, լվա վարունգը

2011 թ․-ին, երբ Lydian-ը դեռ երկրաբանահետախուզական փուլում էր, ընկերության այն ժամանակվա ղեկավարները հաշվարկել էին, որ արդյունահանման անցնելով` ընկերությունը կարող է հայտնվել Հայաստանի խոշորագույն հարկատուների տասնյակում։

Հաշվարկն արվել էր այն հիմքով, թե տարեկան որքան ոսկի է արդյունահանվելու և որքան մաքուր շահույթ է ստանալու ընկերությունը։ Դա դժվար է հաշվարկել (շահույթը իմանալու համար պետք է իմանալ ծախսերը, իսկ դրանք հանքարդյունաբերության մեջ կախված են արտադրական բազմաթիվ նրբություններից) ։

Այնուամենայնիվ, հանքի դրամական շրջանառությունը կարելի է մոտավորապես գնահատել։ 2012թ․-ին ստացված հանքարդյունաբերական լիցենզիայի համաձայն՝ ընկերությունը պետք է տարեկան 2 միլիոն 600 հազար տոննա հանքանյութ մշակեր, որում ոսկու միջին բաղադրությունը 0,93 գրամ/տոննա է, արծաթի բաղադրությունը՝ 3,73 գրամ/տոննա։

Խիստ մոտավոր հաշվարկներով՝ 2019թ․-ին ընկերությունը կարող էր 101 միլիոն դոլարի ոսկի արդյունահանել և ավելի քան 4 միլոն դոլարի արծաթ (եթե, կրկին խիստ մոտավոր, հիմնվենք 2019թ․-ին Լոնդոնի բորսայում ոսկու արժեքի վրա՝ մեկ ունցիայի համար 1 300 դոլար)։

Ընկերությունը կստանար 2,4 տոննա (մոտ 78 հազար ունցիա) ոսկի և մոտ 9,7 տոննա արծաթ։

Բնականաբար, այդ գումարների մի մասը մնալու էր Հայաստանում՝ աշխատակիցների աշխատավարձերի տեսքով։ Բուն ընկերությունում պետք է աշխատեր ավելի քան 460 մարդ՝ հազար դոլարից բարձր միջին աշխատավարձով, իսկ սպասարկող ձեռնարկություններում՝ ևս ավելի քան հազար մարդ (թեկուզ և մի փոքր ավելի ցածր աշխատավարձով)։ Այդ ձեռնարկություններն իրենց հերթին աշխատանքի համար նյութեր ու սարքավորումներ կգնեին։

Տնտեսության եկամուտը հանքից կախված կլիներ նաև այն բանից, թե որտեղ կվերամշակվեր հանքաքարը՝ արտասահմանում, թե այստեղ՝ Արարատի ոսկու կորզման գործարանում։ Այսպես թե այնպես, երկու դեպքում էլ ոսկու արժեքի մոտ 90%-ը կմնար երկրում։ Ոսկու վերամշակման դեպքում հանրապետությունը ոսկու մեկ ունցիայի դիմաց մի քանի լրացուցիչ դոլար կստանար (մանրամասն, օրինակ, այստեղ՝ էջ 162). Բայց ավելի կարևոր է, որ լրացուցիչ հանքաքարը երկրում վերամշակելու դեպքում ոսկու կորզման գործարանում նոր աշխատատեղեր կբացվեին։

Բացի այդ, եթե երկրում շատ կիսաֆաբրիկատներ կուտակվեին, ապա կարելի էր մաքուր ոսկու ձուլման գործարան բացել: Համենայն դեպս, նման գործարան կառուցելու և նույնիսկ բանկային ձուլակտորներ ձուլելու ծրագրերի մասին մի քանի անգամ հայտարարել է շվեյցարահայ միլիոնատեր Վարդան Սրմաքեշը։

Թե ինչու այս բոլոր ծրագրերը կանգ առան՝ Ամուլսարի՞, թե՞ որևէ այլ պատճառով, հայտնի չէ։

Իսկ աշխատանք չկա

«Լիդիանը» դեռևս պահպանում է իր աշխատատեղերը Երևանում, բայց գյուղերում ամբողջովին փակել է։ Միայն Գորայք գյուղում երկրաբանական նմուշների պահեստի պահակն է մնացել։

Այստեղ բազմաթիվ արոտավայրեր կան, բայց անասնապահության պայմանները դժվար են՝ գյուղը բարձրլեռնային է։ Ուստի, երբ հանքը փակվեց, շատերը նորից մեկնեցին արտագնա աշխատանքի։

«Ոմանք Երևանում վարձով են ապրում, ոմանք էլ Ռուսաստան են գնացել։ Այս տարի էլ մինչև հիմա չեն կարողանում տուն վերադառնալ՝ վարակի պատճառով»,- ասում է Գորայքի նախկին գյուղապետ, գյուղը երկար տարիներ ղեկավարած Առուստամ Առուստամյանը։

«Մեզ մոտ մի քիչ ավելի հեշտ է։ Ինչ-որ մեկը Երևան է գնացել, ոմանք՝ Աբովյան, բայց գոնե Հայաստանում են մնացել, արտերկիր չեն մեկնել»,-ավելացնում է Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը։

Ոմանք գյուղերում են մնացել այն բանից հետո, երբ ընկերությունը նրանց աջակցություն է տրամադրել փոքր բիզնես բացելու համար։ Մեկը ավտոտեխսպասարկման արհեստանոց է բացել, մյուսը՝ ինքնասպասարկվող ավտոլվացման կետ (որը ժողովրդի մեջ անվանում են «լվա ինքդ»), մի քանիսն էլ փոքր գյուղատնտեսական մեքենաներ են գնել կամ պոլիէթիլենային ջերմոցներ են կառուցել։

Ամենաշատ ցուցարարներ կան մեկ այլ մերձակա գյուղից՝ Գնդեվազից (Ջերմուկից ոչ հեռու), որտեղ գործազրկությունն այդքան մեծ խնդիր չէ։ Բացի այդ, հանքի բացմանը դեմ էր հանդես գալիս գործարար, Ջերմուկի հանքային ջրի գործարանի սեփականատեր Աշոտ Արսենյանը. հանքում բանվորներին ավելի շատ էին վճարում, քան իր գործարանում։

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Տորոնտոյի ֆոնդային բորսան (որտեղ շրջանառվում են հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը) դադարեցրեց Lydian-ի բաժնետոմսերի վաճառքը: Ընկերությունը մի քանի անգամ հայտարարեց, որ նման պատային իրավիճակի պատճառով զգալի կորուստներ է կրում իր բաժնետերերի առջև. ընկերության բաժնետոմսերի գնանշումները բորսայում շարունակաբար նվազել են, ինչն էլ հաստատում են բորսային գնանշումները:

Այնպես որ «ուժասպառ անելու» վարկածն այնքան էլ անիրատեսական չի թվում։ Ակտիվիստները կորցնելու բան չունեն․ նրանք բաժնետերեր չունեն։ Իսկ ահա ընկերության, այն էլ՝ նման խոշոր նախագիծ ունեցող ընկերության համար ժամանակը փող է։

Ըստ թեմայի

Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները
Փաշինյանը մանևրում է` չցանկանալով նեղացնել ո՛չ «Լիդիանին», ո՛չ ջերմուկցիներին. Սուրենյանց
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին
թեգերը:
հանք, Լիդիան, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ